Կրոնական մամուլը ԱՄՆ-ում․ Մաս երկրորդ

Կրոնական մամուլը ԱՄՆ-ում․ Մաս երկրորդ

Կրոնական համայնքները ԱՄՆ-ում, որպես կանոն, ունեն ամենատարբեր ֆինանսական աղբյուրներ /այստեղ օգտագործում ենք ընդհանուր «կրոնական համայնք» եզրույթը չբարդացնելու համար տեքստը կրոնական կազմակերպություն-եկեղեցի-հարանվանություն-կրոնական միավորում կամ խումբ եւ այլ դասակարգիչ եզրույթներով/, հետեւաբար նաեւ ձեւապես նրանց կողմից տարբեր ԶԼՄ-ների սեփականատեր լինելը միանման չի: Այսպես «Մունի Միավորված եկեղեցի» կրոնական համայնքը իր մասնաճյուզերն ունի աշխարհի ավելի քան 130 երկրում եւ հրատարակում է «Վաշինգտոն թայմս» ընդգծված աջ ուղղվածության օրաթերթը: Այն հիմնադրվել է հարավ-կորեացի քարոզիչ Մուն Սեն Մյոնի կողմից 1982 թվականին մայրաքաղաք Վաշինգտոնում /Կոլումբիայի ԴՇ/ 100- հազար օրինակով: Շատ կրոնական համայնքներ Միացյալ Նահանգներում չունեն անշուշտ նույն հնարավորությունները, ինչ արդեն հիշատակված կրոնական համայնքները, սակայն նաեւ նրանք են փորձում զբաղվել թերթա-ամսագրային բիզնեսով: Նշենք, որ կրոնական համայնքների կողմից պարբերական մամուլի հրատարակությունը, այսօր արդեն նաեւ օն-լայն մեդիա ռեսուրսների ստեղծումն ու վարումը, բավական եկամտաբեր բիզնես է հանդիսանում: Այսպես Նյու Յորքում հրատարակվում է կաթոլիկ ընդգծված աջ կողմնորոշման «Ամերիկա» օրաթերթը 38 հազար օրինակ տպաքանակով, որտեղ կրոնական թեմաներից բացի նաեւ լուսաբանվում եւ վերլուծվում են ընթացիկ ամենից կարեւոր հասարակական եւ քաղաքական թեմաներն ու հիմնախնդիրները: Եթե փորձենք ընդհանրացնել, ապա Միացյալ Նահանգներում, նեղ մասնագիտացված կղերական մամուլի անհրաժեշտություն նույնիսկ չկա էլ, քանի որ նույնիսկ կրոնական թեմատիկայում նույնիսկ ընդհանուր քաղաքական լրահոսն է կարեւորվում:



Բացի այդ, նեղ մասնագիտական կրոնա-կղերական պարբերական մամուլի գործունեությունը որոշ իմաստով սահմանափակված է, քանի որ թիրախային լսարանն էլ սահմանափակվում է միայն որեւէ հավատացյալների խմբի կամ համայնքի շրջանակներում, ինչը իր հերթին նշանակում է, որ այս դեպքում պարբերական մամուլը կորցնում է իր հիմնական դերը, որն ունի որպես քարոզչական միջոց: մինչդեռ որեւէ կրոնական համայնքի ինչպես զուտ հայեցակարգային-հավատքային այնպես էլ սոցիալական-քաղաքական ուսմունքը առավել արդյունավետ հնարավոր է տարածել աշխարհիկ պարբերականներում կրոնական թեմատիկայի արծարծմամբ, հատկապես, որ կրոնական թեմատիկային առնչվող նյութերը այսպես թե այնպես որոշակի խորագրերով են խմբավորված եւ առկա են գրեթե բոլոր պարբերականներում եւ օն-լայն մեդիա ռեսուրսներում: Սովորաբար նման խորագրերը վարում են մասնագետները, ովքեր ունեն աստվածաբանական կրթություն: Միացյալ Նահանգներում գոյություն ունի սերտ գործակցություն կրոնական համայնքների եւ կառույցների լրատվական ծառայությունների, տվյալ համայնքներում ծառայություն իրականացնող հոգեւորականության եւ ԶԼՄ-ների միջեւ: Միացյալ Նահանգներում որեւէ պարբերաթերթ բացելիս երբեք չպետք է զարմանալ, որ նույնիսկ ամենախիստ քաղաքական թեման արծարծելիս նույնիսկ որոշակիորեն կրոնական տերմինաբանություն եւ աստվածաբանական բառապաշար է օգտագործվում:



Որպես օրինակ՝ կարելի է բերել ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին, ում «աստվածավախությունը» նույնիսկ անեկդոտների թեմա է դարձել, քանի որ Ռեյգանն ուներ սովորություն տեղի-անտեղին Աստվածաշնչից մեջբերումներ կատարելու: Նրան Միացյալ Նահանգներում նույնիսկ կատակով «Ռոննի Առաջին Պապ» էին անվանում: Այսպես, հայտնի է, որ Ռեյգանը Բեյրութի ռմբակոծման մասին լրագրողներին պատմելիս ասել է, որ մինչեւ ամերիկյան զինուժին այդ հրամանը տալը կարդացել է Ս. Գիրք եւ հատկապես կենտրոնացել Արմագեդոնի պատմության վրա եւ ապա իր մտքերով եւ տպավորություններով կիսվել Սպիտակ տան իսրայելամետ լոբբիզմով զբավող գործիչներից մեկի հետ: