30 տարի անց ինչո՞վ են զբաղված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները

30 տարի անց ինչո՞վ են զբաղված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները
Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը։ Շարժում, որը կանգնած էր Արցախի ազատագրման ու Հայաստանի անկախության ակունքներում։ 88-ի փետրվարին սկիզբ առած շարժման գլուխ կանգնեց «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր 11 անդամներով, որից այսօր ողջ են 8-ը։ Նրանցից երեքը՝ Ռաֆայել Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը եւ Համբարձում Գալստյանը, մեզ հետ չեն։ Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը սպանվեց 1994 թվականին, իսկ գիտնական, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ու «Հայք» թերթի նախկին խմբագիր Սամվել Գեւորգյանը վախճանվեցին, առաջինը՝ 82 տարեկան հասակում, երկրորդը՝ 69։ Եվս մեկ անդամ՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը թաքնվում է իրավապահներից եւ 2000 թվականից հեռացել է Հայաստանից։ Մյուս յոթ անդամներից այս պահին միայն Վազգեն Մանուկյանն է, որ որոշակի դիրք ու պաշտոն է զբաղեցնում պետական ապարատում՝ Հանրային խորհրդի նախագահն է։ Նրան թեեւ 1996 թվականին չհաջողվեց գալ իշխանության՝ ՀՀ նախագահ ընտրվել, փոխարենը հետո իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան օգնեցին մնալ ջրի երեսին, ինչ-որ դիրք զբաղեցնել։ Շարժման ակունքներում գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն այդպես էլ չհաղթահարեցին Տեր-Պետրոսյանի՝ նախագահ դառնալուց հետո ծագած հակասությունները եւ մինչ օրս էլ որեւէ շփում չունեն միմյանց հետ։ Մինչդեռ 88-ին նրանք մի հարթակում էին կանգնած։ Լեւոն Տեր-Պետրոսյանն այժմ ղեկավարում է ՀԱԿ կուսակցությունը եւ հիշվում է որպես ՀՀ առաջին եւ հիմնադիր նախագահ։ Մյուսների մասին հիշում են խիստ հազվադեպ կամ չեն էլ հիշում։ Ամենահիշվողներից մեկն Աշոտ Մանուչարյանն է, ով պարբերաբար ասուլիսներ է տալիս։



Կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տաքսի է վարում՝ այդկերպ հոգալով օրվա հացը։ Դավիթ Վարդանյանը, ով ժամանակին պետգույքի նախարարն էր, հայտնի էր թղթախաղի նկատմամբ ունեցած սիրով։ Տարբեր պատմություններ կան նրա ոդիսականից, ընդհուպ մինչեւ ԵՊՀ Բյուրականի մասնաճյուղը տանուլ տալու մասին, եւ, ասում են, սոցիալապես բավականին ծանր վիճակում է այժմ գտնվում։ Նախկին ընկերները նրանից տեղեկություն չունեն։



Բաբկեն Արարքցյանը, ով ՀՀՇ-ի իշխանության օրոք ԱԺ նախագահն էր, այժմ թոշակառու է՝ խուսափում է հրապարակային միջոցառումներից, բայց նախօրեին Ազատության հրապարակում ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել՝ խոսել արցախյան շարժման ու դրա արդյունքների մասին։



«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր նաեւ Ալեքսան Հակոբյանը, ով այժմ գիտական գործունեությամբ է զբաղված Արեւելագիտության ինստիտուտում։ 1993-2004 թվականներին նա Արցախի Քաշաթաղի շրջանի ղեկավարն էր։



Մենք կապվեցինք **Ալեքսան Հակոբյանի** հետ։ Նա սկզբում չցանկացավ շատ «բացվել» «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մասին, ասաց, որ բոլորին էլ շատ սիրում է․ «Սիրած մարդկանց մասին հնարավո՞ր է օբյեկտիվ ինչ-որ բան ասել»։ Բայց հետո խոսեց ու պատմեց նրանց մասին։



«Ես բոլորին սիրում եմ, մեկի հետ շատ մոտ ընկերություն եմ անում՝ Աշոտ Մանուչարյանի, իրար տուն գնալ-գալ ունեմ, մյուսների հետ՝ պակաս, բայց բոլորի հանդեպ էդ սերը մնացել է, ընկերական սերը, որն էն ժամանակ շատ մեծ դեր է կատարել հաջողության մեջ։ Մոտ եմ նաեւ մեր զոհվածների ընտանիքների հետ։ Շատ մոտ եմ Սամսոն Ղազարյանի, Բաբկեն Արարքցյանի հետ։ Վազգեն Մանուկյանի կամ Դավիթ Վարդանյանի հետ, օրինակ, էդքան մոտ չեմ, ինչքան իմ թվարկածների։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մոտ եմ։ Քանի որ Տեր-Պետրոսյանը մեր նախագահը եղավ, իր նկատմամբ ակնածանքը մի փոքր ուրիշ մակարդակի վրա է։ Մենք ինչ-որ պարբերականությամբ հանդիպում ենք, հետաքրքիր հարցեր ենք քննարկում, հիմնականում՝ հումանիտար բնույթի․ ինքն էլ է պատմաբան, ես էլ։ Քաղաքական հարցեր՝ առավելապես չէ, որովհետեւ ինքը քաղաքական կուսակցության ղեկավար է, ես՝ ոչ»,- ասաց պարոն Հակոբյանը։ Իսկ ընդունո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծը։ «Համարյա թե ամբողջապես՝ այո»։ Կապ ունե՞ք նաեւ Սամսոն Ղազարյանի հետ։ «Մեկ-մեկ, որ հարց է լինում ինչ-որ տեղ գնալու, կարոտս բռնում է, եւ իրեն զանգում եմ, իրար հետ ենք գնում, փողն էլ կիսում ենք»,- կատակեց նա։



Ալեքսան Հակոբյանը մի փոքր դժվարությամբ, այնուամենայնիվ խոսեց նաեւ այն մասին, թե որքանով են իրենք գնահատվել այս տարիներին հասարակության, իշխանությունների կողմից, եւ արդյոք «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն արժանի՞ էին այն ճակատագրին, ինչին արժանացան։ «Արժանին ո՞րն է, մարդիկ են, ճակատագրեր են, ի՞նչ կա դրա մեջ, եղել է պահ, երբ մենք մեր խնդիրը կատարել ենք, մեր վրա պարտականություն ենք վերցրել ու լավ ենք կատարել։ Եթե լավ եք գնահատում ու ինձ հետ համաձայն եք, ուրախ եմ։ Ինչ-որ հատուկ վերաբերմունք հասարակության կողմից ես չեմ պատկերացնում։ Հարգանքը, եթե էդպես ձեւակերպենք, ես կարծում եմ, որ հարգանքը կա, տեսեք՝ զանգել եք ինձ, շատ հարգալից խոսում եք հետս, ուրախ եմ դրա համար, էդպես բոլորն են վերաբերվում։ Իսկ ով որ չի հարգում, դա իր գործն է»,- ասաց մեր զրուցակիցը։



Իսկ Շարժման 30-ամյակի կապակցությամբ օրվա իշխանությունների կողմից պե՞տք է որեւէ կերպ արժեւորվեր «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր անդամներով, գնահատանքի դրսեւորումներ լինեին նրանց հանդեպ։ Ալեքսան Հակոբյանն այս հարցին պատասխանեց․ «Իշխանությունները ներկայացնում են կոնկրետ քաղաքական դաշտի մասը եւ նրանք վերաբերվում են էնպես, ինչպես հարմար են գտնում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**