Միջազգային մամուլն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին

Միջազգային մամուլն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին
Ռուսական մամուլը շարունակում է ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներին եւ մասնավորապես` ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների ազատ արձակմանը եւ Հայաստանի արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:



RIA Novosti, TACC Interfax Gazeta Life Lenta պարբերականները առանձին հաղորդագրություններով կամ օնլայն ռեպորտաժների ռեժիմով անդրադարձել են տեղի այսօրվա զարգացումներին: Այս ֆոնին ուշագրավ է ՌԴ ԱԳ նախարարության կոչը ուղղված ռուսաստանցիներին` զերծ մնալ Երեւանում եւ Հայաստանի այլ բնակավայրերում մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից:



Հրապարակումներում նաեւ համառոտ անդրադարձներ կան վերջին տասը օրերի զարգացումներին:



Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ ռուսական օնլայն մամուլը արձանագրել էր, որ Երեւանում ցուցարարների թիվն անցել է հարյուր վաթսուն հազարից: tvrain-ը, rosbalt-ը, rbc-ն եւ մյուս քիչ թե շատ անկախ ռուսական պարբերականները կատարվածը ներկայացրել են որպես համաժողովրդական ընդվզման հաղթանակ իրենց հաղորդագրություններում՝ շեշտելով հենց այդ հանգամանքը, ի տարբերություն կրեմլյան եւ մերձկրեմլյան լրատվամիջոցներից, որոնք այս դեպքում բավարարվում են չոր փաստի արձանագրմամբ:



Գերմանական dw-ն նույնպես անդրադարձել է Հայաստանի վարչապետի հրաժարականի թեմային՝ համառոտ անդրադառնալով նաեւ բողոքի ցույցերի տասը օրերի ժամանակագրություններին, իսկ bbc-ն էլ գրել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել՝ տեղի տալով բողոքի բազմահազարանոց ցույցերին:



Ֆրանսիական AFP-ն էլ իր անդրադարձում շեշտել է Սերժ Սարգսյանի խոսքում տեղ գտած այն արտահայտությունը, որով ՀՀ այժմ արդեն նախկին վարչապետը խոստովանել է, որ ինքը «սխալվել էր»:



Վրացական մամուլից gruzia online-ը անդրադարձել է նախ այն հանգամանքին, որ հայ-վրացական սահմանային անցակետերը աշխատում են սովորական ընթացիկ գրաֆիկով, ապա արդեն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների ազատ արձակմանը, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականին: Ընդդիմադիրների բազմահազարանոց ցույցերին տեղի տալով հրաժարական տալու շեշտադրությամբ է անդրադարձել Հայաստանի վերջին զարգացումներին արաբական Al-Jazeera-ն եւ reuters-ը: