Մի փոքր էլ՝ Գորիսի մասին

Մի փոքր էլ՝ Գորիսի մասին
Ամեն անգամ Գորիսում իրականացված ու իրականացվող գործերի մասին կարդալիս հպարտություն եմ ապրում: Արդեն 16 տարի Սյունիքում ապրելով՝ ինձ համար հարազատ է դարձել Գորիսը, ու այսօր նրա ամեն մի ավելացող քարի հետ իմ սիրտն էլ է ցնծում: Բայց այդպես էլ չեմ հասկանում այն, որ ամեն անգամ լավը ներկայացնելիս անպայման պետք է ցեխ շպրտեն նախկին ղեկավարների արած աշխատանքների վրա: Այսօր Սյունիքում եւ հատկապես Գորիսում իրականացվող բազում աշխատանքներ Սուրեն Խաչատրյանի եւ Վաչագան Ադունցի օրոք մեկնարկած ծրագրերի շարունակությունն են:



Եվրոպական միության եւ «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Մաքուր դաշինք, մատչելի ծառայություններ Գորիս եւ Գորայք բազմաբնակարան համայնքներին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է մոտ 3 տարի առաջ, վերջերս Գորիս հասան նոր աղբամանները: Գորիս եւ Տեղ միջհամայնքների միավորման արդյունքում Գորիսն ունեցավ նոր աղբատար մեքենա, Խնձորեսկի նախադպրոցական հաստատության խմբասենյակների վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին եւ նմանատիպ շատ ծրագրեր, որոնք դեռ ընթացք են ստանում (ՏԿԱԻ-ի հետ իրականացված ծրագրով հզոր տեխնիկա բերվեց Գորիս, իսկ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շուտով կմեկնարկի տուրիզմի զարգացման 9 մլն դոլար արժողությամբ ծրագիրը եւ այլն): Յուրաքանչյուր աշխատանք միանգամից չի լինում: Տարիներով ընթացող ծրագրերը տեսանելի են դառնում արդեն ավարտին: Շատ ողջունելի է, որ ներկայիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հետամուտ է եւ շարունակում է ընթացք տալ այդ աշխատանքներին: Այսօր առաջնային խնդիրը բարեկարգ քաղաք ունենալն է, ոչ թե «իմ ու քո», «սրա-նրա» անելը: Գորիսը բոլորինս է, ու բոլորն են պատասխանատվություն կրում նրա համար:



**Արեւիկ ԱԲԵԼՅԱՆ**, հեռուստալրագրող