250 մլն դրամ՝ Երեւանի գլխավոր հատակագծի նախագծահետազոտական ծախսերի համար

250 մլն դրամ՝ Երեւանի գլխավոր հատակագծի նախագծահետազոտական ծախսերի համար

«Երեւան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N 623-Ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հարցը ավագանու հունիսի 25-ի նիստին ներկայացվել է որպես չզեկուցվող: Նախագիծը գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքն է, որտեղ փոփոխություններ են արվել, այսինքն՝ ավագանին հաստատել է նոր, փոփոխված գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը՝ ներառելով այն չզեկուցվող հարցերի շարքում։ 

Մեզ փոխանցեցին, որ իրավական խախտումից բացի, այստեղ առկա է նաեւ բովանդակային աբսուրդ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ Նախագծով նախատեսվում է Երեւան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N 623-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Երեւան քաղաքի ավագանու կողմից հաստատված Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքում ներառված տեղեկությունների եւ հիմնական բնութագրիչների ցանկը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին»: 

Ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա կան խնդիրներ մի քանի մասով։ Նախ․ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եւ իրավասու պետական կառավարման մարմինների հետ։

Ինչպես նաեւ, համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 8-րդ մասի, «Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը եւ (կամ) դրանց փոփոխություններն առոչինչ են»։

Ոչ պակաս կարեւոր է հանրային իրազեկման խնդիրը։ Այսպես․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-32 կետերի համաձայն՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն ստացած նախագծման առաջադրանքը պետք է ներկայացվի Երեւան համայնքի բնակչության իրազեկմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի համաձայն՝ «Իրավասու մարմինը, ստանալով համաձայնեցված առաջադրանքի նախագիծը, բնակչությանն իրազեկելու նպատակով փակցնում է այն հայտարարությունների պատին եւ հրապարակում իր պաշտոնական կայքում, որից հետո 15 օրվա ընթացքում բնակչությունից գրավոր առարկություններ չստանալու դեպքում առաջադրանքի նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը: 

Հիմնավորված առաջարկություններ ստանալու դեպքում Իրավասու մարմինը ներառում է դրանք առաջադրանքում, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում փոփոխությունները Լիազոր մարմնի հետ, որից հետո ներկայացնում հաստատման»:

Սակայն քաղաքապետարանը նախագիծը ո՛չ ուղարկել է իրավասու պետական կառավարման մարմիններին, ո՛չ էլ հանրային իրազեկում է ապահովել, դեռ ավելին՝ չզեկուցվող հարցերի շարքում է ներառել։ 

Հետաքրքիր է, որ որոշման նախագծին դրական եզրակացություն է տվել Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։ Նա ներկայացնում է ՔՊ խմբակցությունը։ 

Ի դեպ, Ա․ Բադալյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց պատասխանել գլխավոր հատակագծին առնչվող հարցերին՝ նշելով, որ որոշ բաների հասցրել է ծանոթանալ, որոշների՝ ոչ, բայց մինչեւ հուլիսի 1-ը դեռ ժամանակ կա։ Ըստ այդմ, խոստացավ խոսել ամսի 1-ից հետո, երբ ներկայացվի հատակագիծը։  

Նշենք, որ Երեւան քաղաքի 2024-ի բյուջեով Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման վերլուծության, նախագծահետազոտական ծախսերի համար նախատեսվել է 250 մլն դրամ։ Սակայն մինչ այժմ պարզ չէ՝ գլխավոր հատակագծի մշակման հետ կապված կա՞ պայմանագիր, թե՞ ոչ, ե՞րբ եւ ո՞ւմ հետ է այդ պայմանագիրը կնքվել, մեկ աղբյուրի՞ց, թե՞ մրցույթով է անցկացվել։ Բացի այդ, ի՞նչ ժամկետներ է նախատեսում գլխավոր հատակագծի մշակումը, եւ եթե հուլիսի 1-ին օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագիծ չլինի, Երեւանում քաղաքաշինական գործունեությունը դադարելո՞ւ է, թե՞ ոչ։ Հավելենք միայն, որ գլխավոր հատակագծի փաստաթղթի հաստատումը երկար գործընթաց է, որը պետք է անցնի մի շարք գերատեսչություններով՝ նախարարություններով, իրականացվեն էքսպերտիզաներ, հանրային իրազեկումներ եւ այլն։