Գայլից շան վերածվելու ուղին

Գայլից շան վերածվելու ուղին

Իր ծննդավայրից հեռու էր հայտնվել շնագայլը՝ ավելի հեռու, քան երբեւէ մտքով կանցներ: Անտառից դուրս ՝ անապատի մի անկյունում, լղարած ոտքերն առաջն էր փռել ու ուժասպառ վեր ընկել: Ու ճանճեր էին հավաքվել՝ պոչի աղտեղությամբ ու դնչի փսլինքով հմայված. այրող արեւին դիմադրելու զորություն էին գտել էդ կյանքի ու մահվան խոնավ արանքում: 



Շնագայլը գիտեր, որ գայլերն իրեն շուն են համարում, շները՝ դեռ գայլ:
Ու չէր փորձել երբեւէ որեւէ բան փոխել՝ ո՛չ գայլերի, ո՛չ էլ շների ընկալման մեջ: Ինքը կարծում էր, որ գայլից շան է փոխակերպվում, բայց, ահա, լռվել-մնացել էր երկուսի արանքում: Հիմա փոխարկումն իրեն կիսատ էր թվում, ու էդ ավելի էր այրում, քան անապատի արեւը: Փոխակերպումն ավելի կյանք էր խլել, քան ուներ իր մեջ՝ բանն ավարտին հասցնելու համար, ու լռվել-մնացել էր շնագայլը՝ կյանքը դեռ ռունգերում, բայց այլեւս ոչ մարմնի մեջ: Ու մի քանի օր, դեռ մի քանի լուսաբաց կպահանջվեր, որ կյանքն իր աղբյուրին վերադառնար. դեռ ուժ էր զգում մարմնում՝ ուժ՝ դիմավորելու էդ մի քանի լուսաբացը:
Գայլերից՝ անտառից հեռացել էր ու ճանապարհ ընկել դեպի բնակավայրերը՝ շները, ու մահը ետեւից հասել էր ճամփի կեսին՝ անապատում:
Ինքն իրեն արդարացված էր համարում, որովհետեւ արել էր հնարավորը՝ կատարել էր ճիշտ ընտրություն ու անցել էր էնքան ճանապարհ, ինչքան ուժը բավարարել էր: Ու հույս ուներ, որ եթե մեռնի էլ, շների մեջ է հարություն առնելու:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ