Ովքե՞ր են «ջուր գողացող» յոթ տնտեսվարողները

Ովքե՞ր են «ջուր գողացող» յոթ տնտեսվարողները
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած իր ամփոփիչ ասուլիսում ուշագրավ մի հայտարարություն արեց։ Նա ասաց, որ մենք այս պահին դեռ ունենք  ջրօգտագործման օրինական ծավալների չարաշահում, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսությունների կողմից։



**Hraparak.am**-ը հիշեցրեց նախարարին, որ դեռ նախորդ նախարարի օրոք հորատանցքերը փականային ռեժիմի էին բերվել, որպեսզի ավել ջուր չօգտագործեին, փաստորեն դրանք անօգուտ են եղել։ Հատկապես շատ էր խոսվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ձկնաբուծարանների կողմից մեծ ծավալների ապօրինի ջրօգտագործման մասին։ Մինասյանը նախ ասաց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 124 գործող ձկնաբուծական տնտեսություններից իննը օգտագործում է ՋԹ-ն իր ծավալին համապատասխան, իսկ 28-ը՝ տրված ՋԹ-ից ավել ջուր։ «Աննպատակ ջուրը, որ գնում է, կազմում է 850 լ/վ»,-ասաց նախարարը։ Այսինքն՝ վայրկյանում 850 լիտր ջուր է վատնվում ձկնաբուծարանների չարաշահումների արդյունքում։



Ըստ նախարարի՝ այս պահին մենք ունենք 7 տնտեսություն, որոնք առանց թույլտվության են օգտագործում ջրառը, այսինքն՝ ապօրինի ջրօգտագործողներ են։ Դրանցից չորսը Արարաատի մարզի անհատ ձեռնարկատերեր են (Համլետ Առուշանյան, Հերիքնազ Դալլաքյան, Ավետիկ Հովհաննիսյան, Աիդա Սահակյան), երեքը՝ Արմավիրի մարզի (Մելանյա Մկրտչյան, Զավեն հովհաննիսյան, Հակոբ Գևորգյան)։ Սրանք անհատ տնտեսվարողներ են, գրանցված ՍՊԸ-ներ չեն։ Մինասյանն ասաց, որ «Մխչյան ֆիշ» ընկերությունը, որը, մեր տեղեկություններով, պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, ապօրինի ջրօգտագործողների ցանկում չկա։ Իսկ ի՞նչ են անում ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարելու համար։ Արծվիկ Մինասյանը նախ հիշեցրեց օրենսդրությունը, որ սահմանված ՋԹ-ից ավել օգտագործման համար կիրառվում է հավելյալ մեծ գումարների պահանջ, մասնավորապես՝ եռապատիկի չափով։



«2018 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ մտնող հարկային օրենսգրքի համաձայն, եթե օգտագործվում է ավել ջուր, քան թե տրված ՋԹ-ի քանակն է ձկնաբուծական նպատակով, ապա 1 խմ ջրի արժեքը կազմում է 1.5 դրամ։ Եթե առանց ջրօգտագործման թույլտվության է իրականացվում, ապա կիրառվում է տասնապատիկ ավել գումարային պահնաջ, այսինքն՝ 5 դրամ։ Հետևաբար, 2018 թ․ հունվարի մեկից այս կանոնները կիրառվելու են բոլորի նկատմամբ։ Բացի այդ, այս տարի մտադիր էինք տեղադրել ավտոմատ ջրաչափական սարքեր, որպեսզի օպերատիվ հսկողության տակ պահեինք ժամանակի ցանկացած պահին ցանկացած տնտեսության կողմից օգտագործվող ջրաքանակը։ Ցավոք, **USAID**-ի կողմից իրականացված մրցույթները, որոնց մենք մասնակից չենք, որոշակի խնդիրների պատճառով հետաձգվեցին, հունվարին ենք ակնկալում, որ կլինի»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ 1.5 միլիարդ ջրաելք ունենք, որը մոտ 500 միլիոնով ավել է նախատեսված նորմայից։



Այսինքն՝ այդ փականային ռեժիմի բերելը, ըստ էության, արդյունք չտվե՞ց, որ հիմա էլի շարունակվում են, այսպես ասած, ջրագողությունները։ «Չէ, պարոն Մակարյան, ես ասեմ, որ ժամանակին հաշվարկվում էր շատ ավելի մեծ քանակի ջրաելք՝ 2.3, 2.4, ընդհուպ՝ 2.5 միլիարդ խմ։ Այսինքն՝ փականային ռեժիմի աշխատանքը միշտ օգուտ տալիս է, բայց էնպես չի, որ դու ամբողջությամբ վերացրել ես հիմքերը, իջել ես ներքև, արդեն վերականգնվող պաշարի ծավալի վրա ես գտնվում, էլ գործողություն չկա անելու»,-բացատրեց նպարոն Մինասյանը։



Իսկ պատժամիջոցներ կիրառվո՞ւմ են նրանց նկատմամբ, որոնք այս պահին փաստացի ջրագողությամբ են զբաղված, օրինակ՝ այդ յոթ անհատ տնտեսվարողները։ Պարզվեց՝ ոչ։ Սպասում են հունվարից հետո ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքին և ավտոմատ ջրաչափաքական սարքեր տեղադրելուն, որը դեռ անհայտ է՝ կստացվի՞, թե՞ ոչ։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**