Զոհված ավագ սպան Արմավիրի Մուսալեռ համայնքից էր

Զոհված ավագ սպան Արմավիրի Մուսալեռ համայնքից էր
Երեկ երեկոյան ականի պայթունից մահացած 22-ամյա զինծառայող Գեղամ Զաքարյանը Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքից էր: Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ լուրն առաջինը զինկոմն իրեն էր հայտնել, երբ փորձել է տեղեկացնել ծնողներին, հարազատներն արդեն հասցրել են ասել, որ որդին վիրավորվել է: «Դե չգիտեմ, բայց հասկացել էին, որ շատ վատ բան է եղել: Ինքը ավագ սպա էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Շատ լավն էր: Քույրն ու եղբայրն ամուսնացել էին, առանձին էին ապրում, ծնողների հետ ինքն էր: Հայրը փայտամշակման արտադրությունում է աշխատում, խելոք, բանվոր մարդիկ են, ինչ ասեմ»,- ցավով ասաց համայնքապետը՝ նշելով, որ այս պահին տղայի դին Արցախից տեղափոխել են Էջմիածին, երեկոյան գյուղ կտանեն: «Հարազատների հետ պետք է խոսեմ, քննարկենք, թե հոգեհանգիստը որտեղ անենք, գյուղի եկեղեցում, թե տանը, այդ հարցերը դեռ չենք հստակեցրել»,-ավելացրեց նա:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: