Այսինքն՝ մարդը կատարել է հանցանք, հիմա ասում է՝ բոլորն են անում

Այսինքն՝ մարդը կատարել է հանցանք, հիմա ասում է՝ բոլորն են անում

Կիրակի օրը տեղի ունեցած Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը, բարեբախտաբար, անցավ առանց լուրջ հետեւանքների։ «Ալբերտ-տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը Մոսկվայից վերադառնալիս է եղել, երբ Վրաստանի տարածքում, Թբիլիսիից 5 կմ դեպի Հայաստանի սահման վթարի է ենթարկվել։ Ըստ նախնական վարկածի՝ ավտոբուսի վարորդը մեղք չի ունեցել, երթեւեկել է սահմանված արագությամբ (ըստ ընկերության տնօրինության՝ 46 կմ/ժ), նրա դիմացից ընթացող Nissan Tida ավտոմեքենան, որի ղեկին կին է եղել, կտրուկ արգելակել է։ Ավտոբուսն էլ, Tida-ի հետ լուրջ բախումից խուսափելու համար, փախցրել է եւ կողաշրջվել։ Բարեբախտաբար, զոհեր չկան, մի քանի վիրավոր է եղել, որոնք տեղում բուժօգնություն են ստացել, մեկը տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց եւ երեկ արդեն պետք է վերադառնար Հայաստան։ Այս վթարը հերթական անգամ ջրի երես հանեց ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կնճռոտ կողմերը։ Տրանսպորտի նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ «Ալբերտ-տուրը» մասնակցել է մրցույթին, սակայն շահել է Երեւան-Բրյանսկ ուղղությունը, ոչ թե Երեւան-Մոսկվա։ Այսինքն՝ երթուղին անօրինական է եղել։ Բացի այդ, վթարված Scania մակնիշի ավտոբուսն էլ մրցույթին մասնակցած չի եղել ընդհանրապես։ Ստացվում է կրկնակի խախտում։ «Ալբերտ-տուր» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը երեկ մեզ հետ զրույցում բացատրեց, թե ինչու են խախտումով ուղեւորափոխադրում իրականացրել։



«Ուրեմն «Ալբերտ-տուր» ընկերությունը մասնակցել է մրցույթին ու շահել։ Մասնակցել է հինգ մեքենա, որոնցից երկուսը 30 տեղանոց մեքենաներ են, որոնք շահագործվում են միայն ձմեռը։ Երեք մեքենան գծի մեջ աշխատում են։ Էդ երեք մեքենաներն էլ հնարավոր չէ, որ անընդհատ աշխատեն, մեքենան պիտի փոխվի։ Ես իրենց դիմել եմ էդ պահանջով, որ մեքենան գրանցեն։ Երեք-չորս օր առաջ նախարարությունում էինք, նախարարի առաջին տեղակալը՝ Գագիկ Գրիգորյանը թույլատրեց, ասաց՝ կբերեք, երկուշաբթի օրը կգրանցենք։ Մինչեւ էդ չգիտեմ ինչու թույլ չէին տալիս»,- ասաց պարոն Մովսիսյանը։
Նա նաեւ հայտարարեց․ «Հայաստանում այս պահին չկա մի ընկերություն, որ ունի համապատասխան փաստաթղթեր։ Հայաստանում չկա կանոնավոր ուղեւորափոխադրող։ Ես դա Ձեզ փաստացի ասում եմ՝ գոյություն չունի։ Մրցույթն ընդամենը շահել են»։ Ըստ Մովսիսյանի՝ այսօր ոչ մի ընկերություն ավտոկայանից չի մեկնում, այլ իրենց բակերից, ուրիշ հատվածներից։ Մինչդեռ օրենքի պահանջն է՝ մեկնել միայն Հյուսիսային ավտոկայանից։ Ասում է՝ ավտոկայանի տնօրենը փոխվել է, նախկին պայմանագրերը չեղյալ է համարել, նոր պայմանագրեր պետք է կնքեն։



Այս եւ այլ հարցերի շուրջ պաշտոնական պարզաբանում ստանալու համար զրուցեցինք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի հետ։ «Եկեք քննարկենք։ Մարդն ի՞նչ է ասում, ասում է՝ այո, ես չունեմ մրցույթ, ես չեմ շահել, ես իրականացնում եմ Մոսկվա-Երեւան ապօրինի փոխադրում, ես չեմ ուզում կապել վթարն իր ապօրինի լինելու հետ, որովհետեւ դա լրիվ ուրիշ ոլորտից է։ Եվ էդ բոլորից հետո ասում է՝ բոլորն են էդպես անում։ Այսինքն՝ մարդը կատարել է հանցանք, հիմա ասում է՝ բոլորն են անում։ Դա չի արդարացնում, չէ՞, իր արարքը»,- ասաց պարոն Գրիգորյանը։



Ինչ վերաբերում է ավտոկայաններից չմեկնելուն, փոխնախարարը սկզբում հերքեց, ապա մասնակի հաստատեց, որ նման բան կա․ «Ինքը ճիշտ չի ասում։ Մենք հիմա չվացուցակների հաստատման փուլում ենք որոշ երթուղիներում, որոնց շնորհվել է մրցույթով այդ երթուղին, բայց դեռ չեն աշխատում, նույն ձեւի ինքը չէր աշխատում։ «Ալբերտ-տուրը», որը չի ցանկանում օրինական դաշտում աշխատել, ինքը շատ բնութագրական կերպար է այս դաշտում»։ Հետո նշեց, որ պայմանագրի հետ կապված՝ խնդիր չունեն, բայց հաստատեց, որ տնօրեն է փոխվել։ «Պրոցեսը հետեւյալն է․ մենք երթուղին շահելուց հետո սկսում ենք համաձայնեցնել դրա չվացուցակները։ Հիմա որոնք արդեն համաձայնեցված են, դրանք աշխատում են ավտոկայանից, որոնք դեռ չեն համաձայնեցվել, դրանք ընդհանրապես չեն աշխատում, քանի որ դեռեւս հաստատված չվացուցակ չունի»։



Գրիգորյանը նաեւ հերքեց այն, թե «Ալբերտ-տուրը» մի քանի օր առաջ դիմել է նախարարությանը՝ թույլ տալ, որ այդ վթարված ավտոբուսը եւս օրինական շահագործվի, փոխնախարարը խոստացել է, բայց չեն հասցրել՝ կիրակի վթարը եղել է։ Հարցին, թե հիմա ինչ է սպասվում այդ ընկերությանը, նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու, պարոն Գրիգորյանն ասաց․ «Այ, ես էլ եմ ուզում մտածել, թե ինչ անենք։ Օրինակ՝ Դուք ի՞նչ եք առաջարկում անել՝ որպես քաղաքացի»։



Մարատ Մովսիսյանը նշում է նաեւ, որ անկախ նրանից՝ Հայաստանում լիցենզիա շահել են, թե ոչ, մեկ է՝ իրենք Ռուսաստանում խնդիր են ունենում, Մոսկվայում իրենց տուգանում են։ ՏԿՏՏ փոխնախարարն ասաց․ «Ինքն աշխատում է Մոսկվա-Երեւան, որի համար ոչ մի բան չունի, ինչի՞ մասին է խոսքը։ Դրա համար էլ տուգանում են։ Մենք ունենք ՌԴ-ի հետ համաձայնագիր՝ ստորագրված դեռեւս 1992 թվականին, երկու երկրների միջեւ իրականացվող բեռնա եւ ուղեւորափոխադրումների համար, եւ ուղեւորափոխադրումների համար պետք է իրականացվի թույլտվությունների փոխանակում։ Այսինքն՝ մենք չվացուցակը պիտի պատրաստենք, փոխանցենք մյուս կողմին, ինքը հաստատի, ստանա։ Այն մի քիչ ժամանակատար է, բայց ընդհանրապես դժվարություն եւ խնդիր չկա»։



ՀԳ․ Այս պատմությունից տպավորություն է ստեղծվում, որ տրանսպորտի նախարարությունը ոչինչ չի անում դաշտը կանոնակարգելու, ուղեւորափոխադրումներ իրականացնողների շահերը պաշտպանելու, բիզնեսին աջակցելու համար, իսկ երբ նրանք հայտնվում են ֆորսմաժորային վիճակում, մի կողմ են քաշվում եւ մեղքը բարդում մասնավորի վրա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ