Փոխել են ոչ թե իմաստը, այլ՝ ձեւակերպումը

Փոխել են ոչ թե իմաստը, այլ՝ ձեւակերպումը
Եթե «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ կետը 1 ամիս առաջ սահմանում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելության համար հայոց լեզվի միասնական քննությունը պարտադիր է, հիմա օրենքի նախագծում գրված է, որ պարտադիր է հայոց լեզվի քննության վկայագիրը: Թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը, ինչ վկայագրի մասին է խոսքը՝ ատեստատի՞, թե՞ Գիտելիքների թեստավորման կենտրոնի սերտիֆիկատի, այդ հարցով պարզաբանում խնդրեցինք ԳԹԿ տնօրեն **Արա Իսպիրյանից**։



«Պարտադիր է ընդունելության քննության վկայագիրը։ Դա նշանակում է, որ քննությունը, ըստ էության, էլի միասնական քննություն է կամ էլ, եթե հետագայում ինչ-որ մի պահի կառավարության որոշմամբ այդ քննության ձեւը միասնական չլինի, եւ լինի այլ տեսակի քննություն, ապա այդ ժամանակ ընդունելության քննությունը կլինի այդպիսին։ Բայց խոսքն այս պահին վերաբերում է ընդունելության քննության վկայագրին, այսինքն՝ միայն ձեւակերպման փոփոխություն է տեղի ունեցել, իմաստի առումով ինքը չի փոխվել, ուղղակի ավելի լայն իմաստ է ստացել, գուցե մի 5-10 տարի հետո միասնական չի լինում կամ այլ տիպի ընդունելության քննություն է լինում․ այդ առումով ընդունելության քննության վկայագիրն է պարտադիր։ Խոսքը ոչ թե ատեստատի մասին է, այլ երբ երեխան միասնական քննությունն անցնում է ու ստանում է վկայագիր՝ սերտիֆիկատ, այսինքն՝ խոսքն այդ քննության ժամանակ ստացած՝ ընդունելության համար տրվող քննության վկայագրի մասին է»,-ասաց Իսպիրյանը։



Նման ձեւակերպումն օրինագծում հնարավո՞ր է հետագայում թյուրիմացություններ առաջացնի։ Արա Իսպիրյանը կարծում է, որ, հակառակը՝ տրված է ավելի ճիշտ ձեւակերպում, քանի որ․ «Ընդունելության քնությունները միայն միասնական չեն, լինում են նաեւ այլ տեսակի, օրինակ՝ կենտրոնացված, այսինքն՝ որեւէ չափորոշիչ խախտված չէ, տրված է ավելի ընդհանուր ձեւակերպում՝ պարտադիր է ընդունելության քննության վկայագիրը, դրա մեջ կարող է լինել միասնական քննություն, այլ տեսակի քննություն, բայց դա ընդունելությանը վերաբերող քննություն է»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**