«Հայաստան» հանրախանութը՝ փակման եզրի՞ն

«Հայաստան» հանրախանութը՝ փակման եզրի՞ն

90-ականներից Երեւանում հայտնի «Հայաստան» հանրախանութն այսօր ամենեւին էլ լավ ժամանակներ չի ապրում։ Տեւական ժամանակ է, ինչ չի գործում հանրախանութի նոր մասնաշենքը։ Իսկ հիմնական մասնաշենքում մի շարք տաղավարներ փակ են։ Մեր այցելության ժամանակ տոնավաճառի առեւտրականները դժվարացան ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում «Հայաստանին», որտեղ նախկինում աշխույժ առեւտուր էր լինում, շաբաթվա բոլոր օրերին այն մարդաշատ էր։ Ոմանք ասացին, որ հանրախանութը վերակազմավորվում է, որոշ տաղավարներ կմիավորվեն, ոմանք էլ խուսափեցին որոշակի պատասխան տալ։ Հանրախանութի նկատմամբ հետաքրքրության նվազումը նրանք պայմանավորում են վերջին տարիներին բազմաթիվ ու բազմազան «Մոլ»-երի բացմամբ, որոնք էլ հրապուրել եւ իրենց հաճախորդների ցանկը համալրել են «Հայաստան» հանրախանութի նախկին այցելուներով։ 



Գործարար Փայլակ Հայրապետյանը, որի անվան հետ է կապվում «Հայաստան» հանրախանութը, մեզ հետ զրույցում ասաց, որ այն գրանցված է իր թոռան՝ Փայլակ Հայրապետյանի անունով։ «Մեր ժողովուրդը սովորություն ունի կառուցելու, եթե մեկը մի բան կառուցում է, մյուսներն էլ տեսնում, ընդօրինակում են։ Մեր հարուստները կառուցել են կիլոմետրանոց մոլեր։ Ասենք՝ Կարապետյանը 20 թե 30 հազար քառ․ մետրանոց մարկետ է բացել։ Աշխարհում կան օրենքներ, թե քանի հազարանոց բնակչության համար ինչ խանութ, խաղատուն են կառուցում։ Ամեն ինչ նորմավորված է։ Իսկ մեզ մոտ ով ինչ ուզում, որտեղ ուզում կառուցում է»,- «Հայաստան» հանրախանութի հետագա գործունեությանը վերաբերող մեր հարցին այսպես արձագանքեց գործարարը։



Նա դժվարացավ ասել՝ կշարունակի՞ գործել «Հայաստան» հանրախանութը, թե՞ ոչ։
«Հայաստանում ինչքա՞ն մարդ է մնացել, որ այդքան խանութներ եւ տոնավաճառներ են բացել։ Կիլոմետրերով միայն խանութներ են բացել, բայց առեւտուր չկա, տերերը չեն կարողանում նույնիսկ հոսանքի վարձը մուծել։ Ես գնացի «Փեթակի» վերեւի խանութները, հարցնում եմ, թե ոնց է առեւտուրը, ասում են՝ եղբայր, Դուք չե՞ք տեսնում, որ ձեռքերս ծալած նստել եմ։ Սա ո՛չ փողի հարց է, ո՛չ խելքի, սա մեր խելոքների ագահության հարցն է։ Ուզում եմ մեր ղեկավարներին եւ ներդրողներին խորհուրդ տալ։ Թող իրենք ոչ թե Թուրքիայի, Չինաստանի համար խանութներ կառուցեն, այլ լավ կլինի, որ գյուղերում կառուցեն մշակման գործարաններ, որ գյուղացին կարողանա իր հողը մշակել։ Իսկ այսպես Հայաստանը դարձել է Չինաստանի եւ Թուրքիայի ապրանքների համար բացված խանութ։ Մենք գնանք Չինաստան կամ Թուրքիա, խանութ բացենք, թույլ կտա՞ն։ Բայց ամբողջ Հայաստանով մեկ Չինաստանի եւ Թուրքիայի ապրանքների համար տոնավաճառներ են բացել։ Ես ընդամենը խորհուրդ եմ տալիս, կընդունեն՝ լավ, չեն ընդունի՝ լավ»,- ասաց գործարարը։