Կրկեսի շենքը շահագործման հանձնելու հարցում կարելի է չշտապել

Կրկեսի շենքը շահագործման հանձնելու հարցում կարելի է չշտապել
Ուրեմն Սերժ Սարգսյանի ցանկություն-հանձնարարականն այսպես եք կատարում, այո՞: Մարդն ասել էր, որ թանկացումների պատճառներն իմանալու, երեւույթը մեղմելու համար ցանկալի կլիներ ԱԺ-ում լսումներ կազմակերպել: Կազմակերպելը` կազմակերպեցիք, բայց ի՞նչ արեցիք հետո: Փոխանակ թանկացումների պատճառներից խոսեիք` օգուտներից խոսեցիք ու գնացիք տուն: «Ելքը», փաստորեն, ճիշտ էր ասում, որ ԱԺ-ում թանկացումների պատճառների քննարկումը պարապ ժամավաճառություն է լինելու:



Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին այս քննարկումներից հետո տեսնող եղե՞լ է: Գիտե՞ք ինչ է ասել լրագրողներին: Ասել է` 2011 թվին 7 տոկոս թանկացմանը ժողովուրդը դիմացավ, մարդ չմեռավ, 2.6 տոկոսն ի՞նչ է, որ չդիմանան… Այ քեզ բան: 2011 թվականին գուցե 10 տոկոս թանկացմանն էլ դիմանայինք, բայց դրանից 7 տարի է անցել, ժողովուրդն այդ ընթացքում ավելի է աղքատացել, աշխատատեղեր են կրճատվել, դրսի օգնությունն է նվազել: Պարոն գանձապետ, ինչպե՞ս պետք է դիմակայեն մարդիկ այս նոր թանկացումներին:



Եվ, առհասարակ, այս կերած-խմածներին ո՞վ էր հրավիրել լսումների: Բաբլոյա՞նը: Նախագահը գովասանքի երկու խոսք ասաց, Բաբլոյանին էլ թվաց, թե ինքն անփոխարինելի է: Պարոն Բաբլոյան, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ինչո՞ւ եք հրավիրել մի այնպիսի կարեւոր հարցի քննարկման, ինչպիսին թանկացումն է: Նրան, եթե կուզեք, կիլոմետրերով պետք է հեռու պահել այս գործից, որովհետեւ ամենաշատը հենց բանկերն ու բանկիրներն են ժողովրդի թշվառ վիճակի մեղավորները: Եվ հիմա Ջավադյանը եկել է լսումների ու խոսքը կտուրը գցել, թե կարագի թանկացումը պայմանավորված է նրա օգտակար հատկություններով ու միջազգային շուկայում սպառման ծավալների մեծացմամբ: Չէ-հա: Իսկ գուցե բանկերը որոշել են արդեն ցածր տոկոսներով սննդի վա՞րկ տրամադրել քաղաքացիներին, որոնք չեն կարողանում կարագ գնել: ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանն էլ ինչ-որ հերոսական պատմություններ է պատմել այն մասին, որ կարագի գինն ամբողջ աշխարհում բարձրացել է 2016-ի սեպտեմբերից, ու 4 ամիս իրենք օրուգիշեր պայքարել են, որ այդ թանկացումը Հայաստան չհասնի: Պատահաբար զոհեր չե՞ք տվել այդ պայքարում, պարոն Շաբոյան:



Մի խոսքով` թանկացումների հարցով ինչքան ոչ ադեկվատ մարդ կար, Բաբլոյանը հրավիրել էր լսումների: Ահավասիկ՝ Իգնատի Առաքելյանը, որ հրավիրյալներից ամենամոտն է կանգնած գյուղատնտեսությանը: Նա փորձել է ապացուցել, որ մսի գնի բարձրացումը բերելու է անասնապահության զարգացման, ու եթե ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, չպետք է ըմբոստանանք թանկացումների դեմ․ «Մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել, եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ»: Այսինքն՝ գիտե՞ք ինչ է ստացվում: Ստացվում է, որ եթե ուզում ենք անասնապահությունն ավելի լավ զարգանա, մսի գինը պետք է ավելի շատ բարձրացնենք: Այո, այո, ոչինչ չանենք եւ, մսի գինը բարձրացնելով, զարգացնենք անասնապահությունը: Հավանաբար, միս արտահանող բոլոր երկրներում հենց այդպես էլ վարվում են, միայն թե անհասկանալի է` ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհի հեռավոր անկյուններից Հայաստան ներկրվող միսն ավելի էժան է, քան տեղում արտադրվածը: Մյուս կողմից էլ` ի՞նչ երաշխիք կա, որ միս մթերող կամ վաճառող կազմակերպությունները հայ անասնապահից միսն ավելի թանկ են սկսել գնել: Արդեն ինչքան ժամանակ է՝ միսը թանկացել է, բայց մեր անասնապահների շրջանում ոգեւորություն առանձնապես չի նկատվում: Ո՞րն է պատճառը, պարոն Առաքելյան:



Ասում են` դիզվառելիքի թանկացման պատճառը Հարկային նոր օրենսգիրքն է։ Այ քեզ հաջողություն: Հասկանալի է, չէ՞, որ օրենսգիրքը մարդ չէ, որին գործից հանես կամ նկատողություն անես: Վաղը հայ գյուղացին, այդ թվում եւ անասուն պահող, դիզվառելիքի թանկացման պատճառով պետք է լքի գյուղը: Ի՞նչ ենք ասելու այն ժամանակ:



Էդուարդ Շարմազանովն էլ քննարկման ժամանակ յուղման կետ էր բացել: Ասում է` որեւէ երկրում որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով։ «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ։ Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել»։ Ես չգիտեմ, թե Շարմազանովն ինչ նկատի ունի, երբ ասում է` «մենք պարտավոր ենք դրանք ապահովել», բայց, կարծում եմ, խոսքն ազատ շուկայի պայմանների ապահովման մասին է, որի դեմ անզոր է նույնիսկ Բաղրամյան 26-ը: Այս դեպքում շառը Բաղրամյան 26-ից հեռացնելը, մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ, որովհետեւ գների սանձազերծումն իսկապես ազգային անվտանգության հարց է դարձել, իսկ մենք գիտենք, թե ով է մեր անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխավորը: Անցումային այս կարեւոր փուլում նման բան ասելը հղի է պոտենցիալ ցնցումների հեռանկարով, իսկ ասողների համար` Բաղրամյան 26/1-ում (նույն հասցեի պադվալն է) հայտնվելու վտանգով:



Եվրոպայում գտնվող Սերժ Սարգսյանը, հավանաբար, լսել է արդեն, թե ինչպես է իր ցանկություն-հանձնարարականն ԱԺ-ում վերածվել կրկեսային ներկայացման: Վերադառնալուն պես, կարծում եմ, նա կհանձնարարի նոր լսումներ կազմակերպել, բայց արդեն իր հետ եւ իր մասնակցությամբ: Ժողովուրդը պետք է իմանա, որ անտեր չէ, եւ ամենաանհասկանալի ու խեղճացնող թանկացումներն անգամ զսպելի են, եթե կա քաղաքական կամք: Այլապես կուշտուկուռ պաշտոնյաները հավաքվել, իբր թանկացում են քննարկում, որ ի՞նչ անեն: Նրանց տանձի՞ն է, թե թոշակառուն ինչպես է ապրելու, կամ մյուսներն ինչպես են օգտվելու կարագի օգտակար հատկություններից, նրանց համար ի՞նչ տարբերություն՝ պադավատի շոֆերը բենզին կլցնի 4 հարյո՞ւր դրամով, թե՞ 440-ով: Պետությունը սաղ լինի, հո իրենց գրպանից չե՞ն տալիս:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**