«Արմենիկում» բուժկենտրոնում ճամպրուկային տրամադրություն է

«Արմենիկում» բուժկենտրոնում ճամպրուկային տրամադրություն է
«Արմենիկում» բուժկենտրոնը մայիսի 1-ից կդադարի գործել: Կենտրոնի ղեկավարությունն աշխատակազմին արդեն ծանուցել է պայմանագրերը լուծելու մասին: «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի 1-ին մասի համաձայն, 2 ամիս առաջ տեղեկացնում ենք, որ լուծելու ենք Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»,- բուժանձնակազմին ծանուցել է «Արմենիկում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Մելքոնյանը: Հղում անելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին՝ նա տեղեկացրել է նաեւ, որ այդ քայլին գնում է աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված:



Մեր տեղեկություններով՝ շենքը, որտեղ տեղակայված է ինֆեկցիոն հիվանդանոցը, վերադարձվում է նախկին տիրոջը՝ պաշտպանության նախարարությանը: Հիշեցնենք, որ կառույցն ինֆեկցիոնիստներին էր տրամադրվել ավելի քան 20 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ: Նախկին Պնախարարի գործուն մասնակցությամբ էր, որ այդ տարիներին մեծ աղմուկ հանեց ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը բուժող «Արմենիկումը»: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, անձամբ հայտարարեց աշխարհը պատած այդ անբուժելի հիվանդության «դարմանը» գտնելու մասին, որով մենք պետք է աշխարհին զարմացնեինք ու մեր բազում հարցերը լուծեինք։ Եվ, որպեսզի այդ հիվանդությամբ ապրողները ժամանեին Հայաստան եւ բուժում ստանային մեր կլինիկայում, առանձնացվեց Շերամի փողոցի վրա գտնվող՝ ՊՆ-ին պատկանող մասնաշենքն ու տրամադրվեց բուժկենտրոնին:



Այստեղ բուժում են ստանում նաեւ վիրուսային A, B, C հեպատիտներով հիվանդներ, աղիքային եւ այլ վարակային հիվանդություններով տառապողներ, քանի որ հետագայում պարզվեց, որ «Արմենիկումը» բարձրացնում է իմունիտետը եւ նպաստում որոշ այլ հիվանդությունների բուժմանը: 2017-ին էլ «Հայաստանն առանց հեպատիտ C-ի» ծրագրով անվճար սպասարկվեցին հարյուրավոր մարդիկ:



Լուծարվո՞ւմ է արդյոք կենտրոնը, թե՞, որպես առանձին բաժանմունք, միավորվում է այլ ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, որեւէ մեկը չգիտի: Բուժանձնակազմին միայն մի բան է հայտնի՝ իրենց 2 ամիս ժամանակ են տվել, որ գլխների ճարը տեսնեն։





**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**