Հաշվեքննիչ պալատը պետք է զերծ մնա օբեխեսեի գործելաոճից

Հաշվեքննիչ պալատը պետք է զերծ մնա օբեխեսեի գործելաոճից

 



Նոր Սահմանադրության ընդունումից հետո բազմաթիվ օրենքներում փոփոխություններ իրականացնելու խնդիր է առաջացել, առաջնահերթ օրենքների շարքում նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումն է: Նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատն այսուհետ վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ: Ի դեպ, «հաշվեքննում» բառը միջազգային «աուդիտ» բառի հայերեն թարգմանությունն է: Խորհրդարանի հանրապետական խմբակցության անդամ երեք պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը, ներկայացրել են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծ։



Չնայած արդեն տարբեր գնահատականներ են հնչել, ասվել է, որ սույն նախագծով ամբողջովին «կռտվում» է այս մարմինը, եւ սահմանափակվում են լիազորությունները, սակայն հեղինակները հակառակն են պնդում։ Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում մատնանշում է օրենքի նախագծում մի քանի փոփոխություններ, որոնք, իր գնահատմամբ՝ ավելի անկախ են դարձնում կառույցը։ Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գործում, օրինակ, հանրապետության նախագահն այլեւս որեւէ կերպ ներգրավված չէ: Նախկինում առաջադրում էր նախագահը, իսկ ընտրությունը կատարում էր Ազգային ժողովը: Հիմա, ըստ նախագծի, Հաշվեքննիչ պալատի նախագահին առաջադրում է ԱԺ իրավասու հանձնաժողովը, ԱԺ-ն ընտրում է նրան։ Կամ նախատեսվում է, որ պալատի գործունեության ծրագիրն այլեւս չի հաստատվելու ԱԺ-ի կողմից։ «Դա էլ անկախ մարմին լինելու մեթոդներից մեկն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե ԱԺ-ն չէր հաստատում գործունեության ծրագիրը, նշանակում է՝ մարմինը գործունեություն չէր կարող ծավալել, ուրեմն այնքան էլ անկախ չէր, կար կախվածություն ԱԺ-ից։ Հիմա նրանք ազատ են եւ պարզապես հաշվետվություն են ներկայացնելու»,- ասում է Նիկոյանը։



Նա մատնանշում է Հաշվեքննիչ պալատի անկախության մեկ այլ չափորոշիչ, որը ներդրվում է իրենց հեղինակած նախագծով․ «Եթե Վերահսկիչ պալատը մինչ այժմ եզրակացություններ էր տրամադրում պետական բյուջեի տարեկան կատարողականի հաշվետվության վերաբերյալ, այսինքն՝ ոչ թե կատարողականի, այլ հաշվետվության՝ ըստ էության, կառավարության ներկայացրած թղթի, բայց այս նախագծով կատարողականի վերաբերյալ է լինելու հաշվետվությունը, ինչը եւս լիազորությունների ավելացում է։ Հաջորդը․ մինչ օրս ՎՊ-ի աշխատակիցները քաղծառայողներ են, ինչը նշանակում է կախվածություն Քաղաքացիական ծառայության խորհրդից, իսկ նոր օրենքով աշխատակիցների անկախության խնդիր է դրված»։



Նշենք, որ նախագծի 17-րդ հոդվածում, որտեղ նկարագրվում է, թե ով կարող է լինել Հաշվեքննիչ պալատի անդամ, ասվում է. «Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն եւ աուդիտորի որակավորում ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտորի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավար պաշտոնում»:



Այսինքն՝ ոչ մի քաղաքական կամ հանրային գործիչ, միայն հաշվետարներ եւ աուդիտորներ։ Սակայն նոր նախագծում ամենաուշագրավ փոփոխությունը թերեւս այն է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահին, կարճ ասած, զրկում են կարծիք հայտնելու իրավունքից, նա պետք է չոր թվերի եւ փաստերի լեզվով ներկայացնի իր հաշվետվությունը, սեփական կարծիք հայտնելու անգամ իրավունք չունի։ Նախագծում դրույթ կա Հաշվեքննիչ պալատի անդամի քաղաքական չեզոքության մասին․ «Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին եւ նպատակներին որակում չի տալիս, Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ որակում չի տալիս եւ դրանց հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում, Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն»։ Սա գրվել է, թերեւս, Իշխան Զաքարյանի քննադատական ելույթները հաշվի առնելով, երբ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը վատնվում եւ չարաշահվում է։ Այդ հայտարարությունը, կարելի է ասել, Զաքարյանի համար ճակատագրական եղավ՝ դրանից հետո նրան ուղղակիորեն արգելեցին նման ելույթները, եւ սկսվեց նրա դուրսմղման գործընթացը։



«Դուք տեսել եք մեզ մոտ բազմաթիվ քննարկումներ, որոնք այդպիսին չեն եղել, մինչդեռ ամբողջ աշխարհում անգամ նրանց լեքսիկոնի վրա են ուշադրություն դարձնում»,- հիմնավորում է Սամվել Նիկոյանը՝ ասելով, որ ամեն ինչ արել են, որպեսզի Հաշվեքննիչ պալատի որեւէ ղեկավար քաղաքական խնդիր չլուծի, քաղաքական որեւէ ուժի շահերից չխոսի։ Նիկոյանի խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է հաշվեքննության հստակեցմանը: Ըստ նախագծի՝ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ հիմնարկներում, իսկ այդ ստուգման մեթոդներն ընդլայնվելու են: Բացի այդ, նոր լիազորություն է սահմանվում անկախ մարմնին, որ հաշվեքննության շրջանակում ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից եւ այլն:
Սակայն օրենքը փոխելով, օրենքով առավել անկախ լինելու լիազորություններ տալով՝ անկախություն չես երաշխավորի, այստեղ քաղաքական կամք է հարկավոր, եւ ի՞նչ երաշխիք, որ Հաշվեքննիչ պալատի բացահայտումներն իրավական հետեւանք կունենան՝ հարցրինք Նիկոյանին՝ հիշեցնելով Իշխան Զաքարյանի աղմկոտ բացահայտումները, որոնք ոչ միայն անհետեւանք մնացին, այլեւ դրանց պատճառով նա արժանացավ Սերժ Սարգսյանի նախատինքներին։ «Համաձայն չեմ, բազմաթիվ հետեւանքներ են եղել։ Մեր ՎՊ-ն բավականին լավ գործունեություն ծավալեց, սակայն իր աշխատանքների ընթացքում բազմաթիվ առիթներ տվեց քննադատությունների, որովհետեւ բացակայում էր քաղաքական չեզոքության եւ զսպվածության մեխանիզմը, Վերաքննիչ պալատը պետք է զերծ մնա օբեխեսեի գործելաոճից»։ Նիկոյանը շեշտեց, որ նոր օրենքը պարտադրում է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին կասկածելի փաստերն անգամ Հաշվեքննիչ պալատը պարտավոր է ներկայացնել իրավապահ համապատասխան մարմնին, ինչը ՎՊ-ի դեպքում պարտադիր չէր։



Գալուստ Սահակյանի խոսքով՝ տարիներ շարունակ թեպետ ՎՊ-ն գործունեություն է ծավալել, սակայն որեւէ խնդիր չի լուծել․ «Օրենքը փոխել ենք այնպես, որպեսզի ավելի բարձր աշխատի, Իշխան Զաքարյանն էլ ասում էր՝ դատախազություն չեն դիմել եւ այլն, հիմա դա դառնալու է պարտադիր»։ Սահմանադրության համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի նոր նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, իսկ մինչեւ ապրիլ առաջնորդվելու են գործող օրենքով:



ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ Վերահսկիչ պալատի հին աշխատակազմը, ուսումնասիրելով օրենքի նախագիծը, դժգոհ է մնացել դրանից։ ՎՊ-ում խոսում են, որ ոչ միայն պալատի լիազորություններն են սահմանափակել ստուգումներ իրականացնելու հարցում, այլեւ տեսական, վերլուծական մարմնի գործառույթներ են սահմանել։ Մի բան պարզ է՝ նախկին օրենքը համապատասխանում էր նախկին ժամանակաշրջանին եւ նախկին ղեկավարությանը, իսկ նոր օրենքը կարվել է խորհրդարանական կառավարման ոգով, ինչպես նաեւ՝ բնույթով պասիվ ու առճակատումների չգնացող Լեւոն Յոլյանի «հագով»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ