Անամոթության դար

Անամոթության դար
Ինչպե՞ս կարելի է ազդել երկրում տարվող քաղաքականության վրա։ Ի՞նչ լծակներ ունի ՀՀ քաղաքացին իշխանությունների գործողությունները կանխելու, ուղղորդելու հարցում։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ շատ քիչ են այդ հնարավորությունները եւ տարեցտարի ավելի ու ավելի են նվազում։ Չէ՞ որ եթե առաջ մենք ուղիղ, համընդհանուր ընտրությունների եղանակով էինք ընտրում երկրի նախագահին, որն իշխանական բուրգի գագաթին էր, ապա այսօր այնքան էլ պարզ չէ, թե այդ բուրգի գագաթին ով է կանգնելու, իսկ եթե անգամ միանշանակ է, որ վարչապետն է, ապա նրա անձի ու գործողությունների վրա հասարակությունն ուղղակիորեն ազդելու հնարավորություն գրեթե չունի։ Իշխանություն ձեւավորելու միջնորդավորված եղանակը, որն ընտրեցին մեր կառավարիչները, ավելի ու ավելի օտարեց մեզ իշխանությունից։



Այդ օտարումը խորացնող այլ հանգամանքներ էլ կան։ Դա պառլամենտ ընտրելու մեթոդն է եւ հատկապես՝ ռեյտինգային կոչվող թյուրիմացությունը։ Դա կառավարության նիստերը փակ կազմակերպելու նախագիծն է։ Դա դրսից կադրեր ներմուծելու փորձերն են, ի վերջո՝ Հայաստանում ծնված-մեծացած, շրջապատ ու համախոհներ ունեցող մարդիկ ավելի կառավարելի են հասարակության կողմից, ավելի կախված հասարակական կարծիքից։



Եվ վերջապես, կերակրամանի շուրջ ձեւավորված իշխող մեծամասնությունը, որին կուլ գնաց նաեւ գաղափարական ուժի համարում ունեցող Դաշնակցությունը, հասարակության հետ օր օրի ավելի է խզում իր կապերը, ապրում մեկուսացած՝ հանրային դարդուցավին անհաղորդ կյանքով։ Ըստ էության, իշխանության վրա ազդելու, նրան ուղղորդելու մի իրական լծակ է մնացել՝ մամուլի ու Ֆեյսբուքի միջոցով հրապարակային «ամոթանքը»՝ քննադատությունը։ Բայց դա էլ կազդի ամոթ ունեցողների վրա, իսկ անամոթների դեպքում անիմաստ զբաղմունք է։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**