Հայկական հյուրասիրության եվ ռուսական շնորհակալության մասին

Հայկական հյուրասիրության եվ ռուսական շնորհակալության մասին
Կնճիռը կարծես հարթվեց: Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել իր ղեկավարությամբ գործող հեռուստաալիքի եթերում ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձեւակերպումների եւ գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում: Այս մասին տեղեկացանք «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում։



«Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին, «Զվեզդա» ազգային հեռուստաընկերության «Պռոգնոզի» հաղորդման ժամանակ, Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձեւակերպումներ եւ գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում…»,- նշված է «Զվեզդա» հեռուստաընկերության նախագահի` ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ուղարկված պաշտոնական նամակում։



Ցավոք սրտի, «Հորիզոնը» չի հաղորդում` հնչելո՞ւ է արդյոք «Զվեզդա»-ի նախագահի ներողության տեքստն այն նույն լսարանի համար, որի ականջը հեռուստամեկնաբան Վերոնիկա Կրաշեննիկովան լցրել էր հիմարություններով, որոնք, սակայն, դժվար է միանշանակ կերպով վերագրել ինչ-որ «բացթողման» կամ այդ տիկնոջ անգրագիտությանը: Միայն այն հանգամանքը, որ «Զվեզդան» ՌԴ զինված ուժերի հեռուստաալիքն է, արդեն իսկ կասկածներ է ծնում, որ Կրաշեննիկովայի անդրադարձն ամենեւին էլ պատահականության կամ, առավել եւս, «բացթողման» հետեւանք չէ:



Ի դեպ` մասնագիտական աչքից չի վրիպում նաեւ այն, որ եթեր հեռարձակված հաղորդման այդ հատվածի հետ Կրաշեննիկովան, որպես հեղինակ, որեւէ կապ չունի: Նա նույնությամբ կարդում է հրամցվող տեքսը` առանց ուղեղը շարժելու: Դա նկատելի է հենց առաջին հայացքից, իսկ ՀՀԿ եւ նացիստների զինանշանների համեմատությունից հետո նրա հոգոցը, թե ինքը նմանություններ է տեսնում, խիստ բռնազբոսիկ դերասանական խաղ է: Միջպետական հարաբերություններին առնչվող նյութը, փաստորեն, հրամցվել է հեռուստամեկնաբանին: Իսկ ինչպե՞ս կարող էր «նուրբ խնդիրներին» վերաբերող ասելիքը եթեր հասնել առանց հեռուստաալիքի ղեկավարության իմացության:



Tert.am-ին տված հարցազրույցում ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե իր գործը չէ ինչ-որ հեռուստաալիքի հաղորդում մեկնաբանելը: Այ, եթե դա ասվեր Կրեմլից, ՌԴ ԱԳՆ-ից կամ Պետդումայից, ինքը կարձագանքեր: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ ՀՀ հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններից բացի, տխրահռչակ հեռուստամեկնաբանը «շքեղ» համեմատություն էր անցկացրել նաեւ ՀՀԿ եւ ֆաշիստական զինանշանների միջեւ: Եվ ուրեմն ո՞վ, եթե ոչ ՀՀԿ խոսնակը պետք է արձագանքեր իր կուսակցության զինանշանի հանդեպ այդ անհարգալից վերաբերմունքին:



Եթե նկատեցիք` «Զվեզդայի» նախագահն իր «ներողության» տեքստում «բացթողում» է համարում Հայաստանի հասցեին հնչած մեղադրանքները միայն: Իսկ ո՞վ եւ ե՞րբ պետք է ներողություն խնդրի ՀՀԿ եւ ֆաշիստական սիմվոլիկաների համեմատության համար, Նժդեհի եւ Բանդերայի համեմատության համար…



Պատվիրվա՞ծ էր արդյոք «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդաշարի այդ հատվածը: Միանշանակ` այո: Շատ էլ չսրբացնենք մեր ռազմավարական դաշնակցին, բոլորին է հայտնի, որ փողով Ռուսաստանում կարելի է գնել գրեթե ամեն ինչ: Ոստի, կարծում ենք, ճիշտ կլիներ Կրաշեննիկովայի «ազատ մտածողության» եւ «պատկերավոր տեսողության» հետեւում ականջներ փնտրելը: Արդյոք դա ադրբեջանական լոբբիստական հաստատությունների կամ ՌԴ ՊՆ-ում բուն դրած ադրբեջանամետ խմբավորման ձեռքի գործ չէ՞ր: Նվազագույնը նման հարցադրում պետք է արվեր, որպեսզի «Զվեզդայի» ղեկավարությունը չբավարարվեր «վայ, կներեք, բացթողում էր» ոճի մեջ մի չորուկ ներողությամբ:



«Զվեզդայի» եթերային աղբի առնչությամբ հայաստանյան մամուլում եւ սոցցանցերում բարձրացած աղմուկը, կարելի է ասել, մի քանի անգամ գերազանցեց Կրաշեննիկովայի հայտարարության թողած տպավորությունը, սակայն այդ աղմուկը, բողոքը, ցավոք, չհասավ «Զվեզդայի» լսարանին, որի մի ներկայացուցիչն էլ Հայաստանում ՌԴ դեսպանատունն է: Հավանաբար, Էդվարդ Նալբանդյանին հատուկ ցուցում էր պետք` ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին կամ նրա ռազմական կցորդին ԱԳՆ հրավիրելու եւ բացատրություն պահանջելու համար: Դրանից հետո, կարծում ենք, Հայաստանում անսահմանափակ սփռում ունեցող ռուսական հեռուստաալիքներն ու դրանց ղեկավարներն ավելի երկար կմտածեին Հայաստանի մասին որեւէ հաղորդում եթեր տալուց առաջ:



Մենք, իհարկե, որեւէ իրավունք չունենք բռնանալու «Զվեզդայի» խոսքի ազատության վրա, սակայն այդ խոսքի ազատության մի չափանիշի մասին կարելի է երկու խոսք ասել: Դիցուք` մեզ, որպես լրագրողի եւ հրապարակախոսի, հետաքրքիր է իմանալ, թե ինչու «Զվեզդայի» եթերից շատ արագ անհետացավ հակաթուրքական հիստերիան, որ սկսվել էր թուրքական օդուժի կողմից Սիրիայի երկնքում ռուսական ռազմական օդանավի կործանումից հետո: Մի՞թե ռուսական շուկայում թուրքական լոլիկի հայտնվելը բավական էր, որպեսզի «Զվեզդան» մոռանա ամեն ինչ, եւ Կրաշեննիկովան այլեւս նմանություն չտեսնի Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության զինանշանի եւ «Мне до лампочки» ռուսական հայտնի խոսքի միջեւ:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**