ՀՀԿ-ականները քծնանքի ցերեկույթ էին կազմակերպել Արմեն Սարգսյանի համար

ՀՀԿ-ականները քծնանքի ցերեկույթ էին կազմակերպել Արմեն Սարգսյանի համար
Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկումը երեկ անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Մի կողմից՝ քննադատություն փոքրաթիվ ընդդիմադիրների կողմից, մյուս կողմից՝ գովեստներ, փառաբանում, քծնանք։ Քծնանքի հարցում առաջամարտիկը ՀՀԿ-ական կանայք էին, մասնավորապես՝ նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն ու երբեմնի մանկավարժ Ռուզաննա Մուրադյանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ, նրանք հերթով ամբիոնից «լուսաճաճանչափայլ» խոսքեր շռայլեցին Արմեն Սարգսյանի հասցեին։ Նույն իրավիճակն էր տիրում նաեւ նախօրեին Գեւորգ Կոստանյանի մասին ձոների հարցում։ Այն աստիճան, որ անգամ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն էր նկատել, թե Կոստանյանի գովերգման ցերեկույթ ու երեկո են կազմակերպել։ Երեկ այդ ցերեկույթն էր՝ Արմեն Սարգսյանի փառաբանման։



**Մարգարիտ Եսայանը** հիշեց, որ այդ օրն առավոտյան ինքը հանդիպել է մի խումբ դպրոցականների, որ այցելել էին ԱԺ, եւ որոնք շատ հուզված էին «այդ պատմական պահին Ազգային ժողովի դահլիճում լինելու» համար։ Նրանց Մարգարիտ Եսայանը պատմել է Արմեն Սարգսյանի մասին ու ասել, որ եթե իրենք էլ լավ սովորեն դպրոցում, համալսարանում, եւ իրենց միակ հարստությունը լինեն գիտելիքը, նպատակասլացությունը, չի բացառվում, որ մի քանի տարի հետո այս ամբիոնից նրանցից որեւէ մեկը լինի այն նախագահի թեկնածուն, ում կընտրի պառլամենտը։ **Ռուզաննա Մուրադյանը** գերազանցեց Մարգարիտ Եսայանի քծնանքի ռեկորդը։ Նա Արմեն Սարգսյանի ելույթից առանձնացրել էր մի ձեւակերպում, որ հանդուրժողականությունը պիտի այսուհետ լինի իրենց գործելաոճը, եւ բոլոր պատերը պիտի վերանան։ «Այո, պատերը, որոնք ստեղծում են այդ անհանդուրժողականությունը, եւ դրա միակ լուծումն առաջադրեցիք՝ երկխոսությունը»։ Այնուհետեւ նա խառնվեց՝ չկարողանալով որոշել, թե ում ավելի շատ քծնի․ մե՛կ Սերժ Սարգսյանի «փիլիսոփայական» մտքերն էր մեջբերում՝ որպես «ակունք ճշմարտության», մե՛կ՝ Արմեն Սարգսյանի։



«Եվ կարծում եմ, որ Ձեր այդ սկզբունքային մոտեցումն ամրագրված է նաեւ մեր Սահմանադրության մեջ, եւ կարծում եմ, որ Ձեր նշած շատ ու շատ սկզբունքներ դարձյալ ամրագրված են Սահմանադրության մեջ։ Մասնավորապես, ուզում եմ կանգ առնել մի կարեւոր սկզբունքի վրա․ դա երկարաժամկետ պլանավորումն է ու շարունակելիությունը։ Այսօր այս քաղաքական գործընթացները գալիս են ասելու, որ այդ երկարատեւ պլանավորման ծրագիրը վաղուց սկսված էր Հայաստանի Հանրապետությունում, եւ մեր այսօր գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ձեւակերպված եւ սահմանված այս բարեփոխումները տալիս են աստիճանաբար իրենց պտուղները։ Եվ շատ հետաքրքիր էսպես միասնություն գտա՝ նաեւ գաղափարական, որն ավելի է ուժեղացնում Հայաստանի զարգացումը՝ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Այս ձեւակերպումը եղել է Սերժ Սարգսյանի ձեւակերպումը եւ Ձեր ձեւակերպումը՝ ազգ, ժողովուրդ եւ ապագա, կարծես բխում է հենց նրանից, եւ մեկը մյուսի համար հենք են ծառայում»,- ուսուցչական պաթոսով սովետական շրջանին հատուկ մի խառնափնթոր տեքստ արտաբերեց Ռուզաննա Մուրադյանը։



ՀՀԿ կանանց իր քծնանքով չզիջեցին նաեւ մյուս ՀՀԿ-ականները՝ Խոսրով Հարությունյան, Սամվել Նիկոյան, **Սամվել Ֆարմանյան**։ Ահա մի հատված Ֆարմանյանի ելույթից․ «Անհրաժեշտ չհամարելով անգամ հպանցիկ անդրադառնալ պարոն Սարգսյանի բնութագրին եւ նրա մտավոր օժտվածությանը, իսկ այն կզարդարեր ինքնակատարելագործման ձգտում ունեցող յուրաքանչյուր բանական մարդու, կարելի է փաստել, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին հանրապետության հաջորդ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը դրական սպասումների որոշակի ալիք է առաջացրել հայության տարբեր հատվածներում»։



Քծնանքի ցերեկույթն իր ելույթով մի փոքր մթագնեց «Ելք» խմբակցության ղեկավար **Նիկոլ Փաշինյանը**։ Նա նախ հիշեցրեց Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված հարցը, որ քննարկվում է այս ընթացքում։ «Դուք ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չեք եղել: Այստեղ հարց է առաջանում․ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու: Դուք ՀՀ նախագահ չեք ընտրվում, Դուք ՀՀ-ում այսօր իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում, ընդ որում՝ պարտադրված եք էդ կարգավիճակում լինել հլու-հնազանդ»,- ասաց նա։ Փաշինյանը նաեւ ասաց, որ առաջին անգամ այս խորհրդարանում իր ինքնազգացողությունը վատացել է: Նա միջանցքում մոտեցել է ՀՀԿ-ական մի քանի անձանց, որոնց հետ «բարեւ, բարի լույս ունի», եւ ասել․ «Լսի, դուք կարո՞ղ է սատանայական ուժ եք, ո՞նց կարելի է առաջին հայացքից բյուրեղյա, անբիծ կենսագրություն ունեցող մարդուն, որը մինչեւ վերջերս մեր ընկալման մեջ էդպիսին էր Արմեն Սարգսյանը, բերել-դնել էս մամլակի տակ եւ երկու րոպեում էդ ամբողջ կենսագրությունն արժեզրկել»։



Արմեն Սարգսյանը բոլոր քննադատություններին հանդարտ էր արձագանքում, եւ նրա դեմքին առանձնապես ոգեւորության նշույլներ չնկատվեցին իր հասցեին հնչած գովեստի ու շողոքորթության խոսքեր լսելիս։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**