Մհերի հարսանիքին նման բառեր ասող եղա՞վ․․․

Մհերի հարսանիքին նման բառեր ասող եղա՞վ․․․

Ֆեյսբուքի թիվ մեկ թեման մեր չորս զոհերն են ու երգիչ Մհերի հարսանիքը։ Երկու տողով ուզում եմ անդրադառնալ։



Նախ երջանկություն զույգերին, խաղաղ երկինք։



Ուզում եմ համեմատություն անցկացնել ապրիլյան քառօրյայից  մի երկու օր հետո կայացած մի հարսանիքի հետ։ Ամուսնացողները հայտնի մարդիկ չէին, ոչ էլ նրանց ծնողներն էին հայտնի։ Հարսանքատերը առաջինը խոսեց․



Հարսանիքի սիրելի մասնակիցներ, նախ ներողություն եմ խնդրում իմ ժողովրդից, որ այս ծանր օրն է կայանում հարսանիքը։ Ուզում եմ բացատրել, որ «զալի պատվերը, կազմակերպական մասերը մի ամիս առաջ ենք նախաձեռնել և չէինք կարող հետաձգել։ Առաջին բաժակով հոտնկայս խմենք մեր զոհված տղաների կենդանի կենացը։ Նրանց շնորհիվ այսօր հարսանիքներ ենք անում, նոր ընտանիքներ են ստեղծվում։ Այս հարսանիքով մեր զինվորին ենք պարտական։



Ասաց ու լցվեց։ Սարի պես ամուր տղամարդ էր, սյունեցի։ Ձայնը դողաց, կտրվեց ու լացը խեղդեց նրան։ Մասնակիցները բոլորն էլ հուզվել էին։ Հետո «իրեն հավաքեց» ու շարունակեց․



-Իմ երեխեքի ուրախության համար ներող եղեք։ Խնդրում եմ ամեն ինչ զուսպի մեջ։



Ուզում եմ իմանալ՝ Մհերի հարսանիքին նման բառեր ասող եղա՞վ․․․



Չէ՞ որ չորս քսան տարեկան Զոհ ունեինք։ Վիրավորների մասին էլ չասեմ․․․



Դրանով զույգի երջանկությունն ու ուրախությունը կբազմապատկվեր․․․ Չէ՞ որ ի վերջո նրանց հոգու մեջ էլ է այդ դառը մրուրը եղել․․․



Հասմիկ Բաբաջանյան