Ելման կետ

Ելման կետ
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն այսպես է բացատրել․ «Սկզբում Լավրովը գնաց Բաքու, հարցրեց՝ Դուք կմտնե՞ք ԵԱՏՄ, թե՞ ոչ։ Բաքվում ասացին՝ ոչ։ Ինքը հասկացավ, որ այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Դա է պատճառը, որ ասաց՝ Լեռնային Ղարաբաղի հարցն այն կոնֆլիկտներից է, որ արագ չի լուծվում։ Բաքվում ինքը մերժում ստացավ եւ, գալով Հայաստան, շեշտը դրեց այն բանի վրա, որ մոտ ժամանակներս մի սպասեք ոչ մի բան։ Դա մեզ չէր ուղղված, դա պատասխանն էր Ադրբեջանի կեցվածքին։ Ինքն ուներ երկու սցենար։ Եթե Բաքուն սկսեր խաղալ, թե կարող է մտնել ԵԱՏՄ, ապա իր տոնն էլ կփոխվեր։ Նա կասեր՝ դե, պետք է ուսումնասիրենք, շանսեր կան։ Քանի որ դա չեղավ, Լավրովն ստիպված էր հայտարարել, որ կոնֆլիկտը կարող է երկար ձգձգվել»։



Ասվածի մեջ, անշուշտ, տրամաբանություն կա։ Եվ Ռուսաստանի քաղաքականության երկարամյա վերլուծությունները հօգուտ այս ռազմավարության են խոսում։ Բայց սա մի բան է նշանակում, որ մենք վերջին տարիներին ամեն ինչ պիտի անեինք այս ռազմավարությունը վիժեցնելու համար։ Ամեն ինչ պիտի անեինք, որ ռուսական քաղաքական շահերի մանրադրամը չդառնայինք, չխաբվեինք շողոմ խոստումներին եւ չվախենայինք չհիմնավորված սպառնալիքներից, ինչպես արեցինք 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ վկայակոչելով մեր անվտանգության խնդիրները եւ 4 անպտուղ տարիներ անցկացնելով ԵԱՏՄ «գրկում»՝ մերժելով ու հեռանալով եվրոպական ընտանիքից։ Հիմա մենք կրկին վերադարձել ենք 4 տարի առաջվա ելման դիրքին, կորուստներից մի քիչ խեղճացած, բայց խելոքացած։ Այսօր, հավանաբար (հուսանք), ԵՄ-ի հետ կստորագրվի բազմաչարչար փաստաթուղթը, եւ իրավիճակ կփոխվի:



**Արմինե Օհանյան**