Եթե մենք ապրելու իրավունքից ենք զրկված, ի՞նչ ստեղծագործելու մասին է խոսքը (տեսանյութ)

Եթե մենք ապրելու իրավունքից ենք զրկված, ի՞նչ ստեղծագործելու մասին է խոսքը (տեսանյութ)

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում բարձրաձայնվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքի մասին, այդ մասին խոսեցին փաստաբան Արայիկ Պապիկյանը, երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը եւ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։



Ինչպես նշեց փաստաբանը, Աշոտ Պետրոսյանը գտնվելով անազատության մեջ չի կարողանում իրականացնել ստեղծագործելու իր իրավունքը, մասնավորապես թույլ չի տրվում գեղանկարչին փոխանցել մի շարք պարագաներ, որոնք արգելված չեն օրենքով, խոսքը վերաբերում է սովորական թղթին, գունավոր գրիչներին, մոմամատիտներին, պարագաներ, որոնք արդեն մեկ ամսից ավել է չի կարողանում ստանալ։ Փաստաբանը նկատում է՝ քանի որ Աշոտ Պետրոսյանը կալանքի մի քանի ամիսները կրել է քրեակատարողական այլ հիմնարկում, երբեւէ նման խնդիր չի առաջացել, բայց հիմա՝ լինելով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում սա դարձել է խնդիր։ Մինչդեռ քրեական օրենսգրքում նշված է, որ պետությունը խրախուսում է հատկապես անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործելու զբաղվածությունը։



Պապիկյանը զարմանում է, որ օրինակ կապույտ գրիչ թույլ են տալիս, իսկ կարմիր գրիչ՝ ոչ, մասնավորապես օրեր առաջ Պետրոսյանի աղջիկը ցանկացել է նրան կարմիր գրիչ փոխանցել, բայց թույլ չեն տվել։ Նա կարծում է, որ այդ գործելաոճը եւ օրենքի չիմացություն է եւ դիտավորություն Աշոտ Պետրոսյանի նկատմամբ, քանի որ նա հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար՝ լինելով «Սասնա ծռերի» անդամ։ Փաստաբանն արդեն դիմել է ՄԻՊ-ին, որպեսզի խնդիրը համապատասխան իրավական ընթացակարգով բարձրաձայնվի նաեւ կառավարությունում։



Ասուլիսին ներկա Ռուբեն Հախվերդյաննն էլ նշեց, որ սա մի փոքր դետալ է անարդարության, քանի որ ապրում ենք անարդար պետության մեջ։ Ըստ նրա, «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբության հետ համաձայն էր մեր երկրի 80 տոկոսից ավելին։ Նա մասնավորապես նկատեց, որ եթե մարդկանց ապրելու իրավունքն է վտանգված, էլ ոնց կարող ենք խոսել մարդու ստեղծագործելու իրավունքի մասին․ «Եթե մենք ապրելու իրավունքից ենք զրկված, ինչ ստեղծագործելու մասին է խոսքը, եթե ազգային հերոսին՝ «Միայնակ գայլին», կարմիր բերետավորները բանտում ծեծի են ենթարկում, էլ ինչի մասին կարող ենք խոսել, այստեղ ազգը իհարկե մեղք չունի, այստեղ մեղք ունի այս դիկտատուրան, որին ես անվանում եմ ժպտացող դիկտատուրա»,-նշեց Հախվերդյանն ու հավելեց, որ անգամ Փարաջանովին բանտում կոմունիստական շրջանում թույլ են տվել ստեղծագործել։



Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում շատ ցավալի է, բայց համոզված է, որ ոչինչ չի փոխվի․ «Ամեն ինչը վաղուց ասված է եւ այս խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում»։