Ինչ է սպասվում «Ռիո» մոլում

Ինչ է սպասվում «Ռիո» մոլում

Վերջին տարիներին Հայաստանում «մոլային» բիզնեսը ծաղկում է ապրում։ Գաղտնիք չէ, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են գնումներ կատարել մոլերից, քանի որ այնտեղ նախ ընտրության լայն հնարավորություն կա, և հետո գնումներ կատարելը դառնում է ավելի հաճելի, քանի որ խանութներին կից գործում են ժամանցի և զվարճանքի վայրեր։ Նոյեմբերի 13-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում ևս մեկ մոլ կբացվի։ Խոսքը Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի հայաստանյան կենտրոնի մասին է: Մեր այցելության պահին կենտրոնում ներքին հարդարման վերջին շտրիխներն էին անում, միաժամանակ մաքրում էին սրահները: 



Մինչեւ պաշտոնական բացումը առևտրային կենտրոնի հետ կապված տեղեկատվությունը հույժ գաղտնի է պահվում, աշխատակիցները խոստանում են փակագծերը բացել հենց նոյեմբերի 13-ին:



«Ռիո» մոլը երկհարկանի շինություն է, 0 եւ 1-ին հարկերում լինելու են բրենդային խանութներ, 2-րդ հարկում՝ խաղասրահ և ժամանցի վայրեր, ինչպես մյուս մոլերում։ Չնայած մինչև բացումը հաշված օրեր են մնացել,սակայն մոլի սրահների և տաղավարների մեծ մասը դեռ վարձակալած չեն։ Իսկ այստեղ տարածքներ հատկացվելու են միայն բրենդային խանութներին, դատելով արդեն իսկ փակցված պաստառներից՝ հիմնականում ներկայացված են այն խանութները, որոնք առկա են մյուս մոլերում:



Նշենք, որ սա Կարապետյանների երրորդ առեւտրի կենտրոնն է Երեւանում՝ «Տաշիրից» եւ «Դալմա մոլից» հետո:



Կորյուն Սիմոնյան