Ամենագեր կալանավորները Հայաստանում են. Forbes

Ամենագեր կալանավորները Հայաստանում են. Forbes

Կալանավորների սննդի չափաբաժնի կրճատումը հազիվ թե խելացի որոշում համարվի, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պարագայում` առավել եւս, որովհետեւ սա, ստացվում է, նրա առաջին քայլն է այդ պաշտոնին վերադառնալուց հետո: Խնդիրն այն է, որ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվողներն առանձնապես չէին էլ նեղվում սննդի բավարարությունից, իսկ նոր չափաբաժինների պատճառով ստիպված են լինելու էլ ավելի ձգել գոտիները:



Մարդուն նույն արարքի համար չի կարելի մի քանի պատիժ տալ: Կարող ես 10 հոդվածով նրան մեղավոր ճանաչել եւ դատապարտել պատիժը կրելու որոշակի ժամկետի, որն իր մեջ կներառի տվյալ հանցագործությունը բնութագրող բոլոր հոդվածները: Եթե մարդուն ազատազրկել ես որոշակի ժամկետով, վերջ, դա է նրա պատիժը: Բանտ տանելուց հետո, եթե նա անկարգություններ չի անում, իրավունք չունես լրացուցիչ պատիժներ տալ: Այլ խոսքով` դատարանի վճիռը խախտելու իրավունք ՔԿՀ-ները եւ արդարադատության նախարարությունը չունեն:
Հեշտ է ասել` կա կառավարության որոշում կալանավորների սննդի չափաբաժինների մասին, եւ ձեռքերը լվանալ: Կառավարությունը հենց այնպես նման որոշումներ չի կայացնում: Եվ եթե նա որոշել է նվազեցնել չափաբաժինները, նշանակում է` կառավարության ականջը լցրել են ինչ-որ բիլինաներով, թե մեր կալանավորներն սկսել են չաղանալ: Դա կարող էին անել ֆինանսիստները, առողջապահության եւ արդարադատության նախարարությունները, ոլորտի այլ պատասխանատուներ, որոնք, եթե լինեին իրենց տեղում, մեր երկրում, գուցե, հանցագործությունների թիվը նվազեր, եւ բանտերը չպայթեին «ուտող բերաններից»:



Ոչ մի դատարան չի կարող որոշում կայացնել մարդուն կիսաքաղց վիճակում պահելու մասին: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ եթե մեկն իր ընտանի կենդանուն սովի է մատնում, համապատասխան ծառայությունները կենդանուն վերցնում են նրանից, ընդ որում` դատարանի որոշմամբ։ Հիմա մեր խելացիները որոշել են մարդուն հասանելիք 650 գրամ հացը կրճատել 500-ի: Դրանից հետո ի հայտ են եկել ավելի խելոքներն ու առաջարկել, որ պետք է մյուս բաներն էլ կրճատել` միսը, ձուկը, պանիրը, կարագը, որովհետեւ դրանք առանց հացի չեն ուտվում: Արդար լինելու համար ասենք, որ եթե նախկինում ձու տալիս էին միայն հղիներին (ամսական 8 հատ), նոր սննդակարգով ձու կստանան բոլորը` բայց ամիսը 6 հատ: Սա թերեւս կարելի էր լուրջ առաջընթաց համարել, եթե այս առատաձեռնության արդյունքում հղիները չզրկվեին իրենց հասանելիք 2 ձվից:
Արժե՞ խոսել բանտային սննդի որակի մասին: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ, այսպես կոչված՝ սննդի մեծ մասը հետո տալիս են խոզերին (ես ի՞նչ իմանամ ում խոզերին): Մարդիկ թերսնվում էին դեռ նախկին չափաբաժինների ժամանակ, իսկ ի՞նչ է լինելու հիմա: Բնականաբար, խոզերին սոված չեն թողնելու եւ ավելի վատ սնունդ են տալու կալանավորներին, որ թափվելիքը չպակասի:



Ընդդիմադիր թերթերը գրում են, որ այս քայլով իշխանությունը փորձում է բյուջե լցնել: Սա պարզունակ մտածողություն է: Որոշակի գումար կտնտեսվի, իհարկե, բայց այդ «մելաչովկեն» վերք չի բուժի: Այ, եթե մի հնար գտնեին, որ ժողովուրդն ամբողջությամբ իր վրա վերցներ բանտարկյալների սննդի հարցը, բոլորովին այլ պատկեր ու այլ գումարներ կունենային: Պարտադիր-կամավոր սկզբունքն այս դեպքում կիրառելը մի քիչ հարմար չէ, բայց եթե շատ ուզենան, կանեն: Նախաձեռնություն է պետք` «Ամեն փշալար դեռ փշալար չէ», եւ հաշվի համար, որի վրա կկուտակվեն աշխատանք ունեցող մեր քաղաքացիների 1000-ական դրամները: Մարդիկ սիրով էլ կտան, եթե իմանան, որ օլիգարխներն առաջինն են արձագանքել այդ կոչին: Դրանից հետո կմնա վերջին նյուանսը` վերահսկել, որ այդ գումարով ձեռք բերված սնունդը, հագնելիքն ու անկողնային պարագաները հասնեն մեր կալանավոր հայրենակիցներին: Այսպես ասեմ` այս գործում թափանցիկություն եւ վստահելի մարդ է պետք, պաշտոնը` ՀՀ գլխավոր «տուլիկաբեր» կամ «տուլիկի» համակարգող:



Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամոթ է 21-րդ դարում կալանավորի սննդի հարց քննարկելը: Մեզնից էլ շատ առաջ աշխարհում այդ հարցը քննարկվել է, եւ մեզնից էլ շատ խելոք մարդիկ հաշվել են արդեն, որ կա սննդի որոշակի չափաբաժին, որից ներքեւ չի կարելի իջնել, եթե, իհարկե, չես որոշել վերջնականապես բռնաբարել քեզ վստահված մարդու ճակատագիրը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ