Պետք չէ շատ հետ գնալ

Պետք չէ շատ հետ գնալ
ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր, գործարար **Հակոբ Հակոբյանը**, ի տարբերություն խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանի, չի կարող պնդել, թե նախագահի թեկնածության հարցն այդ մարմնում քննարկման առարկա չի դարձել․ «Ես օրերս բացակայում էի Հայաստանից, դրա համար չեմ կարող ասել՝ եղել է նիստ, չի եղել, քննարկել են, թե չեն քննարկել»։



Ինքն արդյոք, որպես կուսակցական, վիրավորված չէ՞, որ իրենց կարծիքի հետ հաշվի չեն նստում, չի՞ փորձել պարզել՝ արդյոք քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ։ «Գիտեք, իմ դրսի համարը միայն իմ ընտանիքը գիտի, ուրիշ մարդ չգիտի, գուցե զանգել են՝ ես անհասանելի եմ եղել։ Գուցե քննարկել են, ես չեմ կարող պնդել, որ չեն քննարկել, հաստատ քննարկած պիտի լինեն»։



-Ես կարող եմ իմ դրական կարծիքն ասել, Արմեն Սարգսյանն իսկապես արժանի թեկնածու է։ Քիչ բան է Սերժ Սարգսյանի նախանշած պարամետրերին համապատասխան լինելը։



-**Կարծում եք՝ երկար տարիներ Լոնդոնում ապրող մարդը նախագահ ընտրվելուց հետո այստեղ մշտական բնակություն կհաստատի՞**։



-Դուք ո՞նց եք պատկերացնում, մարդը նախագահ կընտրվի ու կգնա Անգլիայո՞ւմ կապրի։



-**Բայց նրա ընտանիքը, որդիներն իրենց ավելի շատ բրիտանացիներ են համարում**։



-Իր կինն ասել էր հետեւյալը, որ իր տղաներն Սնգլիայի քաղաքացիներ են, բայց շատ հպարտ են, որ հայ են։



-**Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ երկար տարիներ Հայաստանից կտրված մարդը չի կարող լավ պատկերացնել մեր խնդիրները**։



-Ինքն ԱԳՆ-ի աշխատող է, դրսից չէ, նույնպիսի աշխատողներ ունենք ցանկացած երկրում։



-**Նա ընդհատումներով է դեսպան նշանակվել, իսկ երբ դեսպան էլ չէր, միեւնույն է՝ չի վերադարձել Հայաստան**։



-Այ, էդ մեկը չգիտեմ, չեմ կարող ասել։



-**Մինչ օրս չեն մոռացել նրա վարչապետության ժամկետը, եւ թե ինչպես հեռացավ Հայաստանից**։



-Այն ժամանակ, որ ինքը վարչապետ էր, ես իր մտերիմների հետ մտերիմ եմ եղել ու վստահ կարող եմ ասել, որ առողջական խնդիրների պատճառով է հեռացել, եթե մնար, վատ հետեւանքներ կունենար, փառք աստծո, որ առողջացել է։



-**Նոր Սահմանադրությունը ՀՀ նախագահին արբիտրի դեր է սահմանում, քանի որ Սարգսյանն իշխող ՀՀԿ-ի թեկնածուն է, կարո՞ղ է արդյոք այդ դերը կատարել**։



-Իհարկե կարող է, որովհետեւ ինքն անկուսակցական է, կուսակցությունն իրեն չի կարող ասի՝ դու մեր անդամն ես, մեր շահերը պիտի պաշտպանես։



-**Բայց դուք եք իրեն դարձնելու ՀՀ նախագահ**։



-Դա կապ չունի։



-**Եթե Արմեն Սարգսյանը չի ենթարկվելու ՀՀԿ-ին, ինչո՞ւ «Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը չպաշտպանեցիք, առավել եւս, որ նա Սահմանադրության գիտակ է, ընդունված անձնավորություն թե՛ ներսում, թե՛ դրսում, մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ներկայացրած բոլոր պարամետրերին համապատասխանում է**։



-Ես բացարձակ վատ բան չեմ ասում։ Մենք այդպես ենք նպատակահարմար գտել, եթե Արտակին պաշտպանեինք, պիտի ասեիք՝ ինչո՞ւ Արմեն Սարգսյանին չեք պաշտպանում կամ Պողոս Պողոսյանին։



-**Առաջինը Զեյնալյանի թեկնածության մասին հայտարարվեց**։



-Հա, բան չեմ ասում, ես շատ եմ գնահատում Արտակին՝ որպես կիրթ, գրագետ անձնավորություն։ Եվ գիտեք, շատ պաշտոնյաների ԱԺ-ն է ընտրել, օրինակ՝ գլխավոր դատախազ, ՎՊ նախագահ, բայց նրանք երբեք պատգամավորներին չեն ենթարկվել։ Հիմա նույնն էլ նախագահի դեպքում կլինի։



-**Շուտով պետք է ՀՀԿ-ն նաեւ վարչապետի իր թեկնածուին ներկայացնի, դա՞ էլ չի քննարկվելու խորհրդում, եւ որոշումը կայացնելու է մեկ մա՞րդ**։



-Ես ասացի՝ չէ, որ դժվար թե նախագահի հարցը խորհրդում չքննարկվեր, ես ձեզ խոստանում եմ ճշտել եւ ասել։ Օրը գա, բարին՝ հետը, մարտի 2-ից հետո նոր կանցնենք վարչապետի հարցին, բայց կարող եմ ասել, որ ես այդ պաշտոնում տեսնում եմ Սերժ Սարգսյանին։ Որովհետեւ գտնում եմ, որ ամենալավ թեկնածուն ինքն է, ամենալավն ինքը կաշխատի։ Մեր էսօրվա աշխարհագրական դիրքը, մեր խնդիրները, մարտահրավերները, հարաբերությունները հարեւան երկրների հետ որ կան, ԵՏՄ, ԵՄ միավորումները, որ կան։



-**Դուք կարծում եք, որ մի մեծ կուսակցությունում չկա՞ երկրորդ մեկը, որը նման պոտենցիալ ունի**։



-Ճիշտն ասած՝ ես կուսակցությունում բոլորին մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, բայց ես տեսնում եմ, եթե մեկին տեսնում եմ, չարժե էլ երկրորդին ման գալ։



-**Իսկ հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ երկրի ղեկավար պաշտոններ չի զբաղեցնելու**։



-Ես որ ներկա եմ եղել էդ հանդիպմանը, խոսքը եղել է միայն ԱԺ նախագահի ու նախագահի մասին։ Գիտեք՝ պետք չէ շատ հետ գնալ, ցանկացած իրավիճակ կարող է ժամանակի հետ փոխվի, մի տարի առաջ մենք ԵՏՄ-ի անդամ ենք, բայց հիմա սկսել ենք ԵՄ-ի հետ ակտիվորեն աշխատել։



-**Բայց էլի ԵՏՄ-ի անդամ ենք**։



-Բնականաբար։ Ուզում եմ ասել, որ ցանկացած պահին տվյալ իրավիճակով պետք է որոշում կայացնել։



-**Բայց նա չի ասել, որ տարիներ հետո չի բացառվում, որ կփոխի որոշումը**։



-Ես չեմ լսել այդ հայտարարությունը։



-**Ձեր ղեկավարի հայտարարությունը չե՞ք լսել**։



-Իհարկե, լսել եմ, ամեն ինչ էլ լսում եմ։ Եթե եղել է, ուրեմն եղել է էն ժամանակի համար, հիմա ժամանակներ են փոխվել։



-**Ուզում եք ասել՝ պետք չէ՞ լուրջ ընդունել իշխանավորների եւ ոչ մի հայտարարություն, որովհետեւ վաղը գալու է ուրիշ իրավիճակ**։



-Ես նման բան չասացի…



-**Հիմա հավատա՞նք, թե՞ չհավատանք Սերժ Սարգսյանի խոսքերին, որ ամեն ինչ անելու է 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելու համար**։



-Հիմա, իհարկե, պիտի հավատանք, բայց 2039 թվականին եթե ինձ զանգահարեք, ես Ձեզ մոտավոր կասեմ՝ չո՞րս է, երկո՞ւս, թե՞ վեց, բայց այս պահին ես էլ եմ տեսնում, որ թիվն ավելանալու է։ Հիմա կառավարությունը հայտարարում է աճի մասին, չէ՞, շատերը չեն հավատում, վատ բաներ են ասում, ես հավատում եմ, որովհետեւ իմ գործարանում 9 տոկոս աճ է գրանցվել։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**