Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ համայնքի ղեկավար չեմ ընտրվել

Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ համայնքի ղեկավար չեմ ընտրվել
Արագածոտնի մարզի խոշորացված Ալագյազ համայնքում նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, համայնքի ղեկավար ընտրվեց մինչ այս նման պաշտոնում երբեւէ չաշխատած, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրը՝ Ջասմ Մախմուդովը: Նա 2016-2017թթ. Արագածոտնի մարզպետի լիազոր ներկայացուցիչն էր Արագածի տարածաշրջանում, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը: Խոշորացված Ռյա Թազա նախկին համայնքի երկարամյա ղեկավար **Ահմադ Բրոյանը** մեկն էր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից:



Նա փափագում էր, որ «թագավորի արծիվը» հերթական անգամ իր գլխին իջնի, եւ ինքը դառնա համայնքի ղեկավար, սակայն արծիվն այլ թեկնածուի ընտրեց: Բրոյանը, սակայն, ընտրություններից հետո նշանակվել է Ռյա Թազայի վարչական ղեկավար եւ մեզ հետ զրույցում ի մի բերելով համայնքապետարանի երկու-երեք ամիսների աշխատանքը՝ կարծիք հայտնեց. «Խոշորացման գործընթացը մեզ համար արդարացված չի, դա մենակ կառավարության համար էր արդարացված: Մեզ մոտ՝ Ռյա Թազայի աշխատակազմի 7 աշխատողից հիմա մենակ ես եմ աշխատում, նշանակում է՝ 6 ընտանիք անգործ են, սոված են մնացել, ինչ պիտի անեն՝ չգիտեն: Մեկ այլ համայնքում էլ կարղ է աշխատակազմն ավելի մեծ է եղել, նշանակում է՝ ավելի շատ թվով մարդիկ էլ էդտեղ են անգործ մնացել: Քյասար՝ արդարացված չի, յանի՝ պետք է փողերը ներդրվի, որ համայնքը հավասարաչափ զարգանա, բայց դա սուտ ա: Լավ բան ապագայում չի սպասվում: Ես վախենում եմ մի քանի տարի հետո այլ բան տեղի ունենա՝ խոսք կա, թե պետք է նախկին շրջանների վերականգնում տեղի ունենա, բոլոր գյուղերը հիմա էլ պետք է միավորվեն մի տեղ: Մի խոսքով, որը բարի ա, թող էդ լինի»:



Պրն Բրոյանը նշեց, որ Ալագյազի կազմում ընդգրկված 10 համայնքներից միայն երեքում են վարչական ղեկավարներ նշանակվել նախկին գյուղապետերը: «Աշխատավարձ ենք ստանում, որը քչացրել են. ես 120 հազար եմ առձեռն ստանում: Երբ համայնքի ղեկավար էի, մոտ 190 հազար էի ստանում, երեւի հետագայում վերանայում կլինի: Աշխատավարձի մեծ մասը մենակ Ալագյազ գնալ-գալու վրա եմ ծախսում: Թուղթ տանող-բերողի կարգավիճակում ենք՝ համայնքի ղեկավարի կարգադրություններն ենք կատարում, հողի հարկ հավաքել եւ այլն, բայց ֆինանսները չենք տնօրինում»: Համայնքի նոր ղեկավարի հետ լեզու գտնո՞ւմ եք՝ հարցրինք: «Այո, նորմալ մարդ է, մեր պատգամավորի՝ Ռուստամի հերն ա, նորմալ մարդ ա, նորմալ անձնավորություն, մենք փոքրուց գիտենք իրար»,- ասաց Բրոյանը: Հարցրինք նաեւ, թե ինքը՝ Մախմուդովը, կարողանո՞ւմ է գլուխ հանել նոր պաշտոնում, համայնքը կառավարել։



«Դժվար ա, իր համար էլ, պատկերացնո՞ւմ եք, 10 համայնքների վարչական ղեկավարներն իրար հետ գնում են համայնքի ղեկավարի մոտ ու ամեն մեկն իրա դարդն ա լացում՝ էս չկա, էն չկա եւ այլն: Չէ, իսկապես, ես հիմա նոր եմ հասկանում, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ չեմ ընտրվել խոշորացված համայնքի ղեկավար: Արծիվը գնաց, ուրիշ մարդու ընտրեց, ես ընդամենը հաջողություն եմ մաղթում, որ եզդիական համայնքը Հայաստանում լինի եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ տեղում»: Բրոյանի հավաստմամբ՝ խոշորացված նախկին համայնքներից երեք-չորսում են նախկին համայնքների ղեկավարները նշանակվել վարչական ղեկավարներ: Միրաք համայնքը դեռեւս ղեկավար չունի, ԺՊ-ն Բրոյանն է: Այսպիսով, վարչական ղեկավարներն են․ Ջամշլու՝ Միրազմ Ուռուսյան, Ավշեն՝ Ալիկ Կնյազյան, Սիփան՝ Ֆերզ Ավդալյան, Սադունց՝ Էդվարդ Սադունյան, Կանիաշիր՝ Թեմուր Տալոյան, Միջնատուն՝ Միշա Հասոյան, Ճարճակիս՝ Թալաբանի Սադեյան, Շենկանի՝ Ժորա Չոլոյան: Նկատենք, որ Ալագյազի ավագանու անդամներից երկուսը Մախմուդով գերդաստանից են՝ Ջամալ եւ Ռեզո Մախմուդովները:



**ՀԳ**. _Ահմադ Բրոյանը որքան էլ դժգոհ է համայնքների խոշորացման գործընթացից, սակայն իր համար ամեն ինչից վեր երկրի սահմանների ամրությունն ու խաղաղությունն է համարում: «Ես երեք թոռ ունեմ, որոնք Ղարաբաղում ծառայում են, իմ օր ու գիշեր ուզածն էն ա, որ Հայաստանը պատերազմ չտեսնի, երկինքը խաղաղ լինի, Ղարաբաղի հարցն էլ շուտափույթ լուծվի»,- հույս է հայտնում նա:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**