Հայաստանը եվ Ադրբեջանը պետք է սթափ գնահատեն իրավիճակը

Հայաստանը եվ Ադրբեջանը պետք է սթափ գնահատեն իրավիճակը

Ի՞նչ է կատարվում այսօր Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ: Թերեւս՝ ոչինչ, եթե հաշվի չառնենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, որի ժամանակ էլ, ըստ էության, որեւէ կոնկրետ խնդիր չի շոշափվելու, եթե նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի նոր անպտուղ հանդիպում կազմակերպելու ջանքերը չհամարենք այդպիսի խնդիր: Բոլորն էլ հասկանում են, որ նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւն սպառել են Արցախի հարցում իրենց ասելիքը, եւ նրանցից նոր բան ակնկալելը, առնվազն, միամտություն է: Միակ բանը, որ կարող է շունչ հաղորդել գրեթե տապալված բանակցային գործընթացին, որեւէ նոր փաստաթղթի ի հայտ գալն է, ինչը քիչ հավանական է, եթե հաշվի առնենք ԵԱՀԿ ՄԽ կիսամեռած վիճակը եւ համանախագահող երկրների տարաձայնությունները: Ես դժվարանում եմ պատկերացնել, օրինակ, թե ինչ համատեղ փաստաթուղթ կարող են կազմել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Արցախի առնչությամբ, երբ այդ երկրներն այսօր հասել են միմյանց տարածքներից դիվանագետներ արտաքսելու, հյուպատոսություններ փակելու, պատժամիջոցներով միմյանց ծնկի բերելու բնագծին:



Օրերս պայթած ադրբեջանա-իսրայելական սկանդալը` կապված իսրայելական արտադրության կամիկաձե-անօդաչու սարքի փորձարկման հետ, վկայում է այն մասին, որ Արցախի հարցը որոշակի առումով հետին պլան է մղվել ՄԽ համանախագահող երկրների համար, ինչից էլ օգտվում են Իսրայելը եւ նրա նման երկրները, որոնք զենք ու տեխնոլոգիաներ են արտահանում հակամարտության գոտիներ: Սա առաջին հերթին վտանգի ազդանշան պետք է լինի Ռուսաստանի համար, որովհետեւ այդ նույն անօդաչու սարքերը կարող են մի գեղեցիկ օր էլ կիրառվել Հայաստանի դեմ, իսկ դա արդեն որոշակի գործողություններ է ենթադրում ՀԱՊԿ-ի եւ, մասնավորապես, Հայաստանի հետ համապատասխան փոխօգնության պայմանագիր ունեցող Ռուսաստանի համար:



Ստեղծված իրավիճակում, երբ տակավին լուծված չէ Սիրիայի հարցը, երբ նոր ու ավելի վտանգավոր խնդիր է հասունանում Կորեական թերակղզում, երբ ամերիկյան պատժամիջոցների սաստկացման արդյունքում կրկին կարող է առաջին պլան գալ Իրանի միջուկային ծրագրերի վերականգնումը, ՄԽ համանախագահող երկրների համար լավագույն տարբերակը, թերեւս, Արցախի հարցի մի որոշ ժամանակով սառեցումն է եւ ոչ թե իներցիայով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ նախագահների անիմաստ հանդիպումներ կազմակերպելը: Միջնորդական առաքելությունը, ի վերջո, շուն կռվացնելը չէ, իսկ համանախագահող երկրների վարքագիծն այս դեպքում հենց դա է հուշում: Իրենք՝ խրված հազար ու մի պրոբլեմի մեջ, փորձում են Հայաստան-Ադրբեջան հանդիպում կազմակերպել: Նույնիսկ ծիծաղելի է:



Իրավիճակը պետք է սթափ գնահատեն նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Դիցուք` Ադրբեջանի կողմից ուղղակի հավկուրություն է այս օրերին իրավիճակը լարելը, որովհետեւ, նույն այս իրավիճակով պայմանավորված, թուլացած են նաեւ Հայաստանի զսպման մեխանիզմները: Այսօր դժվար է պատկերացնելը, որ ԱՄՆ-ն, Հյուսիսային Կորեայի կամ Սիրիայի խնդիրը թողած, Հայաստանին կոչ կանի ձեռնպահ մնալ Ադրբեջանի դեմ համաչափ ու անհամաչափ գործողություններից: Մյուս կողմից էլ ԵԱՀԿ ՄԽ վերջին մի քանի հայտարարությունները, որոնցով իրավիճակը սրելու մեջ միակողմանի մեղադրվեց հենց ադրբեջանական կողմը, վկայում են, որ միջնորդ երկրներն այնքան էլ չեն հավատում «հայկական ագրեսիայի» ադրբեջանածին վարկածին եւ գիտեն, թե այս հակամարտության մեջ ով ով է իրականում:



«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանն իր մամլո ասուլիսում մասնավորապես նշել էր. «Արցախում, ցավոք, անակնկալներ ամեն վայրկյան կարող են լինել, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն դրանց»: Ի՞նչ նկատի ունի Մանուչարյանը` անակնկալներ ասելով: Մեր դեպքում դրանք կարող են լինել խնդրին արհեստական լուծում տալու փորձերը, որոնք կհանգեցնեն իրավիճակի էլ ավելի սրմանը, որովհետեւ չեն կարող արտահայտել հակամարտող կողմերի ձգտումները եւ ավելի շուտ ու առաջին հերթին կբխեն մեծ տերությունների շահերից: Ահա, եւս մեկ փաստարկ Հայաստանի եւ Ադրբեջանի համար` զերծ մնալու կտրուկ գործողություններից եւ պատերազմական հռետորաբանությունից:



Ռուսաստանից արդեն կարծիքներ են հնչում, որ արցախյան խնդիրը պետք է կարգավորել Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով: Ադրբեջանում գուցե ուրախանում են այս նոու հաուից, բայց սա հստակ ակնարկ է Բաքվին, որ Արցախի ճակատագիրը տնօրինողը Ռուսաստանն է, որի հետ Ադրբեջանը չի կարող խոսել նույն տոնով, ինչ որ Հայաստանի:
Կրեմլյան վերլուծաբանների այս արտառոց գաղափարը միանգամայն անընդունելի է նաեւ Հայաստանի ու Արցախի համար, որովհետեւ Արցախն Աբխազիա կամ Հարավային Օսիա չէ, ոչ էլ, մանավանդ՝ Ղրիմ, որոնց ճակատագիրը Ռուսաստանը տնօրինեց միայնակ եւ հայտնվեց չափազանց ծանր կացության մեջ:



Հանրագումարի բերելով ասվածը` հիշենք Ֆինլանդիայի նախագահներից մեկի խոսքերը. «Աշխատիր շատ շուռումուռ չգալ անկողնում, երբ քնած ես արջի գրկում»: Նա, բնականաբար, նկատի ուներ Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի հարեւանությունը: Հայաստանը եւ Ադրբեջանը միանգամից մի քանի արջի գրկում են այսօր քնած, եւ երկուսի շահերից է բխում միառժամանակ հանգստություն պահպանելը, քանի դեռ գերտերություններն իրենց խնդիրներով են զբաղված: Հարավկովկասյան երկու պետություններին էլ չէր խանգարի այս ընթացքում ավելի շատ կենտրոնանալ տնտեսության եւ իրենց ժողովուրդների սոցիալական խնդիրների կարգավորման վրա` փոխանակ դժվարությամբ հայթայթվող փողերը ռազմական ծախսերի տեսքով քամուն տալու: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ժամանակն է, որ մեր հարեւանն ապագայի ավելի մեծ կտրվածքի մեջ կարողանա դիտարկել Արցախի անկախության խնդիրը, որովհետեւ անկախ Արցախը, բոլոր դեպքերում, նրա համար շատ ավելի շահեկան կարող է լինել, քան բռնազավթվածը:



Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ