Արամ Սիմոնյանը կո՞ղմ է արտգրակի դասաժամերի կրճատմանը, թե՞ դեմ

Արամ Սիմոնյանը կո՞ղմ է արտգրակի դասաժամերի կրճատմանը, թե՞ դեմ
Վաղը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում՝ Գիտխորհրդի դահլիճում, տեղի կունենա ասուլիս՝ նվիրված «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման տևողության փոփոխության հարցին: Ասուլիսին կմասնակցեն Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը, ինչպես նաև Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի այլ անդամներ:



Նշենք, որ այս թեման արդեն աղմուկ է բարձրացրել մամուլում։ Մարդիկ վրդովվում են, թե ինչու են որոշել արտասահմանյան գրականության դասավանդման ժամերը կրճատել՝ 7 կիսամյակից դարձնելով 1.5-2։ Թեման խոստացել են բարձրացնել նաեւ վաղվա խորհրդարանական լսումների ժամանակ։ Թեեւ նախագիծը դեռ քննարկման փուլում է։



ԵՊՀ ռեկտորի նորանշանակ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց (երեկ է նշանակվել), որ ռոմանագերմանական ֆակուլտետի գիտխորհուրդը որոշել է այս հարցը ուղարկել համալսարանի գիտխորհուրդ, ԵՊՀ գիտխորհուրդն էլ ասել է, որ հնարավոր չէ դասաժամերն այսքան կրճատել։ «Եվ հիմա քննարկման փուլում է, այսինքն՝ իրենք ուզում են հասկանալ, թե ինչ անեն, որ ուսանողները երկու օտար լեզու սովորեն։ Էստեղ, իրականում, էդ հարցը ուռճացված է շատ։ Այսինքն՝ ի սկզբանե ֆակուլտետի գիտխորհրդում ամբիոնի վարիչը համաձայնել է այդ երեք կիսամյակին։ Մեկուկես կիսամյակ են ասում, դա սխալ է, կես կիսամյակ չկա համալսարանում, կա մեկ կիսամյակ, խոսքը երեք կիսամյակի մասին է»,-ասաց Էմին-Տերյանը։



Նա նշեց, որ դրված է ոչ միայն արտգրակի դասաժամերը կրճատելու հարցը, այլև մտադիր են փոխել Ռոմանագերմանական ֆակուլտետի անվանումը՝ դարձնելով Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ։ Հարցին՝ անձամբ ռեկտոր Արամ Սիմոնյանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, կո՞ղմ է դասաժամերի կրճատմանը, Արամ Սիմոնյանի խոսնակն ասաց․ «Ինքը կողմնակից է, որ լինի հօգուտ ուսանողի։ Այսինքն՝ էդտեղ երեխաները և՛ լրացուցիչ լեզու սովորեն, և՛ գրականություն սովորեն»։



Նշենք, որ նախագիծը դեռ պետք է ընդունվի ԵՊՀ գիտխորհրդի կողմից, հետո պետք է այն հաստատի կրթության ու գիտության նախարարությունը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**