․․․Իսկ այն զինվորը մայր չուներ

․․․Իսկ այն  զինվորը մայր չուներ
Արցախյան պատերազմի ժամանակ գործի բերումով հաճախ էի հանդիպում երիտասարդ զինվորների, զրուցում նրանց հետ, փորձում հասկանալ։ Ի՞նչն է նրանց ստիպել՝ կամավոր զենք վերցնել։ Միշտ նույն պատասխանն էր՝ բա թողնեմ որ թուրքը  գա մորս, հորս  քույրերիս մորթի՞․․․ Հարաբերական խաղաղ տարիներին, երբ հարցնում էի, ասում էին, բանակ եմ գնում, որ մայրս, քույրս, հայրս հանգիստ քնեն։ Վճռական պահերին մայրն ու երկիրը նույնանում, նույն արժեքն են ունենում։



Սա  հենց այնպես պատմելու համար չեմ ասում։ Սա էլ որերորդ դեպքն է, երբ բանակում զինվոր են սպանում՝ ծնողին հայհոյելու համար։



2017թ. դեկտեմբերի 11-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող [Նարեկ Ադիբեկյանի ](http://asekose.am/hy_AM/news/8/259152-mahacac-zincarayoxe-veradarcel-er-hayastan-ousoume-sarounakelou-na-carayel-er-rd-zinvac-oujeroum.html)սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին։ Սպանվածը հայհոյանք է հնչեցրել հակառակ կողմի ծնողների հասցեին։ Նա էլ իրեն ամրակցված զենքով կրակոցներ է արձակել Նարեկի ուղղությամբ։



Ի՞նչ է ստացվում։ Ոչ մի կողմը սառը չի դատել։



Հաճախ եմ հիշում այս պատմությունը։ Մի հրամանատար էր պատմում։



Երկու զինվոր վիճում են։ Վեճը թեժանում է։ Զինվորներից մեկը հայհոյում է մյուսի մորը։ Զինվորը ձեռքը տանում իրեն ամրակցված զենքին, որ կրակի հայհոյողին, մեկ էլ ձեռքը թափ է տալիս ու հեռանում՝ մայրս ինձ չէր ների․․․ Տղան մայր չուներ։



Ինչ է ասելիքս։ Զինվոր ջան մտածիր մորդ մասին։ Թե ինչ հուզմունքով էր քեզ բանակ ճանապարհում ու ինչ կարոտով է սպասում։ Երկուսիդ էլ սպասում էին տանը։ Ինչ արիք։



Լավ տղա լինելու համար ծնողի պատիվն այդպես չեն պահում։ Անընդհատ հիշեք այն զինվորին, որ ասում էր՝ մայրս ինձ չէր ների․․․ Անընդհատ հիշեք, որ տանը սպասող ունեք։



Հիշիր, թե ինչ հուզմունքով էր մայրդ քեզ բանակ ճանապարհում ու ինչ հուզմունքով սպասում, իսկ զինվորը, ում հայհոյել էին մորով, մայր չուներ․․․



 



ՀԳ Այս լուսանկարը, որն արել է քույրս, շատ խոսուն է։ Զգայական ոչ մի բառ չի կարող փոխարինել նկարին։ Իսկ այն  զինվորը մայր չուներ։



․․․ Բայց ներեց։



 



Հասմիկ Բաբաջանյան