«Ելքն» ու Վիգենը կռվեցին, հաղթեց Ռուզաննա Խաչատրյանը

«Ելքն» ու Վիգենը կռվեցին, հաղթեց Ռուզաննա Խաչատրյանը

«Ելքին» առիթ տուր խոսելու, եւ նա այն կբռնի օդում: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ առիթ է կամ ինչ թեմա է շոշափվում: «Ելքի» անդամները նույնքան պատրաստված են թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին եւ թե՛ նույնիսկ տնտեսական հարցերում:
Արտասահմանցի հյուրերս, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան, Փարաքարից մինչեւ Երեւան հասնելը հարցուփորձ են անում` ինչպե՞ս եք, ի՞նչ կա Հայաստանի քաղաքական կյանքում, կարծես ընդդիմությունն աշխույժ է, այո՞: Այդ մարդիկ հեռուներում լսում են «Ելքի» ակտիվության մասին, օրինակ, որ հեսա Հայաստանը դուրս են բերելու ԵԱՏՄ կազմից, ու ոգեւորվում`ինչ լավ է, որ Հայաստանում այդպիսի ուժ կա: Գլխով եմ անում` հա, լավ է: Հո այդ մարդուն, դեռ կարգին Հայաստան չհասած, չե՞մ բացատրի, որ խոսում էին, էլի: Խոսեցին-խոսեցին, անցավ-գնաց… Կարող էին, չէ՞, ԵԱՏՄ վարչապետների երեւանյան հավաքի օրերին փողոց դուրս գալ, ղալմաղալ գցել: Արի՞ն… Բախտավոր մեզ, որ այդքան հետեւողական ընդդիմություն ունենայինք:



«Ելքը» ելք չէր լինի, եթե մի գործը չվերջացրած՝ մյուսին չանցներ: Մանավանդ, որ հաջորդ առիթն էլ չուշացավ: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ճիշտ «Ելքի» հագով էր, այսինքն, ինչպես մյուս առիթների ժամանակ, այս անգամ էլ առանձնապես մեծ ջանքեր պետք չէին փոշի անելու եւ մինչեւ վերջ պոպուլիզմի տրվելու համար:



Պատերազմող երկրում, հասկանալի է, զինվորական ծառայությունը հանրությանը հուզող առաջնային հարցերից մեկն է, եթե չասենք՝ ամենաառաջինը: Շնորհիվ «Ելքի», սակայն, մեզանում այդ հարցն այսօր քննարկվում է բոլորովին այլ հարթության մեջ եւ մարդկային տրամաբանությանը ճիշտ հակառակ: Տեսեք հիմա` նախագծով խնդիր է դրվել զինվորական ծառայության հարցում վերացնել տարկետման իրավունքը, այսինքն` բոլորը պետք է ծառայեն, հետո գնան իրենց գործին․ որը՝ համալսարան, որը՝ մի լավ պաշտոնի, որը` խոպան: Ոզնուն էլ հասկանալի է, որ փորձ է արվում այսկերպ ինչ-որ չափով բանակի համալրման հարց լուծել, ինչը, ըստ էության, հանցանք չէ, եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որի մեջ գտնվում ենք բոլորով: Այո, պատերազմը նկատի ունենք, հարյուրավոր կիլոմետրեր ձգվող շփման գիծը, որը հսկել է պետք, պահել է պետք, եւ որը մեր փոխարեն ոչ ոք չի անի: Ո՞վ ապրիլյան պատերազմին կանգնեց մեր կողքին: Ոչ ոք: Ուրեմն բանակը համալրելը հանցանք չէ: Իսկ ի՞նչ է անում «Ելքը»: Փոխանակ նախագծի պատճառահետեւանքային կապերի մեջ խորանալու, նստել են բանակում չծառայածների «ասեղի» վրա ու առավոտից մինչեւ ուշ գիշեր խոսում են, օրինակ, Վիգեն Սարգսյանից, որ բավական չէ բանակում չի ծառայել, հիմա էլ պաշտպանության նախարար է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե Վիգեն Սարգսյանն այս օրենքի նախագիծը չբերեր, «Ելքը« նրան վաղն ուղարկելու էր ծառայության: Նույնկերպ եւ Էդուարդ Շարմազանովին, Կարեն Ավագյանին եւ բոլոր մյուսներին, ովքեր չեն ծառայել բանակում: Բայց ո՞վ պետք է հասկանա, որ նոր օրենքը Վիգեն Սարգսյանի համար չէ, որ սա Վիգեն Սարգսյանը չի գրել, որ այս ամենը հավեսի համար չէ:



Հասարակության այն խավերը, որ նախկին օրենքով էլ իրենց երեխաներին չէին կարողանում ժամանակավորապես «հետ գցել» բանակից, հեշտությամբ են կուլ տալիս «Ելքի» խայծը: Մալադեց, տղերք, էս ինչ են անում, հուպ տվեք, նրանց արյունը մերինից կարմիր չէ, թող գնան` ծառայեն, ասում են մարդիկ` դույզն-ինչ չկասկածելով, որ բոլորովին ուրիշ տեղ է ուղղված իրենց հայացքը: Ո՞ւմ երեխաներն են խուսափում բանակում ծառայելուց: Փողատերերի, պաշտոնյաների, դրսերում հաջողությունների հասած գործարարների եւ այլն: Ինչքան էլ ասենք, որ տարկետումը հանելու դեպքում էլ նույն պատկերն ենք ունենալու, միեւնույն է, նոր օրենքով խուսափելն ավելի է դժվարանալու, քան հիմա: Հետեւաբար, ամենեւին էլ խելացի չէ այս հարցում «Ելքի» հանդուգն պահվածքներով հիանալը:



Ո՞վ էր «Ելքին» խանգարում բանակում չծառայած պաշտոնյաների հարցն օրակարգում պահել մինչեւ այս օրենքի նախագծի ի հայտ գալը: Հիմա կասեն` մենք հա էլ ասել ենք: Հաստատ այնպես չէ, որ «Ելքն» է առաջինը խոսել այս մասին: Ամեն դեպքում, եթե իրոք ասվել է այնպես, ինչպես պետք էր ասել, ապա այդ ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանը Վիգենին նշանակեց պաշտպանության նախարար, ինչո՞ւ նա Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին չի ասում` գնացեք մի քիչ ծառայեք, որ ես այս ցավից պրծնեմ: Տասնյակ հազարավոր մարդիկ են զանազան պատրվակներով (հիվանդությունները չհաշված) ազատվել բանակից հենց օրենքի սահմաններում: Եվ, եթե նշված հանրապետականները եւ մյուս պաշտոնյաներն ու նրանց երեխաները նախկինում օրենքի խախտումով են ազատվել ծառայելուց, ապա դա պետք է քննել բոլորովին այլ ատյաններում եւ ոչ թե այդ հանգամանքը դրոշ սարքած՝ պայքարել նոր օրենքի դեմ:



Բայց ո՞ւմ եմ սա ասում:



«Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր խմբակցության ճեպազրույցն սկսել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումը մեջբերելով եւ պահանջելով, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գրավոր «փաստարկված» բացատրություն ներկայացնի Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ եւ պարզաբանի, թե ինչով է զբաղված եղել 18 տարի առաջ։ Վիգեն Սարգսյանի բերած օրենքը քննադատելու այսպիսի հզոր առիթ էլ ո՞վ էր տալու «Ելքին», եթե ոչ նախկին Պնախարարի կինը, որ ակամա թակարդ է հյուսել ոչ այնքան Վիգեն Սարգսյանի, որքան իր ամուսնու համար: Դժվար թե Պնախարար Սեյրան Օհանյանն իր կողակցից իմացած չլիներ այս պատմության մասին: Դժվար է պատկերացնել նաեւ, որ հենց Սեյրան Օհանյանը չէ վերջինը աչք փակել այդ «ոսկի երիտասարդի» չծառայած լինելու հանգամանքի վրա: Իսկ գուցե Սեյրան Օհանյանի եւ բժշկուհի Ռուզաննա Խաչատրյանի օրոք «ոսկի երիտասարդներին» անխտիր բանա՞կ էին տանում, գուցե հիվանդներին չէի՞ն զորակոչում` ծակերը փակելու համար: Նիկոլ Փաշինյանն էլ ընկել է ծուղակը եւ հաշիվ է պահանջում Վիգեն Սարգսյանից: Խնդրեմ, հաշիվ պահանջիր Ռուզաննա Խաչատրյանից եւ նրա ամուսնուց, որ այդքան քաջատեղյակ են այս ողջ անցուդարձից և ոչինչ չեն արել: Դատի տվեք, պարզեք, հետին թվով տարեք բանակ ու նաեւ չմոռանաք ինքներդ գնալ: Բայց հասկացեք, որ այդ ամենը բացարձակապես կապ չունի նոր օրենքի հետ, կապ չունի ընդդիմություն-իշխանություն պայքարի եւ, առհասարակ, քաղաքականության հետ:



«Ելքի» հարգելի գործընկերներ, թամաշա՞ եք ուզում, եկեք մի լավ թամաշայի տեղ էլ ես ասեմ: Պատկերացրեք` ձեր ելույթներից վախենալով՝ դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից ու հետն էլ գիծը պահող չունենք, որովհետեւ մեր բալիկները տարկետման մեջ են կամ առանց վիզայի գնացել են Եվրոպա: Բա մեր հալը ո՞նց է լինելու:



Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ