Ունենք ապահով այս օրը մեր հերոսների շնորհիվ

Ունենք ապահով այս օրը մեր հերոսների շնորհիվ

«Նարեկացի» արվեստի միության հարկի տակ այս անգամ հյուրընկալվել էին որդեկորույս այն մայրերը, ում որդիները զոհվեցին 2016թ. ապրիլի 2-ին Արցախի սահմանների պաշտպանության համար թշնամու անհամեմատ մեծաքանակ ուժերի դեմ մղված մարտերում:



«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոների շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից պարբերաբար «Նարեկացի» արվեստի միութուն է հրավիրում հերոսացած տղաների մայրերին, հայրերին, երախտագիտությամբ կրկնում, որ նրանց որդիների շնորհիվ ունենք ապահով այս օրը և ընտանեկան ջերմությամբ փորձում գոնե մի քանի ժամով նրանց կտրել իրենց տան «հուշ անկյուններից»:



Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի… Իրենց իգիթ զավակներին հայրենի հողին հանձնած սևազգեստ մայրերին, հայրերին կքած, կորացած, գլխահակ տեսնելով՝ տիկին Մանուշակն ասաց. «Թող գլուխները կախ քայլեն այն մայրերը, ովքեր մարդասպան ու ավազակ որդիներ են մեծացրել, դուք հերոսներ եք մեծացրել, պետք է քայլեք հպարտ, բաց ճակատով»:



Նրանց վշտի անսահման վիհերը այլևս ոչ մի ուրախություն չի լցնի, թերևս միայն այն հպարտությունը, որ իրենց որդիներն արդեն հայ ազգի հերոսացած զավակներն են, և նմանատիպ մեծարման երեկոները նպատակ ունեն ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մենք հիշում ենք ու խոնարհվում ենք նրանց առջև: Արցախաբնակ և հայաստանաբնակ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ բացակա տղերքի՝ դիրքը չլքելու քաջության շնորհիվ է, որ այսօր ունենք Ջրական, Թալիշ, Մարտակերտ: 2016թ. ապրիլից շատ տարիներ կանցնեն, բայց ոչ մի հայ իրավունք չունի մոռանալու այս մայրերին.. Նրանցից շատերը իրենց մինուճար որդիներին, իրենց միակ խնամողին են կորցրել հանուն Արցախի սահմանների անառիկության:



Երեկոյի ընթացքում ցուցադրվեց 90-ականների սկզբից մինչև մեր օրերը Արցախի ազատագրման և պահպանության համար մղված ազգային ազատագրական պայքարի հերոսների մասին պատմող տեսաֆիլմ նախաբանով՝ «Ունենք ապահով սեպտեմբեր մեր հերոսների շնորհիվ, նրանք չշարունակեցին իրենց սեպտեմբերը» և հախվերդյանական անզուգական «Կարմիր կակաչները»՝ միշտ արդիական երգի հնչողությամբ.



Գնացին տղերքը ու կորան հեռվում,



Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում…



Դահլիճում բոլորը լուռ ափսոսանքով արտասվում էին, տիկին Մանուշակը խնամքով հավաքել էր մերօրյա հերոսների մանուկ և մեծ հասակի լուսանկարները և զետեղել ֆիլմում: Նրանցից շատերը չէին հասցրել ճաշակել ամուսնության, հայր լինելու բերկրանքը: Իսկ ով հայր էր արդեն, ծաղկուն տարիքում այրիացած նրանց կանայք, փոքրիկ որդիներն ու դուստրերը այստեղ էին ու դիտում էին իրենց հերոս հայրերի մասին ֆիլմը: Ցուցադրվեց նաև 90 ականների սկզբին Արցախում նկարահանված ուշագրավ մի տեսանյութ, որում 12 տարեկան տղաներին Մոնթեն հարցնում է.



- Դուք զինվոր պիտի ըլլաք:



- Այո, հինգ տարուց:



- Կհաղթեք այս պատերազմը:



- Այո...



Ու հաղթեցինք: Ինչպես նշվում է ֆիլմում՝ միջուկային զենքի այս դարում մենք ստիպված էինք սկսել մեր ազգային ազատագրական շարժումը մեր պապերի ժանգոտած հրացաններով, դեսից դենից ձեռք բերած, պատառոտված զինվորական համազգեստով, ինքներս մեզնով հաղթանակած: Ըստ ներկայացված տվյալների արդեն երկու տասնամյակ և ավելի շարունակվող այս պայքարի ընթացքում ունեցանք 10500 վիրավոր, 9400 հայորդիներ հավերժ հանգրվանեցին հայոց հողում: Հավաստենք, որ մեր հասարակության, մեր սերնդի մտածելակերպն ու վերաբերմունքն այսօր շատ է տարբերվում, 90 ականների հերոսները՝ հաշմանդամ դարձած, կամ զոհվածների ընտանիքները հաճախ անուշադրության մատնված ու անտեսված, իրենց վշտի ու խնդիրների հետ մեն մենակ ապրեցին: Այսօր համացանցի շնորհիվ նաև գրեթե ոչ մի հերոս կամ հերոսի ընտանիք անտեսված չէ, կա նաև պետական հոգածություն, և այդ միջոցները, ի տարբերություն անցած քսանամյակի, այսօր հասնում են նրանց ընտանիքներին: Մեր կողքին ապրող հերոսները և մեզանից հեռացած հերոսների ընտանիքները մշտապես մեր ուշադրության, հոգածության կարիքն ունեն…



Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ