Ծառերի հատում չի իրականացվել. մեկնաբանում է քաղաքապետարանը

Ծառերի հատում չի իրականացվել. մեկնաբանում է քաղաքապետարանը

«Ծառերի հատման հետ կապված այդ տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև այնտեղ ծառերի հատում որպես այդպիսին չի իրականացվել».- նշում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։



Արաբկիր համայնքի Հրաչյա Քոչար 25 շենքի բնակիչներն այսօր ահազանգել էին, որ քաղաքապետարանի աշխատակիցներն ինչ-ինչ մաքրման աշխատանքներ են իրականացրել բակում և կտրել խաղողի վազը, նրանք մտավախություն ունեին, որ կկտրեն նաև բակի ծառերը։ «Կացնահարել են արդեն քսան տարուց ավել աճող խաղողի վազերը: Կտրել են նաև մի քանի փոքր ծառ, որի տեղում «բիսեդկա» է նախատեսվում».- ասաց բնակիչներից Նարե Տեր-Գաբրիելյանը։ Մանրամասները՝ հետևյալ հղումով։



Hraparak.am-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանը հայտնեց, որ ծառահատում նախատեսված չէ. «Այնտեղ իրականացվելու է մեր ընդհանուր տարեկան ծրագրով բակերի բարեկարգման աշխատանք։ Բարեկարգման աշխատանքների շրջանակներում տվյալ հասցեում բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղում եղել են վարչական շրջանի պատասխանատուները, թաղապետարանի բնապահպանության վարչությունը, այնտեղ եղել են նաև մասնագետները և տեղում արձանագրել են, որ եղել է կիսաչոր և չոր կախողի վազ, դրա մաքրումն է եղել, որ տարածքը բերվի համապատասխան տեսք, նաև որոշակի ճյուղերի, որոնք բնաշիվեր են կոչվում, բնապահպանները դա լավ գիտեն։ Բնաշիվերը դա ծառը չէ։ Այնտեղ պետք է տեղադրվի նաև լուսատաղավար և մնացած ամեն ինչը, որ բակը բարեկարգ տեսք ստանա»։



Պարոն Գևորգյան, բնակիչների խոսքերով այնտեղ որևէ չոր ճյուղ չի եղել. «Ես էլի կրկնվեմ, որ տեղում եղել են վարչական շրջանի պատասխանատուները և իրենց հավաստմամբ եղել է կիսաչոր վազի հատում, նաև որոշակի ճյուղերի, բնաշիվերի մաքրման աշխատանքներ են տարվել, ուրիշ որևէ բան չկա։ Դա ծառահատում չես կարող համարել, բնապահպանների ձևակերպումներով՝  դա ծառահատում չի համարվում, դա ընդամենը մաքրման աշխատանքներ են»։