Ի՞նչ կասի ռուս ուղղափառ եկեղեցին

Ի՞նչ կասի ռուս ուղղափառ եկեղեցին
Այսպես կոչված «ադրբեջանցիների ցեղասպանության 100-ամյակին» ընդառաջ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի նստավայրում գումարվել է կրոնական կազմակերպությունների խորհրդաժողով, որը ընդունել է ամփոփիչ դիմում:



Փաստաթղթում, մասնավորապես, կրկնված է Իլհամ Ալիեւի թեզը, որ Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմականորեն ադրբեջանական տարածքներ են, որտեղից ադրբեջանցիները ողջ 20-րդ դարի ընթացքում հետեւողականորեն բռնատեղահանվել են, ենթարկվել էթնիկ զտումների եւ ցեղասպանության»: [Փաստաթղթի](http://minval.az/news/123776344) տակ ստորագրել է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմակալ առաջնորդ Ալեքսանդրը:



Տեղյա՞կ է Ռուս ուղղափառ եկեղեցին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրարքը, որ Բաքվի եւ Ադրբեջանի թեմակալ առաջնորդ Ալեքսանդրը նման բովանդակությամբ փաստաթուղթ է ստորագրել: Թե՞ թեմակալ առաջնորդը գործել է սեփական հայեցողությամբ: Ռուս ուղղափառ եկեղեցին հայ եւ ադրբեջանական հոգեւոր առաջնորդների մի քանի հանդիպման միջնորդ է հանդիսացել: Իսկ հիշյալ փաստաթղթի տակ նրա ներկայացուցչի ստորագրությունը հակառակն է վկայում: Հնարավոր է, Բաքվում պաշտոնավարող ռուս հոգեւորականը ստիպված է եղել գնալ այդ քայլի: Բայց տվյալ դեպքում նրա արարքի շարժառիթները մեզ չեն հետաքրքրում: Ըստ երեւույթին, հարկ է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու հետ քննարկի երեւույթը եւ հասնի նրան, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը տվյալ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտի: Հակառակ դեպքում հարկ կլինի փաստել, որ Ռուս ուղղափառ եկեղեցին սպասարկում է ադրբեջանական քարոզչության շահերը, ինչը նման հեղինակավոր կրոնական կառույցին պատիվ չի բերում: