Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գիրքը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից

Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գիրքը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից

Իրանցի հայտնի ռեժիսոր, համաշխարհային կինոյում մեծ ճանաչում ունեցող Բեհրուզ Աֆղամին պատրաստվում է ֆիլմ նկարել գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրա։ Դրա մասին ինքը՝ հեղինակը, իմանում է շատ պատահական, երբ զանգահարում են եւ տեղեկացնում, որ Աֆղամին կարդացել է իր գիրքը եւ ուզում է հանդիպել։ «Ինքն իսկապես ոգեւորված էր, եւ պայմանավորվեցինք, որ սցենարի հեղինակը ես եմ լինելու»,-պատմում է Աշոտ Աղաբաբյանն ու հավելում, որ մինչեւ մարտ պետք է ավարտի սցենարը։ Ֆիլմը մեզ արդեն քաջ ծանոթ «Գարնան 17 ակնթարթների» ձեւաչափի նման է լինելու՝ 12 սերիանոց ու 1 ժամ տեւողությամբ գեղարվեստական ֆիլմ։
«Պրոցեսն այսպես է․ ես գրում եմ, իրենք պարսկերեն թարգմանում են ռեժիսորի համար, նա վերջնական տեսքի է բերում եւ ռեժիսորական սցենարի վերածում, որից հետո թարգմանվում է անգլերեն, գերմաներեն, իսկ ես վերջնական տարբերակը պետք է թարգմանեմ ռուսերեն։ Առաջինն արդեն եկան տարան, շուտով կավարտեմ 2-րդ սերիան»,- ասում է հեղինակը։



Հետաքրքիրն այն է, որ իրանցի ռեժիսորը, ով նաեւ իր բոլոր ֆիլմերի սցենարիստն է, առաջին անգամ է աշխատելու այլ սցենարիստի, այս դեպքում՝ հայ գրողի հետ։ «Ինձ ասաց՝ առաջին անգամ եմ այլ հեղինակի հետ աշխատելու, գիտեմ՝ դա տաժանակիր աշխատանք է, եւ կարող է իրար մորթենք, որովհետեւ գրքի հեղինակն ես, իսկ դա ամենածանր բանն է ռեժիսորի համար, դու ուրիշ կերպ ես պատկերացնելու, ես՝ ուրիշ կերպ, բայց ուզում եմ, որ հենց դու գրես, որովհետեւ միայն դու գիտես, թե վեպում ինչն է փաստացի իրականություն, ինչն է քո հորինվածքը։ Դա ոչ մեկի չես ասի, բայց եթե սցենարն ինքդ գրես, ապա ավելի շատ փաստի վրա ես կանգնելու»,- իրանցի ռեժիսորի հետ ունեցած իր զրույցով կիսվում է Աղաբաբյանն ու հավելում, որ ոչ մի խնդիր չի լինելու անունները փոխելու հարցում, քանի որ ինքն է սցենարը գրում, եւ ռեժիսորն էլ նման մտադրություն չունի։



Ֆիլմը լինելու է 3 լեզվով, բայց ո՛չ հայերեն, ո՛չ էլ պարսկերեն, այլ՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն։ Աղաբաբյանն ընդգծում է՝ քանի որ Աֆղամին է ռեժիսորը, չի կարող միջին մակարդակի ֆիլմ նկարվել. «Նախնական զրույցի համաձայն, նա ուզում է տաղավարներ վերցնել Երեւանում, նույնիսկ թաղամասեր՝ համապատասխան դեկորացիաներով, եւ նկարահանումների մեծ մասն անցկացնել Հայաստանում։ Թեհրանում դա հնարավոր չէ՝ տարբեր խնդիրներից ելնելով»։ Ֆիլմը լինելու է Իրան-Ռուսաստան, հնարավոր է նաեւ՝ Մեծ Բրիտանիա համատեղ արտադրության։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նկատում է Աղաբաբյանը, հանդիպումներից մեկի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանն անպայման մասնակցություն պետք է ունենա դրանում։ «Իրականում ամոթ էլ է, որ չունենա։ Ամեն դեպքում՝ Ամիրյանն ասաց, որ պատրաստ է հանդիպելու ռեժիսորի հետ, ես էլ մեծ սիրով կկազմակերպեմ նրանց հանդիպումը»,- ասում է նա ու հավելում, որ իրանցի ռեժիսորի հետ ամռանը հանդիպել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ 



Աֆղամին իր հետ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ է խոսել․ սցենարն ավարտելու հենց հաջորդ օրը ռեժիսորը պատրաստակամություն է հայտնել նկարահանող խմբի հետ գալ Երեւան եւ սկսել նկարահանումները։ «Ինքն անհամբեր սպասում է, թե երբ եմ ավարտելու, մեր հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին, քանի որ հիմա ֆիլմ է նկարում Իրանի հյուսիսում»։ Գրողն ընդգծում է, որ այն ամբողջ աշխարհում շրջող ֆիլմ է լինելու՝ մեծանուն հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին։ «Որտեղ ե՛ւ Արամ Խաչատրյանը կա, որպես իր մտերիմ ընկեր, ե՛ւ պատմական անցքերն են զուտ գաղափարական կաղապարներից դուրս։ Ինձ թվում է՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, եւ կարծում եմ՝ սա առաջին ֆիլմն է, որ կնկարվի նման մասշտաբով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայկ Հովակիմյանը շատ մեծ հայորդի է եղել, Զորգեից էլ խոշոր դեմք, որ նրա բերած ինֆորմացիաներով Նոբելյան մրցանակի արժանացած գործ կա։ Իսկական հայորդի, ում անձի հետ եմ կապում մեր քիմիական արդյունաբերության զարգացումը սովետական շրջանում»,- շեշտում է հեղինակը։



Ռեժիսորը գլխավոր հերոսի դերակատարի ընտրությունն առաջարկել է հենց Աղաբաբյանին, ում կարծիքով՝ շատ կարեւոր է այդ հանգամանքը, քանի որ դերասանը կարող է ե՛ւ տապալել ֆիլմը, ե՛ւ հաջողության տանել։ Ավելին՝ Աֆղամին առաջարկել է, որ այն ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ «Բայց ես նրան ասացի, որ դա պարտադիր չէ, ամեն դեպքում՝ ում էլ ես ներկայացնեմ, ինքը փորձելու է։ Այս ընթացքում ինձ արդեն բավականին անուններ են տվել, որոնց կողմից միջնորդ մարդիկ գալիս հանդիպում են ինձ, որովհետեւ կասկածից վեր է, որ ֆիլմը մեծ հնչեղություն է ունենալու եւ, բնականաբար, մեծ գումար ու հեղինակություն կբերի այդ դերասանին»,- ասում է Աղաբաբյանն ու նկատում, որ ռեժիսորին նախնական ասել է, թե ում է պատկերացնում այդ դերում, դա հայտնի դերասան Վլադիմիր Մաշկովն է, ով նաեւ մի փոքր խոսում է հայերեն․ «Ես պատկերացնում եմ իրեն այդ դերում, բայց Մաշկովը կարող է թանկ հաճույք լինել, չնայած պարսկական կողմն ասել է, որ ֆիլմի ֆինանսական մասն արդեն լուծված է։ Սա արդեն ժամանակի խնդիր է, ամեն դեպքում՝ ես նրա թեկնածությունն եմ առաջարկել, բայց դեռ Մաշկովի հետ այս մասին չի էլ խոսվել»։



Նշենք, որ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2004-ին։ Հեղինակն ասում է, որ երբ առաջին անգամ այն հրատարակվել է, իրեն խորհուրդ են տվել տպագրել 300 օրինակով՝ պատճառաբանելով, թե մարդիկ գիրք չեն կարդում, բայց ինքը չի կասկածել, որ գիրքը հաջողություն կունենա, ուստի տպագրել է 2 հազար 500 օրինակով, եւ այն 3 ամսում սպառվել է․ «Ես 7 տարի «Ռեզիդենտի» նյութերը հայթայթելու համար վազել եմ ու, իհարկե, գիտեի, որ գիրքը բանվորից մինչեւ նախագահի համար է գրված, բայց չգիտեի, որ մենք այդքան լավ ընթերցող ունենք, 2 հազար 500 օրինակը միանգամից սպառվեց, եւ արդեն 4-րդ ամսում ես նվիրելու գիրք չունեի»։ Մի քանի տարի անց գիրքը վերահրատարակվեց նույնքան տպաքանակով։ Հաջորդ անգամ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ցանկությամբ այն տպագրվեց, իսկ 4-րդ անգամ՝ արդեն «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, գիրքը, կարելի է ասել, նույն հաջողությունն է գրանցել նաեւ Իրանում՝ 3 անգամ տպագրվելով ու վերահրատարակվելով։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ