Ինչպես հատել 4 միլիոնի սահմանագիծը

Ինչպես հատել 4 միլիոնի սահմանագիծը
Նախորդ դարի վաթսունականներին, երբ սովետական իրականությունում սկսեցին կիբեռնետիկային ճանապարհ տալ, տարածված էր մի անեկդոտ: Որդին գյուղից մեկնում է քաղաք՝ սովորելու, եւ երբ ավարտելուց հետո վերադառնում է տուն, հայրը հարցնում է, թե.



- Այ բալա, այսքան տարի տնից-տեղից կտրվեցիր, վերջն ի՞նչ սովորեցիր:



- Դե, այ հեր, կիբեռնետիկայի գծով եմ սովորել:



- Դա ի՞նչ է:



- Օրինակ՝ գիտե՞ս 1+1 ինչի է հավասար:



- Երկու:



- Տեսնո՞ւմ ես, որ քո գիտելիքները հնացած են: Դե հիմա տես…



Եվ տղան, թուղթ ու գրիչ վերցնելով, գրում է 1+1=, եւ բարդ մաթեմատիկական բանաձեւերի կիրառմամբ սկսում է լցնել տետրի էջերը: Վերջում ստանում է =3:



- Տերդ մեռնի, գիտություն,- գլուխը քորելով՝ մտմտում է հայրը եւ, շուռ գալով, ձայն է տալիս կնոջը․



- Այ կնիկ, երկու հատ հավ մորթիր եւ եփիր:



Երբ նստում են հաց ուտելու, հայրը հարցնում է որդուն.



- Մենք քանի՞ հոգի ենք:



- Երեք:



- Սա՝ մի հավ, էս քեզ, կնիկ ջան, սա էլ՝ ինձ, իսկ դու էլ, տղա ջան, կեր քո հաշված երրորդ հավը:



Դա եղել է նախորդ դարում, իսկ դրանից հետո կիբեռնետիկան թռիչքաձեւ զարգացել է: Եվ, լսելով նախկին նախագահին, այսօր արդեն՝ վարչապետին եւ նրա արհեստավարժ թիմակիցներին, հասկանում ենք, թե ինչքան ենք հետ մնացել: Ազգովի խոշորացույցը վերցրած՝ կերած-խմած տղերքի ներկայացրած տարաբնույթ աճի ցուցանիշների մեջ ման ենք գալիս մեր «երրորդ հավը» եւ ոչ մի կերպ չենք կարողանում գտնել: Տանն էլ քունջուպուճախ չենք թողել փնտրելով: Չգտնելով` դուրս ենք եկել, փողոցներում ենք ման գալիս, այն էլ չեն թողնում: Կարող է վախենում են, որ իրենց հավանոցները կմտնենք: Չէ, տղերք ջան, մենք ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենք, մենք ուզում ենք մեր փողերով կրթություն ստացած մեր զավակների աշխատանքի արդյունքը գտնել: Ախր, նրանց մոտ էլ է թղթով ամեն ինչ կարգին:



Ընկել եմ «Հառաչանք»-ի ծերունու օրը եւ, մտմտալով, ամեն երեկո կոճղը դնում եմ կրակին ու կողքին թիկն տալով՝ ամբողջ գիշեր խոսում ինքզինքս: Շրջապատումս ընտանիք չկա, որ ցրիվ եկած չլինի աշխարհքով մեկ: Այդ ինչպե՞ս պետք է անենք, որ մինչեւ քառասուն թվականը դառնանք չորս միլիոն: Ախր, դպրոցում վատ չեմ սովորել, մանավանդ՝ թվաբանությունը: Ուսուցիչներին հույսեր եմ ներշնչել: Նույնիսկ բացասական թվերին եմ տիրապետել: Մինչեւ քառասուն թվականը բան չմնաց` 2040-2018=22, այսինքն՝ քսաներկու կարճլիկ տարի: Եթե ընդունենք, որ տարեկան Հայաստանի բնակչության թիվը պակասում է գոնե մեկ մարդով, այսինքն՝ դառնում է -1, ապա քսաներկու տարում կդառնա եղածին գումարած (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)+ (-1)= (-22)։ Բայց, ըստ իմ իմացած մաթեմատիկայի, այս դեպքում կարող ենք փակագծերը չգրել եւ ստանալ -22: Մեղա քեզ, տեր Աստված, ոնց որ խիյարը էլի թարս աճեց: Ի՞նչ, ուրեմն պակասելո՞ւ ենք: Ո՞նց կլինի: Չէ, ախր պետք է ավելանայինք:



Մտախոհ սկսում եմ գլուխս նորից քորել: Եվ հանկարծ միտքս փայլատակում է եւ պայծառանում: Չէ՞ որ հիմիկվա Սերժ Ազատի Սարգսյանը նախկին անհատ Սերժ Ազատի Սարգսյանը չէ եւ ոչ էլ նախկին նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն է: Օգտվելով դարի նվաճումներից՝ Հայաստանից հեռացածների ցուցակում փնտրում եմ Սերժ Ազատի Սարգսյանին եւ չեմ գտնում: Ուրեմն նա այստեղ է: Ուրեմն նա դարձել է երկու, բայց չէ՞ որ ունենք նաեւ լրիվ նոր Սերժ Ազատի Սարգսյան՝ ի դեմս Հանրապետական կուսակցության միակ եւ անփոխարինելի վարչապետ Սերժ Ազատի Սարգսյանի, որը մյուսների հետ կապ չունի: Ուրեմն նա դարձել է երեք հոգի եւ դա ընդամենը տասը տարում: Եթե նա դարձել է, ուրեմն մենք էլ ենք դարձել: Փաստորեն, եթե 2008 թվականին մենք եղել ենք երկու միլիոնից ավել, ուրեմն հիմա վեց միլիոնից ավել ենք: Բա էլ ինչո՞ւ եմ վախենում, չորս միլիոն հաստատ կմնանք, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մինչեւ այդ երկվելու, եռվելու առիթներ դեռ լինելու են ու լինելու` դեռ քանի ընտրություններ կան առջեւում: Առավոտյան մտնելով խորդանոց՝ պատին դեմ տված երկու բահից կարողանում եմ վերցնել միայն մեկն ու շփոթահար մտնում եմ այգի: Չէ, թոռներիս չեմ թողնելու, որ սովորելու գնան:



Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ