Տարածքներ պուրակներում ու զբոսայգիներում՝ շների համար

Տարածքներ պուրակներում ու զբոսայգիներում՝ շների համար

Շնասերներն այսուհետ կարող են խնդիրներ չունենալ։ Առանց շների Երեւանի կենտրոնում զբոսնող քաղաքացիներն էլ առիթ չեն ունենա տրտնջալու եւ իրենց զայրույթը թափելու ազատ, անկաշկանդ թրեւ եկող շների եւ նրանց տերերի վրա։ Ի վերջո, ոչ բոլորին է հաճելի, երբ փողոցում քայլելիս կամ պուրակում նստած ժամանակ նրան անակնկալ հպվում է ինչ-որ մեկի շունը։ Նորմալ երկրներում վաղուց են մտածել մարդկանց եւ կենդանիների զբոսանքը մեկտեղելու արդյունավետ տարբերակների մասին, որպեսզի երկուստեք չառաջանան դժգոհություններ։



Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել պուրակներում ու զբոսայգիներում շների զբոսանքի համար նախատեսված վայրերի նախնական առաջարկները։ Ըստ երեւույթին՝ Երեւանի քաղաքապետարան դժգոհությունների մեծ չափաբաժին է հասցեագրվել, եւ հիմա մեզ մոտ էլ են մտմտում այդ հարցն ինչ-որ ձեւով լուծելու մասին։



Քաղաքապետի տեղակալը հանդիպման ժամանակ նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է շների զբոսանքի համար նախատեսված տարածքների կահավորման հետ կապված միջազգային փորձը և ընդգծել, որ այդ հարցում քաղաքապետարանն ակնկալում է տարբեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը և դոնոր կառույցների աջակցությունը:
Դինգո թիմ հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե որտեղ են շնասերների համար տարածքներ հատկացվելու։



Օվսաննա Հովսեփյանը նշեց միայն, որ իրենք հանդիպել են Դավիթ Օհանյանի հետ, նա էլ ՀԿ-ներին է ներկայացրել բոլոր վարչական համայնքներից թաղապետերի ներկայացրած տարածքները։ Իսկ առաջարկվող տարածքները տեսնելու համար նրանք օրեր անց պետք է միասին կատարեն շրջայց։