Գողերը միշտ այնտեղ են հավաքվում, որտեղ հնարավոր է գողանալ

Գողերը միշտ այնտեղ են հավաքվում, որտեղ հնարավոր է գողանալ
Մարդկային հասարակությունը կամ առաջադեմ ու զարգացող է լինում, կամ էլ հետադեմ և դեգրադացվող, երրորդ տարբերակ գոյություն չունի: Զարգացող են այն հասարակությունները, որտեղ ստեղծվում են այնպիսի մեխանիզմներ, երբ մասսաները ղեկավարվում են հոգևոր հասունություն ունեցող, գրագետ ու կոմպետենտ մարդկանց կողմից. այդպիսի մարդիկ ստեղծագործ միտք ունեն, նյութապաշտ չեն, ու հասարակության խնդիրները չեն տարանջատում իրենց անձի խնդիրներից:



Իսկ դեգրադացվող ու մահացող հասարակություններում, ինչպիսին որ մեր հասարակությունն է, այդպիսի մարդիկ պահանջված չեն, ավելին նրանք դուրս են մղվում կյանքի բոլոր բնագավառներից, անգամ այն բնագավառներից, որտեղ կարծես թե միայն իրենք պիտի լինեին, օրինակ` գիտություն, արվեստ, գրականություն և այլն: Այդպիսի հասարակություններում իշխանությունը սպառողի հոգեկերտվածք ունեցող մարդկանց ձեռքում է, որոնք ավազակաբարո են, նյութապաշտ ու տմարդի:



Այդպիսիները բավարարվածություն են ստանում մյուսներին կեղեքելուց ու ստորացնելուց, նրանք այդ կերպ են ինքնահաստատվում: Նրանք, ըստ էության, հասարակության համար այն վարակիչ սնկերն են, որոնք հանդիսանում են այդ հասարակության մահվան պատճառը: Շատերը, օրինակ, զարմանում են, թե ինչու՞ են մեր ղեկավարները գող ու անօրեն, իսկ զարգացած երկրների ղեկավարներն այդպիսին չեն. զարմանալու ոչինչ չկա, գողերը միշտ այնտեղ են հավաքվում, որտեղ հնարավոր է գողանալ: Եթե այդ հնարավորությունը վերացվի, ապա մեր երկրում նույնպես ղեկավար պաշտոնների կնստեն այնպիսի մարդիկ, որոնք գողություն անել չգիտեն և ոչ էլ դրա ցանկությունն ունեն:



Այս ամենը տեսակների պայքար է, արարող ու ավերող տեսակների պայքար է, ու ցավոք սրտի մեզանում հաղթում է ավերող տեսակը: Եվ ամենասարսափելին այն է, որ մեր հասարակության մեջ այդ տեսակը մեծամասնություն է կազմում, ու բնականաբար այս ամենը ներքուստ իրենց դուր է գալիս, չէ՞ որ ոչ բոլորն են թունելի վերջում լույս տեսնելուց ուրախանում, օրինակ, ճիճուների համար դա մահ է նշանակում, այնպես որ իզուր ենք ճիճուների հասարակության մեջ լույսի ուղղությամբ վազում, ՆՐԱՆՔ ՄԵԶ ԴԱ ՉԵՆ ՆԵՐԻ...