Ե՞րբ է «Ելքը» դառնալու կուսակցություն

Ե՞րբ է «Ելքը» դառնալու կուսակցություն
Փետրվարի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Կուսակցությունը կընտրի նոր կառավարման խորհուրդ, խորհրդի նախագահ, եւ կստեղծվի նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ։ Ասել կուզի՝ «Ելք» դաշինքի անդամներից մեկը շարունակելու է գործել որպես ինքնուրույն կուսակցություն, մինչդեռ 2017-ի ապրիլին դաշինքն իր նախընտրական ծրագրում ուներ դրույթ, որի համաձայն՝ 3 կուսակցություններն ապագայում պետք է միավորվեն եւ դառնան մեկ կուսակցություն։



Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին հարցրինք, թե կարելի՞ է ասել, որ առաջիկա 2 տարվա ընթացքում, համենայնդեպս, 3 կուսակցությունների միավորվելու՝ մեկ կուսակցություն դառնալու ծրագիրն իրականություն չի դառնա։ Վերջինս չհասկացավ մեր հարցի տրամաբանությունը՝ ասելով, որ մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի․ ««Կուսակցությունների մասին» օրենքում կուսակցությունները պարտավոր են 2 տարին մեկ անգամ համագումար անցկացնել, ինչը նաեւ մեր «Լուսավոր Հայաստան» կուսակցության կանոնադրությամբ է ամրագրված, եւ մենք իրականացնում ենք այս հերթական համագումարը։ Դա 1 կուսակցություն դառնալու օրակարգի քննարկումների հետ որեւէ կապ չունի»։ Խաժակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գործառույթ պետք է ունենա ստեղծվելիք կառավարման խորհուրդը։ Նրա խոսքով՝ դա կուսակցության հնարավորությունների ու ռեսուրսների ավելացում է։ «Մենք նախատեսում ենք կուսակցության կառուցվածքի որոշակի փոփոխություն՝ պայմանավորված նրանով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի անդամագրվելու եվրոպական լիբերալներին։ Մենք սրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներ կուսակցություններին եւ կարծում ենք, որ սա կնպաստի դաշինքի ամրապնդմանը։ Եթե յուրաքանչյուր կուսակցություն իր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսներն ավելացնի՝ առանձին վերցրած կամ մեկ կուսակցության շրջանակներում, դա, միանշանակ, դաշինքին օգուտ է»,- ասաց Դավիթ Խաժակյանը։



«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ առաջիկա համագումարով պետք է ամփոփվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության երկու տարվա արդյունքը։ Մասնավորապես՝ խորհրդի անդամները պետք է ներկայացնեն քաղաքական ձեռքբերումները եւ երկամյա ֆինանսական հաշվետվությունը։ Փորձեցինք Խաժակյանից տեղեկանալ, թե ինքն անձամբ ինչպես է գնահատում «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկամյա գործունեությունը, սակայն վերջինս ասաց, որ այդ մասին կխոսի միայն համագումարի ժամանակ․ «Ձեր հարցին պատասխանելով՝ ես պետք է կրկնեմ իմ ելույթը, որը պետք ունենամ համագումարի ընթացքում։ Եվ ես որքանով որ տեղյակ եմ, լրատվամիջոցները հրավիրված են, կարող եք գալ եւ ամփոփումը տեսնել»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**