ԵՄ-Ռուսաստան. դժվար մերձեցում

ԵՄ-Ռուսաստան. դժվար մերձեցում

Դոնալդ Թրամփն իր ողջ պերճանքով ու թշվառությամբ փայլեց հենց առաջին արտասահմանյան ուղեւորության ընթացքում: Նա չկարողացավ գերել Եվրոպան, թեեւ յուր պերսոնայի հանդեպ ակնածանք առաջացնելու նպատակով Եվրոպա ժամանեց Սաուդյան Արաբիայի հետ բավականին տպավորիչ պայմանագրեր կնքելուց, իսրայելա-պաղեստինյան ճակատում խաղաղության աղավնու դեր ստանձնելուց եւ Հռոմի պապին հյուրընկալվելուց հետո: Առաջին արտասահմանյան շրջագայությունը, որ բավականին տարողունակ ստացվեց, բաժանվեց 2 մասի: Հռոմը վերջին կանգառն էր, որից հետո սկսվում են Թրամփի եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության անհաջողությունները: Որքան էլ անսպասելի, դրանք կապվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, ապա նաեւ G7-ի հավաքի հետ, որտեղ Եվրոպան, կարելի է ասել, իսկական ճակատամարտ տվեց յանկի միլիարդատիրոջ դեմ` հասկացնելով, որ չի պատրաստվում անցնել նրա հեգեմոնության տակ:



ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ էլ սպասվում էր, որ Թրամփին բուն հարվածը հասցնելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում ամերիկյան այցը, մեղմ ասած, առանձնապես չտարբերվեց շարքային երկրների առաջնորդների այցերից: Արդեն Վաշինգտոնում ընդգծվեցին Թրամփ-Մերկել հակասությունները, որոնք սկիզբ էին առել ՆԱՏՕ-ի անդամ երկրների բյուջեների վրա Թրամփի նախընթաց հարձակումներով: ԱՄՆ նախագահը պահանջում էր, որ այդ երկրները մեծացնեն մասհանումները ՆԱՏՕ-ին, դրան դեմ էին Գերմանիան եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները` բացառությամբ, թերեւս, Մեծ Բրիտանիայի: Ռուսական սպառնալիքի մասին ամերիկյան քարոզչությունն այլեւս չէր աշխատում նախկինի նման, եւ դրան արձագանքում էին միայն մերձբալթյան երկրները, ինչը բավարար չէր առաջատար եվրոպական երկրներին ԱՄՆ դրոշի ներքո բերելու համար:



Գագաթնաժողովում Թրամփը հայտարարեց ՆԱՏՕ-ն սիրիական խնդրի կարգավորմանը եւ հակաահաբեկչական պայքարին ներգրավելու մասին` հույս ունենալով լրացուցիչ միջոցներ կորզել Եվրոպայից, դարձյալ ապարդյուն: Մերկելը բացահայտ դեմ գնաց այդ գաղափարին` նշելով, որ Գերմանիան մտադիր չէ լրացուցիչ զորակազմ եւ միջոցներ ներդնել: Դրանից հետո միայն Յենս Սթոլթենբերգը մեղմեց Թրամփի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի ներգրավումը չի ենթադրում ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն Սիրիայի պատերազմական գործողություններին: Բոլորի համար էլ պարզ էր, որ հակաահաբեկչական կոալիցիան լիուլի բավարար է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին վերջնական պարտության մատնելու համար: Իսկ թե ինչու դա տեղի չի ունենում, Եվրոպան վաղուց է հասկացել: Թուրք-ամերիկյան խաղերն ու ՄԱԿ անդամ Սիրիայի օրինական իշխանությունների դեմ արդեն 4 տարի ձգվող պատերազմը միայն երեխային կարող են համոզել, թե Սիրիայում ԱՄՆ-ն պայքարում է ահաբեկչության դեմ: Եվրոպայում այսօր չկա մի երկիր, որ դեռ չի ըմբռնել, որ Brexit-ը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԵՄ-ն ջլատելու եւ փլուզելու անդրօվկիանոսային փորձ: Վերջապես եվրոպական երկրները հասկացել են նաեւ, որ հակառուսական պատժամիջոցներից, որոնք դարձյալ ամերիկյան նախաձեռնություն են, տուժում են առաջին հերթին իրենք: G7-ի հավաքից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, որ ժամանակն է Եվրոպայի ճակատագիրը վերցնել մեր ձեռքը, այդ ամենի անհերքելի ապացույցն էր:



G7-ի ղեկավարների համատեղ հայտարարությունը, թե մտադիր են շարունակել հակառուսական պատժամիջոցների կիրառումը, կարելի է վերագրել 2014 թվականից սկսված հակառուսական արշավի իներցիային: Հայտարարությունը` հայտարարություն, բայց իրական կյանքում մենք տեսնում ենք, որ անիմաստ կերպով տապալված «Հարավային հոսք» ծրագրին, օրինակ, որպես հակակշիռ, Գերմանիան աջակցում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը, մենք տեսնում ենք, որ եվրոպական ընկերությունները, ոչ առանց հաջողության, ամեն շանս օգտագործում են կրկին ռուսական շուկայում հայտնվելու համար, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին են սկսել խոսել ավելի ու ավելի մեծ թվով երկրների ղեկավարներ:
Հակառուսական պատժամիջոցների ճակատի ճեղքման ուղղությամբ հսկայական քայլ կատարեց Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, ով մայիսի 29-ին Փարիզում ամենաբարձր պատիվներով ընդունեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մակրոնը նախապես հայտարարել էր, որ խիստ է դնելու Ուկրաինայի հարցը՝ հիշեցնելով, սակայն, որ Ռուսաստանն այն երկիրն է, առանց որի հնարավոր չէ լուծել միջազգային բարդ խնդիրները, օրինակ, Սիրիայում մնայուն խաղաղություն հաստատելու խնդիրը: Այս հայտարարությունից հետո արդեն տարօրինակ չէր հետբանակցային ասուլիսում Մակրոնի հայտարարությունը` Սիրիայում Ռուսաստանի հետ սեպարատ համագործակցելու ցանկության մասին: Սա իսկական ռումբ էր, որ նա դրեց ՆԱՏՕ-ն սիրիական կարգավորման գործին ներգրավելու ԱՄՆ-ի եւ Թրամփի առաջարկության տակ: Փաստորեն, մենք ականատեսն ենք դառնում եվրոպական առաջատար երկրների` Գերմանիայի եւ Ֆրանսիայի առայժմ հեռակա փոխհամաձայնեցված գործողությունների, որոնք ուղղված են ԱՄՆ արտաքին քաղաքականության որոգայթներից խուսափելուն: Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ապա թե Գերմանիան եւ թե Ֆրանսիան միանշանակ կողմ են, որ Ուկրաինայի հարցը կարգավորվի, ճիշտ է, Մինսկի համաձայնությունների շրջանակում, սակայն «նորմանդական քառյակի» ձեւաչափով` Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, առանց ԱՄՆ ներգրավման: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ուկրաինական ճակատում իր հրահրումներով կարող է միայնակ մնալ, ինչպես միայնակ մնաց հակաիրանական ճակատ ձեւավորելու փորձերում:
Մենք նաեւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն լարվածությունը մեծացնելուց բացի, ոչինչ չի կարողանում անել նաեւ Կորեական թերակղզում: Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռներ փորձարկել, իսկ նրան զսպելու նպատակով ներգրավված Չինաստանը հենց ԱՄՆ-ին է կոչ անում թերակղզու ջրերից հեռացնել ավիակիրներն ու ավելի չսրել իրավիճակը:



Աշխարհը խառնելու ԱՄՆ զինանոցը, սակայն, անսպառ է: Օրերս նախ Էստոնիայի, ապա Մոլդովայի կառավարությունները արտաքսման որոշումներ կայացրեցին ռուսաստանցի, համապատասխանաբար, 2 եւ 5 դիվանագետների նկատմամբ: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը դա որակեց որպես ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքի գործ: Ակնհայտ է, որ փորձ է արվում մի կողմից առճակատում սկսել Մերձբալթիկայում, որտեղ տեղակայվել են ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր եւ ռազմաբազաներ, իսկ մյուս կողմից Մոլդովայում, որի նախագահ Իգոր Դոդանն անթաքույց քայլեր էր անում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հատկապես ցցուն է Մոլդովայի պարագան: Այստեղ հակասություն է ծագել երկրի նախագահի եւ կառավարության միջեւ: Դոդանն իր կառավարության քայլը որակել է վրդովեցուցիչ: Թե ինչ շարունակություն կունենա դիվանագետների արտաքսման այս նոր խաղը, դժվար է ասել, բայց մի բան հստակ է, որ այն ուղղված է Ռուսաստան-Եվրոպա հետագա մերձեցում թույլ չտալուն: Այս իրավիճակում Ռուսաստանը, մեր կարծիքով, պետք է գործի շատ զգույշ եւ Մոլդովայի հարցում թույլ չտա այն սխալները, որ եղան Ուկրաինայի դեպքում: Լարվածության նոր օջախներ նրան պետք չեն: Դա ձեռնտու կլինի միայն ԱՄՆ-ին, մինչդեռ Մոլդովայի աստիճանական եվրոպականացումը շատ ավելի նպաստավոր ֆոն կստեղծի ռուս-եվրոպական հարաբերությունների հետագա նորմալացման համար:



Պետք է նաեւ սպասել, որ ԱՄՆ-ն շուտով մարտի կնետի Թուրքիային: Նրան ժանդարմ է պետք Եվրոպայում: Այդ դերի համար Ռուսաստանն այլեւս պիտանի չէ, իսկ Մեծ Բրիտանիան էլ չի կարող հետողորմյա անել Brexit-ը, որպեսզի իր ֆինանսական կենտրոններով բռի մեջ հավաքի Եվրոպան: Թուրքիան արդեն իսկ հայտարարել է ԵՄ-ում ՄԲ ազատված տեղն զբաղեցնելու իր ցանկության մասին, բայց այդ հայտարարությանը հետեւել են իրադարձություններ, որ Թուրքիային հարյուրավոր կիլոմետրեր հետ են շպրտել Եվրոպայի դարպասներից: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո, վերադառնալով Թուրքիա, Էրդողանը նոր հայտարարություն է արել, թե իրեն հաջողվել է ԵՄ անդամակցության գործողությունների մեկամյա ծրագիր կազմել: Կկարողանա՞ ԱՄՆ-ն Թուրքիային խցկել Եվրամիություն: Դժվար թե: Չենք կարծում, որ Էրդողանին հաջողվի մեկ տարում անել այն, ինչ Թուրքիան չի կարողացել անել 50 տարում, մանավանդ, որ վերջին շրջանում առաջացած լարվածություններից հետո, ենթադրվում է, Եվրոպան շատ ավելի խիստ պայմաններ կդնի Թուրքիայի առջեւ:



Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության նվազումը եւ այդ երկրի խրոնիկական կախվածությունը ռուսական տնտեսությունից հիմք են տալիս մտածելու, որ դեռ վաղաժամ է Հարավային Կովկասում քաղաքական եւ աշխարհաքաղաքական խորքային գործընթացներից խոսելը: Պատմությունը հուշում է, որ կովկասյան ճակատում Ռուսաստանը նահանջներ արձանագրել է միայն այն ժամանակ, երբ առճակատման մեջ է եղել Եվրոպայի հետ: Դրանից միշտ օգտվել է Թուրքիան` իր ամերիկյան հովանավորներով հանդերձ: Ասվածի ապացույց է Անդրկովկասի սովետականացման պատմությունը, երբ կարմիր հորդաներից վախեցած Եվրոպան հիացմունքով էր հետեւում, թե ինչպես է իր երեկվա հակառակորդ Թուրքիան «կասեցնում» բոլշեւիզմի առաջընթացն ու մեկը մյուսի հետեւից կլանում հայկական տարածքները: Նույն սխալը կրկնելը, կարծում ենք, միամտություն կլինի Ռուսաստանի կողմից: Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումը Պուտինի համար շանս է ոչ միայն երկիրը միջազգային շրջափակումից դուրս բերելու, այլեւ Չինաստանի, Իրանի եւ ԵՄ-ի հետ հիրավի հզոր երկրորդ բեւեռ ձեւավորելու եւ աշխարհում հակակշռված կայունությունը վերականգնելու համար: Անշուշտ, դրան դեմ չի լինի նաեւ «ծերուկ» Եվրոպան, որին անընդհատ կրկնվող ահաբեկչություններ պարզապես պետք չեն:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ