Էքսպերիմենտալ դատարան

Էքսպերիմենտալ դատարան
Անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում ամենից շատ բարեփոխված, ավելի ճիշտ՝ փոփոխությունների ենթարկված համակարգը թերեւս դատականն է։ Խոսքը ոչ միայն  օրենքների փոփոխությունների մասին է, որոնցով աշխատում է համակարգը՝ քրեական, քրեադատավարական, վարչական եւ այլն։ Խոսքը կառուցվածքային, կադրային, առհասարակ՝ հայեցակարգային փոփոխությունների մասին է։ Մեկ որոշում են, որ տնտեսական դատարան պետք է լինի, մեկ՝ վարչական դատարան, առաջին ատյանի դատարանները պետք է կոչվեն ընդհանուր իրավասության առաջին աստիճանի դատարաններ։



Մենք մեկ ռոմանոգերմանական, մեկ՝ անգլոսաքսոնական իրավունքի կրողն ենք։ Մի փուլում ներմուծեցինք նախադեպային իրավունքը, բայց այն այդպես էլ գերակշռող չդարձավ եւ գործում է «ըստ անհրաժեշտության»։ Մի ժամանակ քաղաքացին իրավունք ուներ դիմել բոլոր երեք աստիճանների դատարաններին, այժմ նրանց մեծ մասը երրորդ աստիճանից օգտվելու հնարավորություն չունի, քանի որ վճռաբեկ դատարանը հաճախ ետ է վերադարձնում մարդու բողոքը՝ առանց քննելու։ Փորձառու փաստաբաններն ասում են, որ չեն հասցնում ծանոթանալ այս համակարգում կատարվող փոփոխություններին եւ, կարելի է ասել, միշտ իրենց «ուսանող» են զգում, քանի որ եթե ամենօրյա ռեժիմով «չսովորեն», չեն կարողանա փաստաբանությամբ զբաղվել։



Իսկ ի՜նչ արագությամբ է փոփոխվում դատավորների կազմը՝ աչքդ չես թարթում, մեկը թոշակի է գնում, մյուսին բռնում են, երրորդին առաջարկում են «կամովին» դիմում գրել-գնալ, գալիս են նորերը։ Ընդ որում՝ կասկածելի բուհերի դիպլոմներով, փորձառության պակասով, վստահություն չներշնչող երիտասարդներ։ Հիմա էլ, փաստորեն, որոշվել է մի մեծ էքսպերիմենտ դնել մայրաքաղաքում՝ ստեղծել մեկ միասնական դատարան՝ մեկ նախագահով, մեկ աշխատակազմով։



**Արմինե Օհանյան**