«Սասնա ծռերը» շարունակում են հացադուլը․ նրանց պահման պայմանները վատն են

«Սասնա ծռերը» շարունակում են հացադուլը․ նրանց պահման պայմանները վատն են
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը եւ Արայիկ Խանդոյանը անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ Արայիկ Խանդոյանը հացադուլի միջոցով իր աջակցությունն է հայտնում ընկերներին։



Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 29-ից է իր պաշտպանյալը գտնվում հացադուլի մեջ, պահման պայմանները այդքան էլ լավը չեն․ «Ինչ-որ կա դա է, խոնավ, ցուրտ հացադուլավորների խուցը։ Հացադուլը չի դադարեցրել, շարունակում է աջակցությունը Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին, որպեսզի նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի եւ ավելի բարվոք պայմաններ ունեցող ՔԿՀ տեղափոխվեն։ Մտադրություն չունի դադարեցնելու էս պահին»։



Փաստաբանի խոսքով՝ ՔԿՀ-ի բժիշկը այցելել է Խանդոյանին․ «Որեւէ առանձնահատուկ բուժօգնություն չեն ցուցաբերել, ճնշումն են չափել, որը բավականին ցածր է, ինքն էլ ինչ-որ գանգատներ չի ներկայացնում, թեեւ ունի երիկամների ցավ, գլխապտույտներ, աչքերի ցավ։ Ինքը մինչեւ հացադուլ հայտարարելը վատառողջ էր, այս վերջին դատական նիստերին իր համար շտապ օգնություն էին կանչում։ Թեեւ էական առողջական խնդիրներ ունի, բայց գանգատներ չի ներկայացնում»։



Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում հացադուլը դադարեցնել, մինչեւ իր պահանջը չկատարվի.․ «Դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է, պահվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, տեղը խոնավ է, պայմանները բավականին վատն են։ Այսօր ես իրեն այցելելու եմ, մինչեւ դեկտեմբերի 29-ինը ճնշումն են չափել»։



Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը նույնպես չի պատրաստվում դադարեցնել իր հացադուլը. նա այս պահի դրությամբ փաստաբան չունի։



**Աննա Պապիկյան**