Ծառը պտղից է ճանաչվում. Գյումրեցի մտավորական-ակտիվիստը շարժմանը միացած քաղաքական ուժերի մասին

Ծառը պտղից է ճանաչվում. Գյումրեցի մտավորական-ակտիվիստը շարժմանը միացած քաղաքական ուժերի մասին
«Այսօր արդեն երկու օրակարգ ունենք՝ Նիկոլ վարչապետ եւ ՀՀԿ-ի հեռացում: Շարժման սկզբում բոլորիս մոտ էլ տարակուսանք կար, ոչ թե պրոցեսի, այլ անձերի նկատմամբ, բայց երբ տեսանք, որ անձերը վճռական են եւ վստահություն ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, մարդիկ սկսեցին ավելի ինտեսնսիվ միանալ շարժմանը: Հիմնական դժվարությունը, բացի պետական բռնաճնշումներից, նաև հոգեբանությունն էր, որ յուրաքանչյուրը հաղթահարեց իր մեջ եւ հավատաց գործընթացին: Հայաստանում հիմա ճնշող մասը հավատում է այս գործընթացին»,- լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ասում է Գյումրիում պայքարի առաջնորդ, դասախոս, ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:



Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը միացած անաղարտ կենսագրությամբ չփայլող քաղաքական գործիչներին եւ ուժերին՝ ակտիվիստը նշում է. «Աստվածաշունչը շատ իմաստուն խոսք ունի՝ ծառը պտղից է ճանաչվում: Բնակչությունը տեսավ, որ Գյումրիում գործընթացն ինչպես ձևավորվեց, մեր փայլուն երիտասարդներն ինչ դեր ունեցան, եւ ինչ ազդեցության տակ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Ամեն մեկը իր ներսում պետք է վերլուծի՝ որևէ քաղաքական ուժի կամ գործիչի գործողության այս գործընթացում հետ կամ առաջ լինելը: Պատմությունը ցույց է տվել, որ պատեհապաշտությունը նոր երևույթ չէ, եւ հիմա էլ քաղաքականության մեջ ամեն մեկը փորձելու է դիվիդենտ վաստակել: Ես սա նորմալ եմ համարում, ուղղակի ուզում եմ կոչով դիմել մեր ազգաբնակչությանը, որ նման երևույթները ըմբոստության կամ հիասթափության առիթ չպետք է տան: Նույնիսկ այս պարագայում պետք է շարունակենք միասնական բոյկոտել»: