Երկրին թե՛ զինվոր, թե՛ գիտնական է պետք

Երկրին թե՛ զինվոր, թե՛ գիտնական է պետք
Այն ազգը, որ չի կերակրում իր բանակը, վերջնարդյունքում կերակրում է թշնամու բանակը: Նա, ով իր ազգի բանակում չի ուզում ծառայել, վերջնարդյունքում ծառայում է կամ ծառայելու է թշնամու բանակում: Հուսամ` շատ բարդ բան չասացի, սիրելի ուսանողներ: Նրանք, ովքեր այսօր ձեր գլուխն են մտցնում այն հիմարությունները, թե բանակ գնալու դեպքում դուք այլեւս գիտությամբ զբաղվել չեք կարող, պարզ դասալիք ու դավաճան են: Բանակում պարտադիր ծառայությունը որեւէ կերպ չի խոչընդոտում գիտությամբ ձեր զբաղվելուն: Ընդհակառակը:



Պատկերացրեք` բանակ չկա: Ձեզնից քանի՞սն է մանկավարժականն ավարտելուց հետո գյուղերում մանկավարժություն անելու… Այ, այդպես էլ այսօր ցույց անող ուսանողներն են զբաղվելու գիտությամբ: Այսինքն` մի քանիսը զբաղվելու են կամ ցույց են տալու, թե զբաղվում են, իսկ մյուսներին դա պետք է ընդամենը բանակից խուսափելու, նույնն է` գյուղ չգնալու, ուսուցչությամբ չզբաղվելու համար:



Օրենքն ընդունվելուց հետո, կարող եմ գրազ գալ, կտրուկ նվազելու է բուհ ընդունվել ցանկացողների թիվը: Կդիմեն միայն նրանք, ովքեր իսկապես ցանկանում են զբաղվել գիտությամբ կամ տառաճանաչ դարձնել գալիք սերունդներին: Ուրիշ ի՞նչ առաքելություն ունի բուհը:



Մեր ուսանողի գլուխն այսօր լցնում են մի ցնդաբանությամբ, որ եթե որոշել է գիտությունների թեկնածու լրագրող դառնալ, ապա պետք է տարկետում վերցնի, այլապես չի կարող թեզ պաշտպանել: Սա էշություն է: Բանակում չծառայած լրագրողի թեզն ի՞նչ պետք է լինի: Իսկ պատմաբանի՞: Քիմիկո՞ս եք ուզում դառնալ, խնդրեմ, գնացեք բանակ, որ սովորեք հակառակորդի քիմիական զենքից պաշտպանվելու հասարակ կանոնները` նախ: Բժի՞շկ, խնդրեմ, 2 տարով ձրի պրակտիկա են առաջարկում: Կխանգարի՞: Հա՛, Սաքուլիկի գործը մի քիչ դժվար է: Նա որոշել է ինժեներ դառնալ: Բա ի՞նչ անենք: Սաքո ջան, սպասիր մի հատ զանգեմ: Պարոն պաշտպանության նախարար, Սաքուլիկի, ըըը… Սաքոյի համար հարմար գործ չունե՞ք բանակում, պոլիտեխնիկի լավագույն շրջանավարտներից է: Սաքո ջան, պաշտպանության նախարարը հարցնում է` կարո՞ղ ես բլինդաժ կամ դաշտային արտաքնոց նախագծել: Ասում է՝ հա, պարոն նախարար: Ի՞նչ, խրամա՞տ… Հա, ասում է, դա էլ կարող եմ, կամուրջ էլ, զորանոց էլ, պահեստ էլ… Սաքո, ինչո՞ւ ես աչքերդ չռել վրաս, չե՞ս կարող, այ տղա: Բա 5 տարի ի՞նչ են սովորեցրել քեզ: Անցյալ օրն էլ մի ցուցարար ուսանող ասում էր` երազել եմ թումանյանագետ դառնալ, որ հանկարծ տարկետումը հանեն, երազանքս անկատար կմնա: Քոռանամ ես: Դեռ լավ է, որ մեր երկրից կլասիկներին չեն հալածել: Թումանյանի գիրքը հետդ տար, տղա ջան, ինքնապատրաստության ժամերին կկարդաս, հաստատ քեզնից չեն խլի բանակում: Ազնվորեն ասեմ` ես հատկապես չեմ հասկանում մեր ապագա թիթեռ բռնողներին: Ասում են` տարկետումից է կախված մեր հետագա կյանքը: Տղերք, դուք ոչ մի տեղ ավելի մոտ չեք լինի բնությանը, քան բանակում:



Մի բան էլ ասեմ: Բանակը կյանքի դպրոց է: Բայց դա բանակից կախված չէ, մարդուց է կախված: Սա ասում եմ որպես խորհրդային բանակի սպա եւ ՀՀ զինված ուժերի դեսանտա-գրոհային բրիգադում (1992-1995 թթ.) ծառայած մարդ: Մի իրական դեպք պատմեմ: Հրամանատարներից մեկը նկատում է, որ զինվորները դժկամությամբ են խրամատ փորում: Նա նռնակի օղակը քաշում ու գցում է քիչ հեռու` պառկե`ե`ել… Մի քանիսի հետույքները բեկորներից քերծում են: Վայ, մամա ջան, էս ի՜նչ եղավ… Հրամանատարը հանգիստ ասում է. «Վաղը կրկնելու ենք այս վարժությունը»: Բնականաբար` մի երկու ժամից խրամատն արդեն պատրաստ էր, իսկ կյանքի եւս մեկ դաս` վերջնականապես սերտված:



ԵՊՀ ամբիոնի վարիչ քավորս օրերս եղբորորդու հետ մի լուսանկար էր տեղադրել Ֆեյսբուքում ու մակագրել` «Ապրիլյան պատերազմի հերոսի հետ»: Ինչո՞ւ բոլոր ծնողները չհպարտանան իրենց զինվորով:



Սիրելի ուսանողներ, մամուլում բաներ են գրում, թե ձեր այս ցույցերն ինչ-ինչ ուժեր են հրահրում, որ ձուկ որսան: Բա ամոթ չէ՞, որ ձեր հաշվին, ձեր տանը ուրիշը ձուկ որսա: Թքած, թե մի մամայի բալա չի փախնի բանակից, մի պաշտոնյա իր «հետ գցած» անուղեղին չի կորցնի արտասահմաններում: Դա չափանի՞շ է: Ուրիշ ժամանակ ասում եք` մենք ենք տերը մեր երկրի: Բայց մեր երկիրը նաեւ բանակով է, չէ՞, երկիր: Դուք չեք հիշի, ձեր հայրերին հարցրեք, թե ինչ էինք առանց բանակ: Գլուխները մահու տված մի բուռ քաջեր ժողովուրդ էին փրկում: Այսօր բանակ ունենք: Բա նրանք մեզ Արցախ տվեցին, որ մենք այսօր ցույց անենք, թե չենք ուզում բանակում ծառայել, որովհետեւ ուզում ենք թիթե՞ռ բռնել:



Ենթադրենք` 2040 թվից հետո այսօրվա անվտանգության երաշխավորներն արդեն չկան: Ո՞վ է լինելու մեր վաղվա նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտպանության նախարարը: Այսօրվա ուսանողներն են, չէ՞, լինելու: Այդ ի՞նչ է փոխվելու Հայաստանի շուրջը վաղը: Թուրք չի՞ լինելու այդ ժամանակ… Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները ծառայեն թուրքի բանակում, ուրեմն այսօր դուք պետք է ծառայեք ձեր երկրի բանակում: Սա ո՛չ պաշտպանության նախարարի հորինած օրենքն է, ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության: Սա համարեք բնության օրենք:



Այսքան բան: Նռնակի պատմությունը հիշո՞ւմ եք: Դե ուրեմն` դասի՛ի՛ի… Մեզ նաեւ գիտնականներ են պետք:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**