Պառլամենտի կողմից նշանակվածը չի կարող համարվել չորրորդ նախագահ

Պառլամենտի կողմից նշանակվածը չի կարող համարվել չորրորդ նախագահ
Այս տարի լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին։ Սակայն ո՛չ այդ արյունալի իրադարձությունները, ո՛չ էլ 10 զոհը չեն մոռացվել, քանի որ նրանց մահվան մեջ մեղավորները մինչ օրս բացահայտված եւ պատժված չեն։ Ամեն տարի Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին դուրս է գալիս փողոց եւ երթով շարժվում դեպի Մյասնիկյանի արձան, ծաղիկներ դնում՝ հարգելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Այս տարի եւս «կոնգրեսականները» կանցկացնեն իրենց ավանդական երթը, հնարավոր է՝ նաեւ պատարագ մատուցվի, գիրք են հրատարակում Մարտի 1-ի փաստաթղթերի վերաբերյալ։ Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի բացահայտման աշխատանքներին, ասաց․ «Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Երբ որ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, օրինակ՝ ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր ունենք, որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք, բավարար ապացույցների համակցությամբ, բնականաբար, դա կիրացվի»։



ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր **Արամ Մանուկյանից** հետաքրքրվեցինք, թե հավատո՞ւմ է, որ մեր իրավապահ մարմինները կբացահայտեն այս գործը։ «Ոչ, բացարձակ, որովհետեւ տասը տարի ոչինչ չեն արել եւ սա ընդամենը քամի են անում, որ ինչ-որ բաներ անելու են։ Անուններ կան արդեն, հստակ հանցագործությունների մասին ինֆորմացիաներ կան, ոչ մի բան էլ չեն անում, քանի որ դա քաղաքական խնդիր է, եւ պարզ է, որ իշխանության հրահանգն այդպիսին է»,- ասաց նա։ Ապա նշեց, որ իրենք զբաղվում են այս գործով, Եվրոպական դատարանում որոշակի առաջընթաց կա․ «Վստահ եմ, որ էս տարի հաջողություններ կլինեն դատական գործընթացի առումով, մենք հետեւողական ենք եւ մեր ուժերի ներածի չափով անում ենք ամենը՝ էդ գործը բացահայտելու, միջազգայնացնելու, մեղավորներին գտնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ էս գրքի հրապարակումը հենց էդ քայլերից մեկն է։ Դուք կարող եք ծանոթանալ եւ տեսնել, թե ինչ լուրջ աշխատանք ենք արել էդ մասով»։



**- Պարոն Մանուկյան, երբ Արմեն Սարգսյանը հանդիպեց Ձեզ հետ, Մարտի 1-ի թեման քննարկվե՞ց նրա հետ, իր կարծիքը, դիրքորոշումը հայտնե՞ց։**



Ոչ, մենք էդ օրը քննարկումներ չենք արել, մենք ասել ենք էն, ինչ ասել ենք, մեր ասածն ամբողջությամբ մեր հայտարարության մեջ կա։ Մենք մեր մոտեցումներն ենք ներկայացրել, քննարկումների մեջ չենք մտել։ Էնտեղ պարզ գրված է՝ էն պառլամենտը, որը մենք չենք համարում լեգիտիմ, եւ էն Սահմանադրությունը, որը չենք համարում անցած, ինքը դրա արդյունքում է դառնալու Հայաստանի նախագահ։



**- Եթե ՀԱԿ-ը բավարար չափով ձայներ հավաքեր, անցներ խորհրդարան, այդ «ոչ լեգիտիմ պառլամենտի» մաս էիք կազմելու, չէ՞։**



Կարո՞ղ ես ասել ավելի խայտառակ ընտրություններ, որ եղել են, քան այս վերջինն էր։



**- Դատելով ընդդիմության գնահատականներից՝ միշտ էլ ընտրությունները խայտառակ են անցել։**



Էս եղել է ամենախայտառակը։



**- Որովհետեւ դուք չանցաք, դրա՞ համար։**



Ոչ։



**- Ամեն դեպքում, խախտումով, թե ոչ, մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ։**



Ոչ, սխալ է էդ ձեւի արտահայտություն, խնդրում եմ, մի՛ կրկնեք այսուհետեւ։ Ինքը չորրորդ նախագահ չի կարող լինել, որովհետեւ նախագահներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ պառլամենտի կողմից նշանակվածը չի համարվում չորրորդ։ Առավել եւս՝ մի ուրիշ սխալ էլ գնաց, թե չորրորդ հանրապետության առաջին նախագահ… չորորրդ նախագահ ասելով՝ իրենք ուզում են երրորդը լեգիտիմացնել, երկրորդը լեգիտիմացնել, բայց էդպես չէ։



**- Լավ, հիմա դուք ի՞նչ եք առաջարկում, մենք ունենք «չընտրված երրորդ նախագահ» եւ ունենալու ենք «չընտրված չորրորդ նախագահ»…**



Առաջարկում եմ քեզ ամսի 20-ին գալ մեր (նկատի ունի՝ Արցախյան շարժման) 30-ամյակի միջոցառմանը, հրավիրում ենք բոլոր ձեր ընթերցողներին, բոլոր ակտիվիստներին, բոլոր մասնակիցներին, գան, հիշեն, ներկա լինեն մեր միջոցառմանը…



**- Այս ընտրություններից հետո ՀԱԿ-ը կարծես պասիվացել է եւ ապագային միտված հստակ որեւէ քայլ, գործողություն, որեւէ լուծում չի առաջարկում…**



Ինձնից ավելի ակտիվ քաղաքական գործիչ դու գիտե՞ս կամ Լեւոն Զուրաբյանից… էս պահին։ Նայի իր ինտերվյուները, իմ ելույթները, ասուլիսները…



**- Քաղաքական առումով նկատի ունեմ, որպես քաղաքական ուժ՝ ի՞նչ եք պատրաստվում անել…**



Արի էս զրույցն ավարտենք ամսի 20-ի միջոցառումով։



**- Ամսի 20-ին մենք կիմանա՞նք՝ ՀԱԿ-ն իշխանափոխության տեսլական ունի՞, թե՞ ոչ։**



Հրավերով ավարտեցինք բարի նոտայի վրա…



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**