Երեւանի թիվ 157 մանկապարտեզում տեղյակ չեն, թե երբ են նշանակելու նոր տնօրեն

Երեւանի թիվ 157 մանկապարտեզում տեղյակ չեն, թե երբ են նշանակելու նոր տնօրեն

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գտնվող թիվ 157 մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու պատճառով ծնողները սկզբում աղմուկ բարձրացրին։ Սեպտեմբերի 26-ին նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել մանկապարտեզ այնքան ժամանակ, քանի դեռ Զարա Ադիյանին չեն վերականգնել տնօրենի պաշտոնում։ 



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ տարածեց հայտարարություն՝ խորհուրդ տալով զերծ մնալ շահակումներից։ Քաղաքապետարանը հայտնել էր, որ որոշման համար հիմք է հանդիսացել «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ, իսկ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները:



Շաբաթներ անց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից փորձեցինք իմանալ, թե ով է փոխարինելու Զարա Ադիյանին։ Նա տեղեկացրեց, որ նախկին տնօրենին ազատելուց հետո նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։
Հետաքրքրվեցինք, թե ով է նշանակվելու, ինչ ընթացակարգով է լինելու նշանակումը մանկապարտեզի տնօրենի պաշտոնում։ «Չեմ կարող ասել, երբ նշանակվի տնօրեն, սահմանված կարգով անպայման բոլորիդ կտեղեկացնենք»,- ասաց մեր զրուցակիցը։



Մենք կապ հաստատեցինք նաեւ թիվ 157 մանկապարտեզի աշխատակիցների հետ՝ պարզելու, թե ով է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, եւ երբ են նշանակելու մանկապարտեզի տնօրեն։ Մանկապարտեզի դաստիարակներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սեդա Պողոսյանը, որը մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրենն է։ Հարցին, թե սեպտեմբերի 26-ից հետո է՞լ են ծնողները բողոքի ակցիաները շարունակել, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը իրավասու չէ այդ մասին որեւէ բան ասելու։



Հետաքրքրվեցինք, թե երբ է նախատեսված նոր տնօրենի նշանակումը, հնարավո՞ր է, որ նշանակվի դրսից մեկը եւ ոչ թե մանկապարտեզից։ «Մենք տեղյակ չենք, ոչ ոք տեղյակ չէ, մեզ ոչինչ չեն ասել այդ մասին։ Ինչո՞ւ եք այդ մասին հարցնում մեզ, օրաթերթը մեզ հետ ի՞նչ կապ ունի։ Մենք տեղյակ չենք, թե ով է լինելու, ով է գալու, ծնողները բողոքեցին, ոչ մի բանի տեղ չանցավ։ Պաշտոնակատարը կփոխարինի՝ մինչեւ նոր տնօրենի նշանակումը։ Թե ով կլինի, երբ կնշանակվի՝ ոչ ոք չի կարող ասել, մեզ չեն տեղեկացրել, թե պաշտոնակատարը ինչքան ժամանակ կփոխարինի։ Միանգամից կնշանակեն, նոր տնօրենը կգա, կներկայանա»,- արձագանքեց մեր զրուցակիցը։