Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ՀՀԿ-ից այլ թեկնածո՞ւ է լինելու․ հարցնում է քաղաքագետը

Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ՀՀԿ-ից այլ թեկնածո՞ւ է լինելու․ հարցնում է քաղաքագետը
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, անդրադառանալով ԱԺ «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ձեռքերը ծալած չի հետեւելու Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես «Ելքը» հայտարարել են, որ դուրս կգա փողոց պայքարելու, երբ տեսնի, որ հասարակությունը պատրաստ է պայքարի։ Այսինքն՝ այդ պայմանը միշտ նշվել է։ Իսկ դա ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը թերահավատ են, որ հանրությունն այսօր պատրաստ է պայքարի եւ բավարար թվով մարդիկ կարող են ազդեցիկ եւ արդյունավետ պայքար մղել։ Այդ համոզումը, բնականաբար, օդից չէ վերցված։ Բայց շատ բան կախված է նրանից, թե հասարակական կարծիք ձեւավորող անհատներ եւ խմբեր կարծում են, թե պայքարի արդյունավետությունը պայմանավորված է հենց այդ գործոնով։ Ոչ թե քաղաքական ուժերն առանձին վերցրած, ոչ թե աբստրակտ հանրությունը, այլ հենց խմբերը։ Նրանք են որոշում՝ պայքարե՞ն, թե՞ ոչ, արդյունավետ կլինի՞ պայքարը, իրենց դիրքորոշումից է կախված շատ բան։ Մեծ չէ հավանականությունը, որ կլինի շատ հուժկու եւ արդյունավետ պայքար, բայց մյուս կողմից էլ չպետք է բացառել, որ յուրաքանչյուր պահի հանրությունը կարող է բռնկվել, յուրաքանչյուր պահի հասարակական կարծիք ձեւավորող անհատներն ու խմբերը կարող են միակարծիք լինել պայքարի անհրաժեշտության հարցում։ Բացառված չէ, որ ձեւավորվի սոցիալական շարժում, որը կունենա նպատակ՝ երկիրը դնել իրական ժողովրդավարության ռելսերի վրա, պայքարել կոռուպցիայի, իշխող քաղաքական վերնախավի դեմ»,- ասաց քաղաքագետը։



Ըստ Էդգար Վարդանյանի, այս պահին,սակայն, քաղաքական դիսկուրսում չկա հստակություն առ այն, որ եթե չլինի Սերժ Սարգսյանը, ինչ է լինելու արդյունքում, ՀՀԿ-ից այլ թեկնածո՞ւ է լինելու վարչապետ, արդյո՞ք դրան համաձայն են պայքարի կոչեր հնչեցնող քաղաքական եւ քաղաքացիական պայքարի շրջանակները, հանրությունը։



«Երբ այդ հստակությունը լինի, մարդիկ կպատկերացնեն, թե ի վերջո, ինչի համար են պայքարում»,- ասաց քաղաքագետը։



Մեր դիտարկմանը, թե դրանից չի՞ հետեւում, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ստեղծել անփոխարինելիության միֆ, քաղաքագետը արձագանքեց․ «Հանրության մեծամասնությունը չի ընդունում ներկայիս իշխող քաղաքական վերնախավին, համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, համաձայն չէ, որ իշխանություններն արդար, ժողովրդավարական գործելաոճ են որդեգրել։ Սրանք իմ գնահատականներն են, որոնք ձեւավորվել են տարբեր քաղաքացիական, հասարակական շերտերի հետ շփումների արդյունքում, հանրային կարծիքի ուսումնասիրությունից, մամուլի հրապարակումներից, ինչպես նաեւ՝ ընտրությունների պաշտոնական արդյունքներից, երբ իշխանությունները շատ մեծ դժվարությամբ են ստանում այդ ձայները։ Դա նշանակում է, որ նրանք բախվում են լուրջ դժվարությունների։ Այլ բան, որ ՀՀԿ-ի ներսում այլ պատկեր է, եւ մարդիկ իրենք իրենց համոզել են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»։