Չկա ուրիշ աստված Սերժ Սարգսյանից բացի, և Շարմազանովն է առաքյալը նրա

Չկա ուրիշ աստված Սերժ Սարգսյանից բացի, և Շարմազանովն է առաքյալը նրա

Անհատի պաշտամունքը (Leaderism, Вождизм) հասարակական-քաղաքական կյանքի ամենավտանգավոր և արատավոր դրսևորումներից մեկն է։ Դա ենթադրում է պետության և մեկ անհատի նույնականացում, այսինքն՝ պետությունն ու պետական ինստիտուտները ստորադասվում են անհատի կամքին ու շահերին, իսկ հանրությունն էլ պարտադրված է ընդունել միասնության այդ ակտը։

Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում որպես կանոն պետությունն ու իշխանությունը մշտապես նույնականացվել են։ Այսինքն՝ իշխանական քարոզչամեքենան կարողացել է տիրապետող դարձնել այն մտայնությունը, թե այդ երկուսը մեկ անբողջություն են՝ անխառն ու անշփոթ, և դրանից ելնելով՝ հարվածել իշխանությանը նշանակում է նաև հարված պետությանը։ Սա իսկապես չափազանց կեղծ, բայց միևնույն ժամանակ բավականին արդյունավետ գործող թեզ է, որը գաղափարական տեսանկյունից լուրջ արգելքներ է առաջադրել իշխանության փոփոխության բնականոն գործընթացի համար։ Ամեն անգամ, երբ ժողովուրդը հակաիշխանական գործողությունների է դիմել, նրան խաղաղեցրել են պետության և Ղարաբաղի անվտանգության կեղծ պատրվակով։

Բայց հիմա պետություն-իշխանություն նույնականացման վտանգավոր թեզը աստիճանաբար փոխակերպվում է անհատ-պետություն նույնականացման շատ ավելի վտանգավոր պրակտիկայի։

Ավելի քան ակնբախ է, որ քարոզչամեքենան փորձում է Սերժ Սարգսյան գործչին միահյուսել և հավերժ կապակցել պետություն գաղափարի հետ։ Պատահական չէ, որ վերջին ժամանակներում առաջնային պլան է մղվել նրա անձի պաշտամունքը՝ համեմված անփոխարինելիության և անվտանգության երաշխավորի միֆերով։

Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանն ու մյուս հանրապետականները օր ու գիշեր ջանք չեն խնայում հիմնավորելու Սարգսյանի անսխալ առաջնորդի ու այլընտրանք չունեցող գործչի հանգամանքները՝ իբրև համայն հայության առաջնորդ, պետականության ու պետության գոյության երաշխավոր, փրկիչ, մարգարե։ Եթե մուսուլմանական դավանանքի սեղմ կրեդոն ձևափոխենք և հարմարեցնենք հայկական միջավայրին, ապա կստացվի մոտավորապես հետևյալ պատկերը․ «Չկա ուրիշ աստված Սերժ Սարգսյանից բացի, և Շարմազանովն է առաքյալը նրա» (Չկա ուրիշ աստված Ալլահից բացի, և Մուհամմադն է առաքյալը նրա)։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ անհատի պաշտամունք, ինչը չափազանց վտանգավոր երևույթ է Հայաստանի Հանրապետության համար։ Փաստորեն Սերժ Սարգսյանն ու Հայաստանը մեկն են, 1+1=1 սկզբունքով՝ մեկ կամք, մեկ գոյություն և մեկի չլինելը հավասար է մյուսի գոյության կասկածին։ Երևույթն այս անշուշտ պարարտ հող է նախապատրաստում ամբողջատիրական համակարգի ձևավորման համար, քանի որ ինքն էլ հենց իր էությամբ ամբողջատիրական է։

Բայց այս պարագայում կամքի և գոյության խնդիրը չէ միայն, այլ նաև՝ պատասխանատվության։ Այսինքն՝ պետության հետագա ճակատագիրը գտնվում է մեկ անձի պատասխանատվության ներքո, ինչն էլ ավելի խոցելի է դարձնում Հայաստանի կարգավիճակը միջազգային հարաբերություններում։ Անհատը կարող է սխալվել, մոլորվել, նրան կարող են ճնշել և սահմանափակել։ Այսինքն՝ նրա անհատական մոլորությունները ուղղակի ներգործություն են ունենում պետության վրա, քանի որ վերջինս ամբողջությամբ խարսխված է այդ անհատի վրա, և չկան նրան սահմանափակող, կաշկանդող պետական ինստիտուտներ։

Հիմա, եթե արտաքին աշխարհից ճնշումներ գործադրեն Սերժ Սարգսյանի վրա, ապա ո՞վ է նրան զերծ պահելու այդ ճնշումներից, ծաղրածուներով լցված խորհրդարա՞նը, իր իսկ կողմից կազմաքանդված ընդդիմությո՞ւնը։ Իրականում՝ ոչ ոք, քանի որ մեկ անձը կլանել է ողջ պետությունը՝ ամայացնելով ամբողջ քաղաքական համակարգը։

Անհատի պաշտամունքի բավականին զարգացած տարակերպերի մենք հանդիպել ենք Խորհրդային միությունում, Լիբիայում, Իրաքում և այլուր։ Տեսել ենք նաև, թե այդ երևույթը ինչպիիս ողբերգական հետևանքների է հասցրել պետությանն ու հանրությանը։ Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, անհատի պաշտամունքն ու ամբողջատիրական մյուս դրսևորումները դեպի ու՞ր են առաջնորդելու այս հանրույթին։

Չենք կարող չարձանագրել նաև, որ պատմության ընթացքում անհատի պաշտամունքի «գերի» դարձած գործիչները որպես կանոն շատ տխուր վերջաբան են ունեցել։ Նրանց չեզոքացումից կամ էլ մահվանից հետո պաշտամունքն այդ փոխակերպվել է դեմոնիզացիայի։ Օրինակ՝ Ստալինի մահվանից հետո, նախկինում նրա պաշտամունքով զբաղվողները սկսեցին դատապարտել անհատի պաշտամունքն ու բոլոր դժբախտությունների մեղավորությունն ամբողջապես բարդեցին հենց Ստալինի վրա, այն դեպքում, որ իրենք էլ էին եղել անմիջական մասնակիցը բոլոր հանցագործությունների։

Պարոն Սարգսյան, զգուշացեք Ձեր շուրջը խմբված մարդկանցից։