Ճղճիմ նպատակների համար պետք չի վտանգել Սեւանը. Մովսես Մանուկյան

Ճղճիմ նպատակների համար պետք չի վտանգել Սեւանը. Մովսես Մանուկյան

Հունիսի 23-ին կառավարությունը Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ որոշեց փոփոխություններ կատարել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում եւ 100 միլիոն խմ-ով ավելացնել Սեւանա լճից ջրբացթողումները: Այս որոշման հետ համաձայն չեն բնապահպանները եւ համոզված են, որ դա լուրջ վտանգ է Սեւանա լճի համար, որն ի վերջո կհանգեցնի լճի ճահճացմանը: «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ Մովսես Մանուկյանի կարծիքով՝ այս որոշումը իրականում մի ծրագիր է շահագրգիռ կառույցների համար. «Սեւանի մակարդակի բարձրացմանը այլընտրանք չկա, քանզի պետք է ամեն ձեւով պահպանվի քաղցրահամ ջրի այդ եզակի շտեմարանի որակական հատկությունը: Դրան միտված անհրաժեշտ է նախ անհապաղ դադարեցնել Ամուլսարի տխրահռչակ ծրագիրը: Մեկընդմիշտ պետք ըմբռնել, որ զարգացող աշխարհում շատ մոտ ապագայում մեր միակ լուրջ կռվանը Սեւանն է լինելու, եւ հանցագործություն է այսօրվա ճղճիմ նպատակների համար վտանգել այդ հեռանկարը:



Իսկ հավելյալ ջրառի բաց թողումը հիմնավորված չի: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Արդեն քանի տարի է նախագծային հզորությամբ գործում է Մարմարիկի ջրամբարը 23մլն խմ օգտակար տարողությամբ:



Այդ քանակությունը, ըստ ծրագրի, պետք է նվազեցներ Սեւանից օրենքով բաց թողնվող տարեկան 168մլն խմ-ից: Սակայն որեւէ տեղ այդ ջրաքանակը արտացոլված չէ: Այն դեպքում, որ ջրամբարի բացմանը 2012թ. մայիսի 2-ին Սերժ Սարգսյանը իր խոսքում հստակ մեկնաբանում է ջրամբարի կառուցման նապատակը․ «Տարեկան 23մլն խմ պետք է նվազի Սեւանից օերնքով բաց թողնվող ջրի քանակը»։



Հիշեցնենք, որ Մարմարիկի ջրամբարի վերականգնումն իրականացվել էն Համաշխարհային բանկի «Պատվարների անվտանգության ծրագրի» խնայողությունների հաշվին: Իրականացված մանրակրկիտ ուսումնասիրություների և քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվել է ջրամբարը 55 մ պատվարի բարձրությամբ, 24 մլն մ խորանարդ ընդհանուր և 23 մլն մ խորանարդ օգտակար ծավալով վերականգնման տարբերակին: Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին: Շինարարության արժեքը կազմել է շուրջ 4,874 մլրդ դրամ, որից Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցները` 3,623 մլրդ դրամ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` շուրջ 1,251 մլրդ դրամ:



Ըստ ԷկոԼուրի՝ Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել: Օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով է 1900,73մ: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձր է ընդամենը 2սմ-ով, 2016թ-ի հուլիսի 11-ին այն կազմել է 1900.71մ: Սևանա լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրբացթողումներով: Արդեն իսկ Սևանա լճից իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ-ի ջրառը, որի համար ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը հուլիս 6-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 197.946 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանից դեռ ընդունված օրենքի համաձայն 72.795 միլիոն խմ ջուր էլ պետք է բաց թողնվի:



Նելլի Կարապետյան