Պրոցեսն սկսվել է

Պրոցեսն սկսվել է

Դատելով վերջին շրջանում Եվրամիության եւ եվրոպական գործիչների Հայաստանում ծավալած աշխատանքից, ինչպես նաեւ եվրոպամետ հայ գործիչների ակտիվությունից, կարելի է եզրակացնել, որ նոյեմբերին Բրյուսելում կնքվելիք Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կնքումը որոշակի կրքեր, նաեւ՝ անհանգստություն է առաջացրել։ Արեւմտյան գործիչները վստահ չեն, որ Հայաստանը նախորդ անգամվա նման վերջին պահին չի հրաժարվելու ստորագրումից։ Վրաստանում զորավարժություններից հրաժարվելու փաստն այդ անհանգստության համար պարարտ հող է ստեղծել։ Եվ դրան ուղղված քայլեր են արվում, հույսի ու սպասումի խոսքեր հնչում։ Սակայն որքան էլ 2015-ի սեպտեմբերի 3-ից հետո «անկանխատեսելի» երկիր լինի Հայաստանը, հայաստանյան քաղաքագետները վստահ են, որ այս անգամ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է։ Որպես հիմնավորում՝ առաջ է քաշվում այն փաստը, որ Սերժ Սարգսյանը Սոչի մեկնելուց եւ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպելուց հետո վերահաստատեց այդ մտադրությունը՝ հասկացնելով, որ Պուտինը տեղյակ է, Պուտինը դեմ չէ։ Մյուս կողմից՝ Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայով քննարկումներ են սկսվել, եւ եվրոպական հանրությունն ուշադիր հետեւում է դրան՝ առայժմ չմիջամտելով ու բացահայտ չխրախուսելով, սակայն «աչքով-ունքով» հավանություն տալով։ Պարզ է, որ գործընթացը տրամաբանական ավարտին չի հասնելու, բայց ճիշտ է «Ելքը», հանրության շրջանում որոշ կասկածներ հարուցելը, ԵԱՏՄ օգուտների ու վնասների մասին խոսակցություն ծավալելը մեզ մի փոքր կհեռացնի ռուսական ազդեցությունից եւ սուվերենության գաղափարների գեներացմանը կնպաստի։ Ռուսաստանի դեմ սանկցիաներին զուգահեռ եվրոպական ուղղությամբ նայելու մեր փորձերը կարող են օգտակար լինել Հայաստան պետության հետագա կայացման համար։