Դատական համակարգը վերցնում է իրեն նետված ձեռնոցը

Դատական համակարգը վերցնում է իրեն նետված ձեռնոցը

Պարզվեց՝ խեղճ ու խոնարհ, պատվերներ կատարող եւ իշխանություններին հնազանդորեն ծառայող դատավորների համբերությունն էլ սահմաններ ունի եւ նրանք պատրաստ են հնազանդ լինել մինչեւ որոշակի սահմանը։ Իսկ երբ իշխանությունը սկսում է խախտել այդ սահմանը եւ որոշ գործերով խնդրել-թելադրելը վերածվում է կամայական ու բռի միջամտության, նրանք սկսում են ընդվզել։ 

Իհարկե, ամեն ինչ սկսվեց դատարանների դռները փակելու հիստերիկ քայլից, որն ամբողջ աշխարհին ապշեցրեց։ Բայց այն ժամանակ դեռ տաք էինք ու մտածում էինք՝ մարդու նյարդերը տեղի են տվել, ոչինչ, սա մի դիպված է, ուշքի կգա, կհասկանա, որ երկրի ղեկավարը չի կարող նման կերպ իրեն պահի, կգիտակցի իր պաշտոնի կարեւորությունն ու այլեւս այդպես կոպտորեն չի միջամտի դատական համակարգի գործերին։ Պարզ է, որ նախկիններն էլ էին միջամտում, բայց ոչ այդքան կոպիտ ու անթաքույց։ Բայց անցավ ժամանակ եւ հասկացանք, որ դատարանները շրջափակելը պատահական նոպա չէր, այլ կոնկրետ քաղաքականություն եւ վրեժ։ Գուցե՝ ժամանակին իրեն հետապնդելու, գուցե՝ վաղուցվանից ձեւավորված կոմպլեքսների, գուցե՝ ամեն ինչ կառավարելու մոլուցքի արդյունքում ի հայտ եկած։ 

Հետո էլի դրսեւորումներ եղան՝ «ինչի կա դատավոր, որ վարչապետի ասածը չանի՞», հետո դատավորներին անվանեց «պատերի տակ վնգստացողներ», որոնք «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»։ Իսկ երբ վնգստացող որակումը համընդհանուր վրդովմունք առաջացրեց, ոչ թե ներողություն խնդրեց, այլ հայտարարեց․ «Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է»։ Ապա ասուլիսում ավելի ամրապնդեց․ «Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է»։

Բայց եթե առաջին փուլում ընդամենը որակումներ էր տալիս, վարկաբեկում ողջ համակարգը, հայտարարություններ անում ու ատամներ կրճտացնում, ապա հետագայում սկսեց անհատական ու կատաղի պայքար մղել կոնկրետ դատավորների նկատմամբ։ Նախ, քրեական գործ հարուցեցին եւ օրենքի կոպտագույն խախտումներով հեռացրին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որի նկատմամբ մինչ օրս ոչ կարողանում են դատապարտող դատավճիռ կայացնել, ոչ վերջնականապես ազատել պաշտոնից, որ կարողանան ընտրել ԲԴԽ նախագահի պաշտոնին բացարձակապես անօրինական կարգված Գագիկ Ջհանգիրյանին։ 

Հետո բեսպրեդելի կանոնների սկզբունքով վերացրեցին դատական գործերի մակագրման համակարգը եւ հիմա քաղաքական գործերը մակագրում են իրենց ուզած մարդկանց։ Արդարադատության նախարար նշանակվեց իր աբիժնիկությամբ եւ դատական համակարգի հանդեպ ատելությամբ հայտնի անձ։ Հետո ստեղծեցին կալանք քննող դատավորների հատուկ դատարան, որտեղ միայն կամակատարներն են ընդունվում։ Բայց պարզվեց՝ այսքանն էլ բավական չէ։ Էլի պատահում են գործեր, որոնցով Փաշինյանի կամքը չի կատարվում եւ հիմա սկսվել է վերջին փուլը՝ անհատ դատավորներին պատժելու։ Ընդ որում դա արվում է անգրագետ, ցինիկ ձեւով։ Ամիսներ առաջ ինչ որ գործով կալանքի որոշում է կայացրել մարդը, որտեղ իրավաբանները խախտում չեն տեսնում, իսկ դատախազությունը տեսնում է։ Դատավորը վարչական ակտ է կայացրել՝ մերժել Լուսավոր Հայաստանի հայցը, որը ոչ միայն անօրինական էր, այլեւ ծիծաղելի, դատավորի նկատմամբ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վարույթ է հարուցում։

Եւ այս ամենը լցրեց դատավորների, գոնե անկախ եւ գրագետ դատավորների համբերության բաժակը։ Նախօրեին ԲԴԽ-ի՝ դատավորների պաշտպանելուն կոչված մարմնի, որոշումը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրելու մասին, իսկական փոթորիկ է առաջացրել դատական համակարգում։ 

Դատավորները դիմել են Վճռաբեկ դատարանի նախագահին՝ դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ 67 դատավոր է ստորագրել այդ գրության տակ, որտեղ ասվում է․

«Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,
դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը»:

Իսկ այսօր հայտարարությամբ են հանդես եկել Վարչական դատարանի բոլոր դատավորները, որոնք վրդովված են նրանից, որ արդարադատության նախարարը դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին: 

նման հիմքով կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնելը խիստ մտահոգիչ է և մեր կողմից դիտարկվում է որպես ճնշման փորձ:

Գրել են նաեւ․ «Նման գործելաոճով ՀՀ արդարադատության նախարարը փաստացի կարող է ցանկացած դատավորի նկատմամբ, ցանկացած գործով, ցանկացած դատավարական ակտի վերաբերյալ միջնորդություն հարուցել և դատավորին ստիպել, որպեսզի վերջինս իր ամենօրյա ծանրաբեռնված աշխատանք իրականացնելու փոխարեն ներկայացնի գրավոր բացատրություններ, ներկայանա Բարձրագույն դատական խորհրդի նիստերին և անցնի ավելորդ ապրումների միջով, որոնք միայն կխոչընդոտեն իր բուն առաքելությանը: Վերոգրյալի արդյունքում արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը և ակնկալում ենք, որ հետայսու ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տեղի կունենա բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում և միայն ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում»:

Նման ապօրինություններ, նման բեսպրեդել եւ տեռոր դատարանների նկատմամբ երեւի մեկ էլ եղել է սովետական բռնապետության վաղ շրջանում։ Անգամ ուշ սովետական շրջանում այսպես անամոթաբար չեն միջամտել դատարանների աշխատանքին եւ դատավորներին չեն պատժել՝ օրենքին ծառայելու եւ իրենց պարտականությունները կատարելու համար։ Ահա այսպիսին է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած դատական համակարգը։ Ահա այս մեթոդներն ու բռնաճնշումներն են խրախուսում Եւրոպական կառույցները եւ Եվրախորհուրդը, որը ժողովրդավարության աճ է տեսնում մեր երկրում եւ անգամ դա գրում իր զեկույցներում։