Հանուն ինչի՞, պարոն Գյուրջինյան

Հանուն ինչի՞, պարոն Գյուրջինյան

Մարդիկ կան, ում հանդեպ ժամանակին հարգանք ենք ունեցել, կարծել ենք, որ նրանք սկզբունքներ ունեցող, արժեքներ կրող, իրենց սեփական եսն ունեցող մարդիկ են։ Պաշտոնի ու փողի համար չեն ծախվի, չեն ծառայի չարին ու չարիքին, իրենց անձի արժանապատվությունը, իրենց կենսագրությունն ու շրջապատի հարգանքն ավելի բարձր կդասեն, քան, ասենք, մի իքս պաշտոնը եւ պետական գանձարանից ստացվող աշխատավարձը։ Եւ ամենակարեւորը՝ գործիք չեն դառնա իշխանության կամ ինչ որ անհատների ձեռքում։ Բայց երբ տեսնում ես, թե ինչ հեշտությամբ, ցածր գնով ծախվում են` չդիմանալով չնչին գայթակղություններին, ինչպես են մի հարվածով ջուրը գցում իրենց տարիների վաստակն ու բարի համբավը, հիասթափվում ես մարդկությունից, նրա գրագետ ու մտածող հատվածից։

Դավիթ Գյուրջինյան․ հարգված լեզվաբան, դասագրքերի հեղինակ, Լեզվի պետական կոմիտեի նախագահ։ Ի՞նչը կարող էր ստիպել այս հարգված մարդուն համաձայնելու, որ իշխանությունն իր սեւ գործն անի` իրեն օգտագործելով ազատվի Բրյուսովի ընտրված ռեկտորից, երկար տարիներ Բրյուսովը հմուտ եւ հավասարակշռված կառավարած կնոջից։ Լավ, սկզբունք չունեք, ջենտլմեն էլ չե՞ք: Պարզ է, չէ՞, որ մի նեղ անձնական, մի չպատճառաբանված պատճառ է ընկած այս հալածանքի հիմքում, որի զոհն է դարձել ոչ միայն ռեկտոր Կարինե Հարությունյանը, այլ մի ողջ բուհ։ Եւ բուհերի ինքանավարությունից հավերժ խոսող Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով այս կնոջը հեռացնել պաշտոնից` Դավիթ Գյուրջինյանին որպես միջոց օգտագործելով։ Ոչ բուհի դասախոսական կազմի, ոչ ուսանողության կարծիքը, ոչ հանրային վերաբերմունքը նրան հետ չի պահում իր նպատակին հասնելու քայլերից։ Սա էլ հո աշխարհաքաղաքական պրոցեսների հետ կապված գործընթաց չի՞, որ ասենք՝ դե, խեղճ Նիկոլն ինչ անի՝ աշխարհում ամենուր են նման պրոցեսներ ընթանում։ Փաշինյանին պաշտպանողներ, գուցե պատասխանե՞ք այս հարցին։ 

Բայց այս պատմության մեջ առավել տհաճ դեր է խաղում ինքը` ռեկտորի նորանշանակ ԺՊ Գյուրջինյանը, որը որոշել է իր ոչ պակաս կարեւոր պաշտոնը` Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը փոխել Բրյուսովի ռեկտորի պաշտոնով եւ բուհի դիմադրության պայմաններում` ամեն գնով նստել ռեկտորի պաշտոնին, ոչնչացնելով իր տարիների բարի համբավն ու հեղինակությունը։ Հանուն ինչի՞։ 

Բայց Գյուրջինյանը մենակ չէ, այլ օրինակներ էլ ունենք։ Ինչո՞ւ, օրինակ, հարգված բանաստեղծը,  90-ականներին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը դարձավ այս իշխանության կցորդը, խոսափողը, փաստաբանը։ Հանուն մի չնչին` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնի՞։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ խելացի մարդը չի տեսնում այն բոլոր ավերածությունները, որ արել է Փաշինյանի իշխանությունն այս 5 տարիների ընթացքում եւ կարծում է, թե չկա որեւէ ասպեկտ, որն արժանի է քննադատության, ուստի արժե ջերմեռանդորեն պաշտպանել նրանց եւ իշխանության մաս կազմել։ Ինչո՞ւ է մարդը հրաժարվել ազատ կյանքից, սեփական կարծիք ունենալու, հարգված մտավորական մնալու կարգավիճակից. հանուն այդ մի քանի հարյուր հազար դրամի՞։ 

Այդ նույն հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը․ ժամանակին «Հայքի» փայլուն խմբագիրը, խելացի, գրագետ, միշտ հակաիշխանական դաշտում գտնված մարդ, ինչո՞ւ է կուրորեն ծառայում օրվա իշխանություններին` անկախ եւ ընդդիմադիր հեռուստաընկերություններ փակում։ Կարծում եք՝ չգիտի՞, որ ցանկացած իշխանություն չարիք է եւ ցանկացած իշխանության ծառայելը մտավորականին ոչ սազական, անպատվաբեր աշխատանք է։ Վստահ եմ՝ գիտի, բայց գիտակցաբար ընտրել է իշխանական բարիքներից օգտվելու ճանապարհը՝ ի հաշիվ իր հեղինակության, իր համբավի, ընդդեմ իր պետության։

Ուրիշ նման օրինակներ էլ կան․ Կարո՞ղ էր Գուրգեն Արսենյանը չլինել ՔՊ-ական թիմում, կարո՞ղ էին Վասակ Դարբինյանը կամ Արամ Սուքիասյանը չլինել Հանրային հեռուստախորհրդի անդամներ, կարո՞ղ էին Կարինե Խոդիկյանը կամ Նարինե Թուխիկյանը շարունակել ապրել անաչառ մտավորականի կյանքով` չհամաձայնելով կարճաժամկետ պաշտոնավարման առաջարկներին եւ շարունակելով քննադատել իշխանությունների սխալներն ու խոսել ամեն ինչի մասին: Կարո՞ղ էր փաստաբան Վահե Գրիգորյանը չդառնալ իշխանություններին կից ՍԴ դատավոր, այլ անկախ փաստաբանի իր բարձր առաքելությունն իրականացնել: Կարո՞ղ էին նախկինում նախարար, բարձր պաշտոնյա աշխատած տարբեր անձինք` Տիգրան Խաչատրյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Արթուր Ջավադյանը, որոնք շատ լավ տեսնում են այս իշխանությունների բոլոր սխալները, իրենց անհամաձայնությունը հայտնել եւ հրաժարվել պաշտոններից` չցանկանալով մաս դառնալ աղետաբեր կառավարությանը: Իհարկե, կարող էին, բայց, փաստորեն, պաշտոնը քաղցր է, փողն ու կարգավիճակն ավելի կարեւոր են, քան իրենց հեղինակությունը եւ շրջապատի հարգանքը: