Ում դիմեցինք, չհամաձայնեցին աշխատանքի վերցնել. Հրաչյա Հարությունյանի աներ

Ում դիմեցինք, չհամաձայնեցին աշխատանքի վերցնել. Հրաչյա Հարությունյանի աներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ-ից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը օրերս անցել է պատժի կրման բաց ռեժիմին։ Նրա համար հարազատները աշխատանք էին փնտրում, որպեսզի կարողանա առավոտյան գնալ աշխատանքի եւ երեկոյան վերադառնալ «Նուբարաշեն» ՔԿՀ։



Նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ փեսայի համար արդեն աշխատանք է գտել. «Պետք ա աշխատանքի թղթերը տանենք ՔԿՀ, էնտեղից էլ արդարադատության նախարարություն, որ Հրաչյան կարողանա առավոտ գա աշխատանքի, երեկոյան գնա»։



Հարցին՝ որտե՞ղ է եւ ի՞նչ աշխատանք է կատարելու, Վիկտոր Մարտիրոսյանն ասաց, որ ինքն ունի կազմակերպություն, որտեղ էլ գրանցել է փեսային. «Ում դիմեցինք, չհամաձայնեցին աշխատանքի վերցնել նրան։ Իմ մոտ եմ գրանցել»։



Վիկտոր Մարտիրոսյանը մեզ նաեւ հայտնեց, որ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը այդքան էլ լավ չէ. «Դե, ինքը որ հայրենիքում ա, հայրենիքի օդն էլ իր վրա լավ ա ազդում, բայց դե ցավերը շատ են։ Պիտի վիրահատվի»։



Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Հրաչյայի վիրահատության համար դրամահավաքություն է սկսվել եւ խնդրեց մարդկանց իրենց այս մի հարցում էլ օգնել։



Վիկտոր Մարտիրոսյանը մեզ էր փոխանցել իր անունով բացված հաշվեհամարը, որին կարող են փոխանցում կատարել, ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ դոլարով։
Անելիք բանկ՝ 11814006793500



Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: